Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մոտ 100 երեխաներ մասնակցել են ամանորյա տոնական երկօրյա միջոցառման


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մոտ 100 երեխաներ մասնակցել են ամանորյա տոնական երկօրյա միջոցառման

  • 26-12-2016 13:23:36   | Հայաստան  |  Բարեգործություն

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Ներքին Կարմիր աղբյուր, Բաղանիս և Բերքաբեր գյուղերի մոտ 100 երեխաներ մասնակցել են ամանորյա տոնական երկօրյա միջոցառման Թուֆենկյանի Ավան Ձորագետ հյուրանոցում:
 
«Նվիրիր տոն» նախագծի շրջանակներում դեկտեմբերի 23-ին մեկնարկած ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացել են ավանդական հոլ խաղի կանոններին, մարզվել «Սթրիթ Վորքաութի» թիմի տղաների հետ և բացահայտել փողոցային մարզումների գաղտնիքները, այցելել 360 աստիճան կինոթատրոն և դիտել աշխարհի արարման մասին պատմող ֆիլմ, սեփական ձեռքերով պատրաստել ամանորյա խաղալիքներ և լուսանկարվել սիրված դերասաններ  Միհրան Ծառուկյանի, Արփինե Գաբրիելյանի, Վաչե Թովմասյանի և Անատի Սաքանյանի հետ: 
Ծրագրի երկրորդ  հատվածում երեխաներին  ուրախ ժամանց է պարգևել Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը` հայկական հեքիաթների մանրապատումներ ներկայացնելով,  և Ձմեռ պապն իր անհամար նվերներով: 
Տոնական միջոցառումը սահմանամերձ բնակավայրերի փոքրիկների համար կազմակերպել էր «Ե Փրոդաքշն» (Yerevan Productions) ընկերությունը` ՀՀ Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո:
Խոսելով նախագծի նպատակների և նախաձեռնության առաքելության մասին` «Ե Փրոդաքշն» (Yerevan Productions) ընկերության տնօրեն Ալիսա Մուրադյանն իր խոսքում նշել է.
«Ամեն տարեվերջ «Ե Փրոդաքշնս» ընկերությունը տարին  ամփոփում է որևէ բարեգործական նախաձեռնությամբ: Մեր ուշադրության կենտրոնում միշտ  եղել են  ոչ միայն մանկատները, այլև սոցիալապես անապահով ընտանիքներն ու սահմանամերձ գյուղերում բնակվող մանուկները. նրանց բոլորի համար մենք միշտ փորձում ենք մի հիշարժան նախագիծ իրականացնել: 
Այս տարի որոշեցինք  իրականացնել «Նվիրիր Տոն» փառատոնը,  որի շրջանակներում   փորձեցինք  Ամանորի շեմին իսկական տոն նվիրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին` նվիրելով նրանց երկօրյա  ուրախ  ծրագիր  Թուֆենկյանի Ավան Ձորագետ հյուրանոցում: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց ովքեր միացան  և աջակցեցին նախաձեռնությանը, մասնավորապես`  Տավուշի մարզի մարզպետարանին, Վաչե Թովմասյանի տիկնոջը` Գայանե Մանուկյանին որպես այս միջոցառման գաղափարակիր  և աջակից, Թուֆենկյան հյուրանոցի  տնօրինությանը, մեր ընկերներին ու գործընկերներին` շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչներին, «Սթրիթ Վորքաութ»-ի թիմին, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» կորպորացիային, Lumen թիմին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում  հատկապես Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական  ղեկավարին և դերասաններին: Հուսով ենք, որ «Նվիրիր տոն» փառատոնն այսուհետ կդառնա շարունակական և մենք կկարողանանք ամեն տարի ավելի շատ երեխաների  անմոռաց տոն պարգևել»:
Երեկոն ամփոփվել է գունազարդ ու պայծառ հրավառությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play