Հայաստանի ԳԱԱ-ում տեղի է ունեցել Միջազգային աստղագիտական<br /> տարվա փակման հանդիսավոր արարողությունը<br />


Հայաստանի ԳԱԱ-ում տեղի է ունեցել Միջազգային աստղագիտական
տարվա փակման հանդիսավոր արարողությունը

  • 28-12-2009 16:06:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ԳԱԱ-ում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Միջազգային աստղագիտական տարվա (ՄԱՏ-2009, IYA-2009) փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանն ամփոփվել են աստղագիտական տարվա ընթացքում աշխարհում եւ Հայաստանում անցկացված միջոցառումների արդյունքները: Հայաստանը աստղագիտական տարին նշել է մի շարք միջոցառումներով, որտեղ գլխավոր տեղը զբաղեցրել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված տոնակատարությունը: Գիտնականի ծննդյան օրը` սեպտեմբերի 18-ը, Հայաստանում հայտարարվել էր աստղագիտության օր: ՀՀ նախագահի կողմից սահմանվել էր Վ.Համբարձումյանի միջազգային մրցանակ, իսկ Երեւանում բացվել աստղաֆիզիկոսի հուշարձանը: Բյուրականում տեղի են ունեցել Բյուրականյան երկրորդ ամառային դպրոցը ԵՊՀ ուսանողների համար, «Աստղագիտությունը եւ հասարակությունը» թեմայով Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) տարեկան համաժողովը, Հայ-ֆրանսիական աստղագիտական խորհրդակցությունը, «Համակարգչային գիտություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT-2009) գիտաժողովի նստաշրջանը, դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը, հայ մեծանուն աստղագետների հոբելյաններին նվիրված սեմինարներ: Անցկացվել է «Ես եւ Տիեզերքը» թեմայով պատանի նկարիչների ցուցահանդես-մրցույթը, իսկ ԵՊՀ-ում եւ Երեւանի մի շարք դպրոցներում` գիտահանրամատչելի դասախոսություններ: Լիովին նորացվել եւ հարստացվել է Հայկական աստղագիտական ընկերության ինտերնետային կայքէջը (www.aras.am), որտեղ այժմ լիարժեք տեղեկություններ են տեղադրված հայկական աստղագիտության վերաբերյալ: Ըստ ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության, աստղագիտությանը ցուցաբերած աջակցության համար պատվոգրերի են արժանացել «Վիվասել», «Ապավեն», «Անտարես», «Էդիտ Պրինտ», «Արայ» ընկերությունները, աստղագիտության լուսաբանման համար` «Արմենպրես» տեղեկատվական գործակալությունը, «Արմենպրես»-ի լրագրող Լուսինե Մարտիրոսյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղյանը, աստղագիտական կրթության մեջ դերի համար` Մարիետա Գյուլզադյանը: Գիտության մեջ ունեցած երկարամյա վաստակի համար ՀՀ ԳԱԱ վաստակագրեր են հանձնվել Արթուր Նիկողոսյանին, Արմեն Գյուլբուդաղյանին, Նորայր Մելիքյանին, Արտաշես Պետրոսյանին, Տիգրան Մաղաքյանին եւ Հայկ Հարությունյանին: Գիտության մեջ ցուցաբերած հաջողությունների համար ՀՀ ԳԱԱ պատվոգրեր են ստացել Տիգրան Մովսիսյանը, Աշոտ Հակոբյանը, Կամո Գիգոյանը, Ելենա Նիկողոսյանը, Սմբատ Բալայանը եւ Արեգ Միքայելյանը: Աստղագիտության մեջ ունեցած վաստակի համար Բյուրականի աստղադիտարանի եւ Հայկական աստղագիտական ընկերության կողմից Լյուդվիկ Միրզոյանի անվան մրցանակ է շնորհվել Էլմա Պարսամյանին: Հայտնի աստղագետ Փիշմիշի անվան մրցանակը շնորհվել է Ելենա Նիկողոսյանին` որպես լավագույն կին աստղագետի, իսկ Լուսինե Սարգսյանը պարգեւատրվել է Հայկական աստղագիտական ընկերության Երվանդ Թերզյանի անվան երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակով: Մրցանակներով պարգեւատրվել են նաեւ միջազգային աստղագիտական օլիմպիադայում հաղթող դպրոցականները` Հայկ Հակոբյանը եւ Հայկ Թեփանյանը: Միջազգային աստղագիտական տարվա հանդիսավոր փակումը տեղի կունենա 2010թ. հունվարի 9-10-ին Իտալիայի Պադուա քաղաքում անցկացվելիք գիտաժողովի ընթացքում:
Նոյյան տապան  -   Հասարակություն