Ադրբեջանը անգամ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
տոտալ ինֆորմացիոն պատերազմ է տանում,- հայտարարում է Հայաստանի
օմբուդսմանը
10-02-2010 16:30:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտը Ադրբեջանը փորձում է վերածել իր տեղեկատվական
պատերազմի հիմնական հարթություններից մեկը, եւ շատ դեպքերում
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է լինում
միջազգային ատյաններում խոսել ոչ թե մարդու իրավունքներից, այլ
որոշ առումով դառնալ ազգային, քաղաքական գործիչ: Այս մասին
փետրվարի 10-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Մենք տոտալ
ինֆորմացիոն պատերազմի մեջ ենք գտնվում, եւ ես կոչ եմ անում ամբողջ
հանրությանը իրոք հաշվի առնել դա եւ մեկ բռունցք դառնալ»,- ասաց
նա, հավելելով. «Մենք ուզենք, թե չուզենք յուրաքանչյուրս պետք է
կարողանանք սատար կանգնել նաեւ մեր ազգային շահերին, որովհետեւ
մարդու իրավունքները եւ ազգային, պետական շահերը միահյուսված են»:
Միաժամանակ Ա.Հարությունյանը նշեց, որ այդ միասնությունը
չպետք է լինի մեխանիկական. պետական ապարատը պետք է իրոք շրջվի դեպի
շարքային քաղաքացին: Պաշտպանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Լեռնային
Ղարաբաղի օմբուդսմանը դարձել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի
անդամ, ինչից հետո Ադրբեջանը իր դեսպանատների, այլ երկրների
խորհրդարանների եւ բարեկամների միջոցով «շատ լուրջ հարձակումներ էր
սկսել»` փորձելով հասնել Ղարաբաղի օմբուդսմանի անդամակցության
չեղյալ համարվելուն, սակայն ապարդյուն:
«Դա պատճառ դարձավ, որ մենք ընդհանրապես քննարկենք մնացած
չճանաչված երկրների օմբուդսմանների անդամակցության որեւէ մի
տարբերակ, որովհետեւ մարդու իրավունքները քաղաքական
կոնյուկտուրայից վեր են»,- ասաց Ա.Հարությունյանը, ընդգծելով, որ
«դե ֆակտո» ձեւավորված, սակայն «դե յուրե» չճանաչված
պետություններում եւս կան մարդու իրավունքների խնդիրներ, ուստի եւ
դրանք քննարկելու եւ լուծելու անհրաժեշտություն: