Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումը<br /> վտանգավոր է Հայաստանի ժողովրդի համար,- գտնում է Ալեք Ենիգոմշյանը<br />


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումը
վտանգավոր է Հայաստանի ժողովրդի համար,- գտնում է Ալեք Ենիգոմշյանը

  • 20-11-2009 15:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայոց ցեղասպանությունը առ այսօր Թուրքիայի կողմից շարունակում է մնալ չճանաչված, Արեւմտյան Հայաստանը` բռնազավթված, իսկ Սփյուռքի իրավունքները` ոտնահարված»,- նոյեմբերի 20-ի քննարկմանը հայտարարեց «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Ենիգոմշյանը: Նա նշեց, որ հայ-թուրքական շարունակվող հակամարտության պայմաններում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը վտանգավոր է Հայաստանի ժողովրդի համար: Այդ հարաբերությունների կարգավորումը, ըստ Ա.Ենիգոմշյանի, ձեռնտու է միայն Հայաստանի իշխող վարչախմբին` ինչպես սեփական բիզնեսն ընդլայնելու, այնպես էլ արտաքին աշխարհի աչքում բարձրանալու առումով: Նա հավելեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարից խուսափելու համար Հայաստանը նախեւառաջ պետք է լուծի իր ներքին քաղաքական, սոցիալական եւ բարոյահոգեբանական խնդիրները: «Մեր գլխավոր խնդիրը երկրի ներքին առողջացումն է»,- նշեց Ա.Ենիգոմշյանը` նկատելով, որ ներկայիս ընդդիմությունը չի կարող լուծել այդ խնդիրը, եւ հետեւաբար «պետք է կազմակերպվեն» առաջադեմ, հայրենասեր ուժերը: «Սարդարապատ» շարժման կազմկոմիտեի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշեց, որ Թուրքիան վերջին տասնամյակում մեծ խնդիրներ ունի ազգային փոքրամասնությունների հետ: «Այն, ինչ մենք հիմա անվանում ենք «Թուրքիա», վերացական հասկացություն է, քանի որ Արեւմտյան Հայաստանի մեծ մասը բնակեցված է քրդերով»,- ասաց նա: Տ.Խզմալյանի դիտարկմամբ, անհրաժեշտ է մշակել ծրագիր, որը թույլ կտա ընդհանուր շահեր գտնել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում` համշենահայերի հետ: «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով, վերջին ամիսներին իշխանությունները փորձում էին ապացուցել, թե իբր հայ ժողովրդի մեծ մասը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Մենք պետք է մի ձեւ գտնենք իրական պատկերը ցույց տալու, ժողովրդի իրական տեսակետը բարձրաձայնելու համար, եւ դա անենք այնպես, որ այլեւս ոչ ոք կասկածի տակ չդնի այդ տեսակետը»,- ասաց Ժ.Սեֆիլյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play