Երևանում մեկնարկել է Բարձր տեխնոլոգիաների շաբաթը, որի ընթացքում անցկացվելու են ՏՏ խոշոր միջացառումներ (տեսանյութ)
30-09-2016 16:42:42 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Երևանում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 7-ը հայտարարված է Բարձր տեխնոլոգիաների շաբաթ: Մեկ շաբաթ շարունակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ առնչվող քաղաքացիները բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու 12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի բացմանը, եվրասիական ցանցային օպերատորների կոնֆերանսին, ինտերնետ կառավարման համաժողովին, ցանցային օպերատորների վարժանքներին:
Ինչպես սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Արմիքս» ինտերնետ-տրաֆիկի փոխանակման հանգույցի տնօրեն Վահան Հովսեփյանը, եվրասիական ցանցային օպերատորների կոնֆերանսը կայանալու է հոկտեմբերի 3-4-ին և նվիրված է ինտերնետի տեխնիակական գործունեության կազմակերպմանը, ինտերնետի զարգացմանը,անվտանգությանը և բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են ինտերնետ հանրությանն ու ինտերնետ կառավարմանը:
Ըստ նրա`այս միջոցառմանը մասնակցելու են մոտ 250-ից ավելի մասնակիցներ. «Միջոցառման բացման արարողությանը մենք սպասում ենք նաև ՀՀ վարչապետի և նորանշանակ նախարար` Վահան Մարտիրոսյանի այցելությանը, ինչպես նաև 10-ից ավելի երկրներից ժամանող մասնագետներին»,- ասաց նա` հավելելով, որ կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք թույլ կտան Հայաստանին ևս այս ոլորտում ցույց տալ սեփական հնարավորություններն ու առավելությունները:
Անդրադառնալով ԴիջիԹեքին` Վ. Մարտիրոսյանն ընդգծեց, որ այն դարձել է ՏՀՏ տարածաշրջանային խոշոր միջոցառում, ինչը փաստում է ոլորտում Հայաստանի առաջատար լինելու մասին:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Լիաննա Գալստյանի խոսքերով` ԴիջիWeek-ը շատ կարևոր միջոցառում է այն առումով, որ մասնակիցները համատեղ ուժերով կարողացել են կազմակերպել տարածաշրջանում իր ազդեցությունն ունեցող նման տեխնոլոգիական տոն:
«Խոսելով ինտերնետ կառավարման համաժողովի մասին` պետք է ասեմ, որ այս տարի մենք երկրորդ անգամ ենք այն կազմակերպում. Հայաստանում գործում է ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներկայացված են բոլոր շահառու կողմերը և հիմնական միջոցառումը հենց այդ համաժողովի կազմակերպումն է»- նշեց Լ. Գալստանը և ավելացրեց, որ այս համաժողովին մասնակցելու համար ևս գրանցվել են շուրջ 130 մասնակիցներ:
Նրա փոխանցմամբ` համաժողովի բանախոսների թվում են Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելգիայից ժամանած մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներով և փորձով կիսվելու են համաժողովի մյուս մասնակիցների հետ, իսկ տեղի մասնագետները ներկայացնելու են Հայաստանում առկա խնդիրները կապված ՏՏ ոլորտի հետ:
Լ. Գալստյանի խոսքերով` համաժողովի ընթացքում լինելու են ելույթներ և դիսկուսիոն քննարկումներ, որոնք նվիրված են հետևյալ թեմաներին` «ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերներ», «Անձնական տվյալների պաշտպանության կիրառումն առօրյայում», «Շուկա ներխուժած OTT ծառայությունների կարգավորումները», «Սոցիալական ցանցը որպես բիզնես գործիք», «Կիբեռանվտանգություն», «Ոչ հավաստի տեղեկատվական աղբյուրների դեմ պայքար»:
«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հանրությունը այդքան էլ տեղյակ չէ, թե տեղեկատվության որ աղբյուրն է հավաստի ու վստահելի, հետևաբարայս թեման մեզ համար շատ արդիական է»,- ասաց Լ. Գալստյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` համաժողովի ֆորմատը բաց է և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել: