Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան


Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

  • 30-04-2024 13:05:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Սիրելի քաղաքացիներ, մի պահ պատկերացրեք՝ ԱԺ-ն ընդուներ այս հայտարարությունը: Ի՞նչ էր փոխվելու ՀՀ-ի և Ադրբեջանի համար՝ ոչինչ»․ այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած նախագծին։
 
«Մեր գործընկերները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ միջազգային փաստաթուղթ է մեզ առաջարկվել, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ առաջնորդվեք սրանով, մեծամասնությունը դեմ է: Խոսքը վերաբերում է բացարձակապես միջազգային իրավունքի որոշ՝ կտոր-կտոր հավաքած մոտեցումների, որոնք ոչ ոք չի կիսում և չի էլ կարող կիսել»,- ասաց նա։
 
Պատգամավորի խոսքով՝ եթե խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրի մասին, Ալմա Աթայի հռչակագիրն ասել է շատ հստակ՝ եթե ձևավորում եք անկախ պետություններ, ձևավորելու եք այդ անկախ պետությունները նախկին մետրոպոլիայի վարչական սահմաններով:
 
«Որևիցե շփման գծի հիման վրա հիմնված սահման չկա և չպետք է լինի: Այն արտահայտությունը, որ դուք փորձում եք, ցավոք, մանիպուլյատիվ ձևով օգտագործել՝ հղում կատարելով 1970 թվականի Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի վրա, այնտեղ օգտագործվում է «Демаркацио́нная линия», և խոսքը վերաբերում է աշխարհում ճանաչված դեմարկացիոն գծերի, որոնք առնչվում են, օրինակ՝ Հյուսիսային և Հարավային Կորեային, Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա դեմարկացիոն գծին, դեմարկացիոն գծին, որը գոյություն է ունեցել Հյուսիսային և Հարավային Վիետնամի միջև սահմանված, միջազգային փաստաթղթերով հստակեցված, որոնք որևիցե եղանակով չեն դիտարկվում որպես պետական սահման»,- հայտարարեց նա:
 
Տիտղոսը տարածքի նկատմամբ և տարածքի փաստացի վերահսկողությունը, ըստ պատգամավորի, միանգամայն տարբեր բաներ են:
 
«Մենք արձանագրում ենք, որ Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա»,- եզրափակեց խոսքը Վարդանյանը:
 
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում էր նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության» նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն:
 
Որոշումը չընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, դեմ՝ 51, ձեռնպահ՝ 0:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play