2016թ․ խորհրդարանական ընտրությունները. Թվեր, եզրակացություններ


2016թ․ խորհրդարանական ընտրությունները. Թվեր, եզրակացություններ

  • 10-10-2016 10:45:31   | Վրաստան  |  Քաղաքական

 
 
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում պետք է ձևավորվի նոր Կառավարությունը։ Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցել է 1 814 276 ընտրող, ինչը կազմում է ընտրության ձայնի իրավունք ունեցող (3 513 884 քաղաքացի)երկրի քաղաքացիների ընդհանուր քանակի 51.63%-ը։
 
Երկրի 1 699 608 քաղաքացի (48,37%) որոշակի պատճառներով հրաժարվել է ներկայանալ ընտրատեղամաս և դրանով իսկ արտահայտել իր քաղաքացիական դիրքորոշումը։
Հայաբնակ Ջավախքում ընտրողների ակտիվությունը կազմել է 50.45%։ Այդ կերպ Ախալքալաք-Նինոծմինդա նորաստեղծ ընտրատեղամասում գրանցված 51 843 քաղաքացիներից ընտրություններին է ներկայացել 26 153 մարդ։ Ջավախքի 25 690 բնակիչ ընտրությունների օրը որոշել է այլ գործերով զբաղվել։
Նախնական տվյալների համաձայն՝ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական շրջանում ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը։ Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Մկոյանի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 15 731 մարդ (63,42%)։ Եթե խորանանք պաշտոնական տվյալների մեջ, դժվար չէ հաշվել, որ Վրաստանի Իններորդ համագումարի Խորհրդարանում «Ջավախքի ներկայացուցչի» ճակատագիրը որոշել է Ջավախքի ընտրողների ընդհանուր քանակի մոտավորապես 31-32%-ը։ Շրջանի ընտրողների 68-69%-ը մտածելու տեղ ունի...
Ինչ վերաբերում է այլ պաշտոնական տվյալներին՝ չնայած որ ամբողջ երկրի մասշտաբով ընտրությունները դեռևս չեն ավարտվել (շատ մեծամասնական շրջաններում քվեարկության երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն կա), Իններորդ համագումարի Խորհրդարանի հայ պատգամավորների հարցն արդեն պարզ է։
2016-2020թթ․ Վրաստանի Խորհրդարանում կաշխատեն 3 ազգությամբ հայ պատգամավորներ։ Երեքն էլ ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը:
Հետաքրքիր է, որ ադրբեջանաբնակ ընտրական շրջաններում (4 ընտրական շրջան՝ ընտրության իրավունք ունեցող 192 530 քաղաքացիների ընդհանուր քանակությամբ) ընտրություններում ընտրողների մասնակցության ակտիվությունը ամենացածրերից մեկն է եղել՝ 39-45%։
Այն դեպքում, եթե Մառնեուլիի երկրորդ ընտրաշրջանում (գրանցված ընտրողների քանակը 47 832 մարդ) այնուամենայնիվ, քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն ծագի, և եթե հաղթի Ակմամեդ Իմամկուլիև թեկնածուն («Միացյալ Ազգային Շարժումից»), ապա երկրի հաջորդ խորհրդարանում կաշխատեն ազգությամբ ադրբեջանցի 4 պատգամավորներ։
Դեռևս հայտնի է երեք ադրբեջանցի պատգամավորների մասին, ովքեր հայտնվել են երկրի Խորհրդարանի կազմում՝ Մառնեուլիի առաջին ընտրաշրջանի մեծամասնական երեսփոխանը (Ռուսլան Գաջև), մեծամասնական ներկայացուցիչ Գարդաբանիից (Սավալան Միրզոևը) և «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Մախիր Դարզիևը։
 
http://armenian-community.ge/News/2130
Նոյյան տապան  -   Քաղաքական