«Որոշակի հիմունքներով կազմակերպված պետություն ունենալու ամբիցիաներ մենք չունենք».Արամ Աբրահամյան


«Որոշակի հիմունքներով կազմակերպված պետություն ունենալու ամբիցիաներ մենք չունենք».Արամ Աբրահամյան

  • 15-12-2016 12:46:12   | Հայաստան  |  Վերլուծություն

aravot.am Հաճախ լսում եմ, որ մեր ներքին եւ արտաքին խնդիրները պայմանավորված են «կողմնորոշմամբ»: ԵԱՏՄ-ից դուրս գանք եւ մտնենք Եվրամիություն, ՀԱՊԿ-ը թարգենք, միանանք ՆԱՏՕ-ին, եւ ամեն ինչ լավ կլինի:
 
Նախ` այդ արեւմտյան կառույցներում մեզ ոչ ոք չի սպասում: Երկրորդ` հաշվի առնելով Ռուսաստանի անկանխատեսելիությունը՝ պետք է պատրաստ լինել այդ երկրի հերթական կոլապսին եւ, հետեւաբար, մտքում այլընտրանքներ ունենալ: Բայց այսքանով հանդերձ՝ պարզունակ երկատվածությունը, որը հիմնված է «ճիշտ» կամ «սխալ» կողմնորոշման վրա, առնվազն միամիտ մոտեցում է: Սադամը եւ Կադաֆին «սխա՞լ» կողմնորոշում ունեին: Բայց երբ նրանց երկրները փորձեցին ուղղորդել դեպի «ճիշտ» կողմնորոշում, արդյոք դա երջանկություն եւ խաղաղություն բերե՞ց այդ երկրներին: Ընդհանրապես ո՞վ շահեց «արաբական գարունից»: Ի վերջո՝ ոչ ոք, այդ թվում նաեւ` այդ «գարնան» արեւմտյան կազմակերպիչները: Միայն գլխացավանքն է ավելացել: Բոլորի համար: Ասացեք խնդրեմ, ինչո՞վ է Պորոշենկոն Յանուկովիչից լավը: Պակաս կոռումպացվա՞ծ է: Ավելի «եվրոպակա՞ն» է: Ինչ-որ առանձնահատուկ բարեկեցությո՞ւն է բերել Ուկրաինայի քաղաքացիներին: Ոչ, նա նույն հետխորհրդային «վերնախավի» ներկայացուցիչ է` բարոյական եւ պետական նույն պատկերացումներով: Այո, ռուսները բռնակցել են Ղրիմը, քաղաքացիական պատերազմ են հրահրել Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում, որին անմիջականորեն մասնակցում են` այդպիսով «մուռ հանելով» կողմնորոշման փոփոխության համար: Իսկ Ուկրաինայի մնացած մարզերում կարգուկանո՞ն է հաստատվել, տնտեսական ա՞ճ է գրանցվել: Դրա համար է ինձ թվում, որ խնդիրը ոչ թե կողմնորոշումն է, այլ արժեքները եւ, եթե ուզում եք իմանալ, հավակնությունները: Եվրոպացի լինելը, իմ ընկալմամբ, կապ չունի ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի, առավել եւս, իհարկե` ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում լինեն անկախ դատարաններ, իշխանությունների տարանջատում, խոսքի եւ հավաքների ազատություն, իրական, մրցակցային շուկայական հարաբերություններ, իշխանության ընտրելիություն: Այդ ամենը հնարավո՞ր է առանց ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի: Ինձ թվում է՝ այո: Եվ այստեղ է գալիս ամբիցիաների հարցը: Արդյոք մեր հասարակությունը, մեր քաղաքացիների ակտիվ կազմակերպված մասն ունի՞ նման հավակնություններ: Ես խիստ կասկածում եմ: Հարուստների, իշխանավորների մասին խոսել` խնդրեմ: Փրկիչներին սպասել` իհարկե: Նույն հարուստներից ողորմություն խնդրել` ինչքան ուզեք: Բայց որոշակի հիմունքներով կազմակերպված պետություն ունենալու ամբիցիաներ մենք չունենք:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն