Սերժ Սարգսյանի պատասխանը Պուտինին եւ Ալիեւին. Մեկնաբան


Սերժ Սարգսյանի պատասխանը Պուտինին եւ Ալիեւին. Մեկնաբան

  • 10-10-2016 18:17:15   | Հայաստան  |  Վերլուծություն

ՌԴ նախագահ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը հոկտեմբերի 10-ին մեկնում են Թուրքիա, որտեղ մասնակցելու են Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին:
 
Սերժ Սարգսյանն էլ հոկտեմբերի 10-ին մեկնում է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ անցկացվելիք ներդրումային համաժողովին, որի նպատակն է Հայաստան ներգրավել նոր ներդրումներ:
Հայտարարվել է նաեւ, որ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում կունենա երկկողմ հանդիպումներ: Թե ում հետ են դրանք, չի մանրամասնվում, եւ պարզ չէ` երկողմ հանդիպումներ կլինեն ներդրումային համաժողովին մասնակից խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, թե ներառելու են նաեւ ԱՄՆ պաշտոնական շրջանակներ:
Չի բացառվում, որ մանրամասներ չեն հրապարակվում այն պատճառով, որ երկկողմ հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածությունների գործընթացը դեռեւս շարունակվում է, եւ երեւի թե վերջին պահին պարզ կլինի, թե ԱՄՆ կառավարության ինչ շրջանակի հետ կհանդիպի Սերժ Սարգսյանը:
Հետաքրքիր է, երբ Հայաստանի կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ պլանավորել է Նյու Յորքում կազմակերպվելիք ներդրումային Վեհաժողովը, արդյոք ժամկետների առումով նկատի է առնվել Թուրքիայում կայանալիք Էներգետիկ կոնգրեսի հանգամանքը, որտեղ կարող էր ենթադրվել Պուտինի, Ալիեւի մասնակցությունը, եւ ըստ այդմ նախատեսվեր, որ Անկարայում այդ «հավաքի» ֆոնին Սերժ Սարգսյանն էլ մեկներ ԱՄՆ:
Կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Թուրքիա մեկնելուց առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ էր ունեցել Արցախի հակամարտության թեմայով եւ հայտարարել, թե միջազգային հանրությունը Ադրբեջանին փորձում է պարտադրել Արցախի անկախության ճանաչում, սակայն Ադրբեջանը երբեք չի գնա դրան: Ալիեւը հերթական անգամ քննադատել էր Արեւմուտքին Հայաստանի օգտին դիրքորոշման համար, իսկ կարգավորման հեռանկարի բացակայության մասին ԱՄՆ պետքարտուղար Քերիի հայտարարությանը տվել էր բացասական գնահատական:
Ալիեւն Արեւմուտքի հետ ունի իհարկե իր խնդիրները, որտեղ Արցախի հակամարտությունը միջոց է, ոչ թե պատճառ: Հազիվ թե Ադրբեջանը գտնվում է Արցախի անկախությունը ճանաչելու պարտադրանքի տակ: Ավելին, կարգավորման հեռանկարի բացակայության մասին Քերիի հայտարարությունը կարող է վկայել նույնիսկ հակառակի մասին: Ալիեւի վրա չկա այդպիսի պարտադրանք: Իրավիճակն Ադրբեջանի համար երեւի թե ավելի վատ է, այն իմաստով, որ հայտարարվում է կարգավորման հեռանկարի բացակայության մասին: Եվ եթե դա հայտարարվում է պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարության ուղեկցությամբ, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանին պարտադրվողը բոլորովին այլ, Ալիեւի համար առավել անընդունելի բան է` հաշտվել ստատուս-քվոյի հետ եւ կնքել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի վերաբերյալ համաձայնություն, որը կստեղծի Արցախի հակամարտությունը «սառեցնելու» նոր իրավիճակ:
Այդ իրավիճակը ձեռնտու չէ թե Ալիեւին, թե Մոսկվային, թե Անկարային: Ինչ խոսք, դրա համար չէ, որ Ալիեւն ու Պուտինը մեկնում են Անկարա: Օրինակ, Պուտինն այնտեղ ունի քննարկելու ավելի կարեւոր հարցեր: Դրանց համատեքստում իհարկե կարող են շոշափվել Արցախին առնչվող խնդիրներ, եւ Ալիեւն էլ կփորձի օգտվել դրանից: Բայց, միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը թերեւս լավ է պատկերացնում այն, որ թե Մոսկվայի, թե Անկարայի համար Արցախի խնդիրը ներկայում հրատապություն չունի:
Թերեւս հենց այդ գիտակցմամբ է Ալիեւը Անկարա ուղեւորությունից առաջ փորձել Արցախի խնդրում ներկայացնել միջազգային հանրության պարտադրանքի մի վիճակ, այդպիսով փորձելով գրավել թե Մոսկվայի, թե Անկարային ուշադրությունը, մեծացնել նրանց հետաքրքրությունը Արցախի եւ այդ ուղղությամբ Ադրբեջանի խնդիրների հանդեպ:
Բայց, գոնե առայժմ թե Մոսկվան, թե Անկարան առավելագույնը, որ անում են, հրադադարի մեխանիզմի ներդրման հարցում Ադրբեջանի հանդեպ Արեւմուտքի պահանջը արգելափակելն է:
Այդ իրավիճակն ու հեռանկարները անկասկած նշանակալից հանգամանք են Հայաստանի հանդեպ պոտենցիալ ներդրողների վերաբերմունքի մասով, եւ Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին կփորձի դա օգտագործել ամերիկյան այցի ընթացքում:
Այցից առաջ Սարգսյանը ներքին առումով կատարեց նշանակալից քայլ` հիմնավորապես փոխելով կառավարությունը, փոխելով ոչ թե անձերի, այլ նաեւ բնույթի տեսանկյունից: Դա ազդակ է ներդրողներին, թեեւ նրանց իհարկե առաջին հերթին հետաքրքրելու է այն, թե մարդկանց տեսակի փոփոխությունը ինչքանով է հանգեցնելու խաղի կանոնների փոփոխության:
Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ ներդրողներին հետաքրքրելու է նաեւ տարածաշրջանային իրավիճակն ու Արցախի խնդրում հեռանկարները: Այստեղ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ միայնակ հաղորդել ազդակներ, եւ չի բացառվում, որ երկկողմ հանդիպումներում առանցքային խնդիրը կլինի դա: Չի բացառվում, որ Սարգսյանն այդ հարցում կփորձի հայցել ԱՄՆ կառավարության օժանդակությունը, որի խոսքը կամ ազդակները ներդրողների համար կունենան էական նշանակություն:
Կաջակցի՞ ԱՄՆ կառավարությունը այդ հարցում: ԱՄՆ դրական տրամադրվածությունը արտահայտվել է գրեթե մշտապես, բայց միաժամանակ շատ հստակ են եղել հարցադրումներն ու բարեփոխումների ակնկալիքները Հայաստանի կառավարությունից: Այդ առումով Հայաստանի իշխանության շատ կոնկրետ քննարկումներից կախված կլինի, թե Արցախի հարցում ներդրողներին ինչպիսի ազդակ կհաղորդի Վաշինգտոնը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն