ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող «ՍՈՐՍ» հիմնադրամին


ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող «ՍՈՐՍ» հիմնադրամին

  • 18-11-2016 12:10:35   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաները հաճախ մեկուսանում են՝ սահմանափակվելով ընտանիքի անդամների հետ շփումով և հոգեպես կախում ձեռք բերելով մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Դա խոչընդոտում է ոչ միայն նրանց՝ տարիքի համապատասխան սոցիալացվելու դինամիկային, այլև՝ ընտանիքի կյանքի բնականոն ռիթմին: Խնամակալ ծնողը ստիպված է լինում հրաժարվել աշխատանքից, ինքնադրսևորվելու և ընտանիքի բարեկեցությանը նպաստելու հնարավորությունից:
 
Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում երեք տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաև նրանց ընտանիքներին: 2016 թվականին իր աջակցությամբ հիմնադրամին է միացել ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նրանց համար իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը:
 
2016թ.-ի ընթացքում, ոլորտի առաջատար կազմակերպությունների և մասնագետների կողմից կազմակերպվել է մասնագիտական հատուկ նոր ուղղության՝ անհատական օգնականի վերապատրաստման 51 դասընթաց, ինչի արդյունքում շուրջ 50 մասնագետից 15-ը որպես հիմնական աշխատող և 5-ը՝ որպես փոխարինող, արդեն մտել են 32 ընտանիք: Նրանք ապահովում են երեխայի 8- ժամյա խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում:
 
Մանկավարժ-օգնականներից և համակարգող հատուկ հինգ մասնագետից կազմված թիմին կարճ ժամանակահատվածում հաջողվել է հասնել զգալի արդյունքի. բարելավել ընտանիքի կյանքի որակը,  ստեղծել երեխայի համար՝ ինքնադրսևորվելու, իսկ մայրիկների համար՝ աշխատելու հնարավորություն: Անհատական օգնականները տիրապետում են ոչ միայն նեղ մասնագիտական, այլև  բժշկական որոշ գիտելիքների, որոնց շնորհիվ կարողանում են անհրաժեշտ խնամք իրականացնել: Մանկավարժ-օգնականները երեխաների հետ աշխատում են  տանը, դպրոցում և վերականգնողական կենտրոններում:  Գործում է նաև վերահսկողության մեխանիզմ: Յուրաքանչյուր շաբաթ 3 մասնագետից կազմված խումբն այցելում է ընտանիքներ՝ կազմում երեխայի հետ աշխատելու շաբաթվա անհատական պլան և կարգավորում երեխա-օգնական-ծնող հարաբերությունները:
 
«ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարևոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է համախբել խնդրի կարգավորմամբ բազմակողմանիորեն զբաղվող տարբեր կազմակերպությունների, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին և օգտակար լինել երեխաներին:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play