ՀՀ-ում ՏՏ ոլորտի արդյունավետության մակարդակը մոտեցել է զարգացած երկրների համապատասխան ոլորտի արդյունավետության մակարդակին. Բագրատ Ենգիբարյան


ՀՀ-ում ՏՏ ոլորտի արդյունավետության մակարդակը մոտեցել է զարգացած երկրների համապատասխան ոլորտի արդյունավետության մակարդակին. Բագրատ Ենգիբարյան

  • 05-10-2016 13:13:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Հայաստանում ՏՏ ոլորտի արդյունավետության մակարդակն արդեն մոտեցել է զարգացած երկրների համապատասխան ոլորտի արդյունավետության մակարդակին»,- հայկական ինտերնետ համաժողովի ընթացքում իր ելույթի ընթացքում փաստում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 
 
Վերջինիս խոսքերով` ընդգրկված զբաղվածության թվով վերջին տարիների ընթացքում Հայաստանում գործող ամենախոշոր ոլորտը դարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը. այն նաև ամենաբարձր աշխատավարձով գործող ոլորտն է:
Բ. Ենգիբարյանի փոխանցմամբ` Հայաստանը վերջապես հասել է այն նշանակետին, որն ընդգրկում է 50 հազար աշխատատեղ զուտ տեխնիկական բնույթի: 
«Սեկտորի ավելի քան 60 տոկոսն ավելի փորձագիտական միտվածություն ունի,  կարելի է ասել ամենախոշոր շուկաներից մեկն է ամբողջ աշխարհում. վերջին տարիների ընթացքում հատկապես ԱՊՀ երկրների ձեռնարկությունները սկսել են շատ ավելի ակտիվանալ այս ոլորտում` աշխատելով արդեն համաշխարհային կտրվածքով»,- նշեց ՁԻՀ ղեկավարը` հավելելով, որ  հայաստանյան ձեռնարկությունները շատ բարեհաջող կերպով համագործակցում է նրանց հետ:
Նրա կարծիքով` Հայաստանում ոլորտի զարգացման հարցում կարևոր դեր ունի Սփյուռքը, որին է պատկանում ոլորտում արվող ներդրումների ամենամեծ տոկոսը: 
Կարևորելով ՏՏ ոլորտում կրթական մակարդակը` Բ. Ենգիբարյանն ընդգծում է, որ Հայաստանի հիմնական մրցակցային առավելությունը շարունակում է մնալ կրթությունը. «Ավելի քան 60 բարձրագույն կրթական գործող հաստատություններ  կան երկրում, դրանց մեծ մասն ունեն որոշակի ՏՏ կողմնորոշում, մասնավորապես, 15-ը` շատ ակտիվ են ՏՏ կրթության բնագավառում և խորը հմտություններ են տալիս»:
ՁԻՀ  ղեկավարի գնահատմամբ` հայաստանյան կրթական հաստատությունները հաղթահարում են իրենց առջև դրված խնդիրները, նոր ուսումնական ծրագրեր են ներդնում համապատասխան սեկտորի զարգացման համար, որը շատ արագ է կատարվում:
Միաժամանակ Բ. Ենգիբարյանը կարծում է, որ պարզապես հույսը դնել բուհերի վրա զբաղվածության մակարդակն ապահովելու համար դեռ ճիշտ չի լինի, այլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն զարգացման մոդելների վրա, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում: 
Մասնագետը փաստում է. «Սեկտորի պահանջարկն արդեն իսկ բարձրացել,  հասնել է 2000-ից ավելի  մասնագետների, մոտավորապես  տարեկան 20 տոկոս աճ է ցույց տալիս, անդադար նոր աշխատույժի կարիք կա: Կարևորն այն է, որ  Հայաստանը յուրահատուկ և ունիկալ դեր ունի համաշխարհային շուկայում, քանի որ սա մի երկիր է, որտեղ բազմազգ և տեղական կազմակերպությունները փնտրում են լուծումներ իրենց շատ առանձնահատուկ խնդիրներին, ինչը մեր առջև նոր մարտահրավերներ է առաջացնում»: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ