Վարչապետը հորդորել է հանգիստ թողնել գարեջրի շուկան


Վարչապետը հորդորել է հանգիստ թողնել գարեջրի շուկան

  • 18-11-2016 16:04:07   | Հայաստան  |  Վերլուծություն

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությանը, մասնավորապես գարեջրի շուկայում վերջերս կատարված ուսումնասիրությանն ու Երեւանի գարեջրի գործարանի համար սահմանված 110 միլիոն դրամ տուգանքին, որպես գերիշխող դիրքի չարաշահման հետեւանք։
 
Դա դժգոհություն էր հարուցել գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի մոտ, ով հայտարարել էր, թե հարցը լուծելու է դատական կարգով։ Հակոբյանը նաեւ մի քանի հայտարարություն էր արել այն մասին, թե չգիտե՝ մնալ եւ հարկեր մուծել Հայաստանում, թե գնալ Հայաստանից։
Կառավարության նիստում խնդրին անդրադարձել է Մոսկվայից վերադարձած վարչապետ Կարեն Կարապետյանը, անելով փաստացի քաղաքական հայտարարություն, քանի որ զուտ իրավականորեն նա չունի ՏՄՊՊՀ գործունեությանը միջամտելու իրավունք։ Վարչապետն արձանագրելով այդ հանգամանքը, հորդորել է հանձնաժողովին հանգիստ թողնել գարեջրի շուկան, որտեղ կան մի քանի խաղացողներ, եւ զբաղվել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներով, որի կապակցությամբ են արտահայտվող մտահոգությունները։
Փաստացի, գարեջրի առիթով Կարեն Կարապետյանն արել է տողատակերում բավականին լուրջ ազդակներ եւ հաղորդագրություններ պարունակող քաղաքական հայտարարություն։ Փաստորեն նա անուղղակիորեն բարձրաձայնել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության անարդյունավետությունը։ Միաժամանակ, Կարապետյանը մատնանշել է թիրախների ընտրության խնդիրը, ինչից հարց է առաջանում՝ ինչու՞ է հանձնաժողովը կատարել “սխալ” ընտրություն եւ բաց թողել առաջնային անհրաժեշտության ապրանքների շուկան։ Միաժամանակ, վարչապետը փաստորեն Արտակ Շաբոյանին խորհուրդ է տալիս զբաղվել օրինակ Սամվել Ալեքսանյանի գործունեությունն ուսումնասիրելով, եւ նաեւ այլ օլիգարխների, որոնց վերագրվում են առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման մոնոպոլիաներ։
Խոշոր հաշվով, ՏՄՊՊՀ ուղղված հորդորով, վարչապետը նաեւ “չեղարկում” է իր նախորդի՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, կապված մենաշնորհների հետ։ Մայիսի 18-ին Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ խրոխտ հրովարտակով, որով հայտարարեց պայքար մենաշնորհների դեմ, հանձնարարելով ուսումնասիրել մենաշնորհային ոլորտներն ու զեկուցել, հետո ներկայացնել դրանց դեմ պայքարի մեխանիզմներ։ Մի քանի ամիս հետո Հովիկ Աբրահամյանը նույնքան խրոխտ հայտարարեց, թե ուսումնասիրությունները պարզել են, որ մենաշնորհների հետ կապված գնահատականները չափազանցված են։
Այժմ, Կարեն Կարապետյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հորդորելով ստուգել առաջնային ապրանքների շուկաները, փաստացի քաղաքական գնահատական է տալիս Հովիկ Աբրահամյանի այդ արշավին եւ վերանայում դրա եզրակացությունը։
Դա տեղի է ունենում անուղղակի, բայց բավականին նկատելի, շոշափելի տողատակով։ Իհարկե վարչապետի հորդորը լիարժեք քաղաքական քայլի վերածվելու համար ունի հստակեցման անհրաժեշտություն, բայց անգամ անուղղակի շեշտադրման պարագայում այն փաստացի մարտահրավեր է այդ ոլորտներում լայն եւ արտոնյալ գործունեություն ծավալած օլիգարխիային, նաեւ ակնարկով այն կասկածի, որ ՏՄՊՊՀ-ն գործում է հենց այդ օլիգարխիայի շահերի շրջանակում։
Դրան զուգահեռ, առկա է մի ուշագրավ հանգամանք։ Թեեւ Կարեն Կարապետյանը չունի ՏՄՊՊՀ հանդեպ որեւէ իրավասություն, բայց փոխարենը նա տիրապետում է ՊԵԿ-ին, իր համար լիովին վստահելի ղեկավարի՝ Վարդան Հարությունյանի ղեկավարությամբ, որը այդ կառույց տեղափոխվեց Գազպրոմ Արմենիա ընկերությունից, որտեղ տեւական ժամանակ եղել էր Կարեն Կարապետյանի տեղակալն ու նրանից հետ զբաղեցրել ընկերության ղեկավարի պաշտոնը։
Վարդան Հարությունյանը գլխավորում է մի կառույց, որը միարժեքորեն կարող է բացահայտել առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաներում առկա պատկերը վարչապետի համար։ Արդյո՞ք Կարեն Կարապետյանը դրան զուգահեռ փորձում է դնել նաեւ ՏՄՊՀՀ-ն իր քաղաքական ազդեցության տիրույթ բերելու հարցը, այդ կառույցում էլ փորձելով տեսնել իր համար վստահելի ղեկավարի։ Համենայն դեպս, նրա հորդորի քաղաքական տողատակերը բավականին հետաքրքիր են։ Եվ հատկապես ուշագրավ է, որ այդ առաջին հայացքից ոչ կոշտ, սակայն խորքային առումով բավականին լուրջ ներիշխանական շահեր եւ տիրույթներ շոշափող հայտարարությունը նա անում է վարչապետի պաշտոնում Մոսկվա կատարած առաջին այցից անմիջապես հետո։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն