Երիտասարդությունը որոշել է չներել Հաց բերողի սպանությունը


Երիտասարդությունը որոշել է չներել Հաց բերողի սպանությունը

  • 21-03-2017 18:35:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը

 

Պարոն Ենիգոմշյան, Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը բուռն արձագանք ունեցավ հասարակության մեջ։ Տեսակետ կա, որ Հաց բերողի մահը փոխում է իշխանության գծած սցենարը, և հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ։ Համամի՞տ եք։

 

Ժողովուրդը ընդհանրապես և հատկապես ակտիվ մասը՝ երիտասարդությունը, որոշել է չներել Հաց բերողի սպանությունը, ոճիրը, և մենք դրա ականատեսն ենք։ Այս ընթացքն արդեն քանի օր է շարունակվում է և շարունակվելու է՝ անկախ որևէ առանձին անձերի կամ կառույցների ցանկությունից։ Սա ինքնաբուխ պոռթկում է, և դժվար է ասել, թե այս երևույթի զարգացումը ուր կհասնի։ Մյուս կողմից, պետք է նաև ընդունել, որ քաղաքական մթնոլորտը գնալով շիկանում է և այս ամենը հղի է ավելի բարդ զարգացումներով։

 

Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը։

 

Ժողովրդի ինչ-որ հատված արդեն ընդվզման և անզիջում պայքարի փուլ է մտել և դա ծավալվելու բոլոր տվյալները պարունակում է իր մեջ, և եթե դառնա ավելի մասսայական, ապա այդ ընդվզումը կդառնա իսկական ժողովրդական ընդվզում։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց դրա նախադրյալներն արդեն կան, և դրանք արդարացված նախադրյալներ են։ Եվ կարծում եմ առաջիկա օրերը ներկա վարչախմբի համար այնքան էլ հանգիստ օրեր չեն։

 

ՕՐՕ-ի ներկայացուցիչներն այս օրերին մասնակցում են երթերին։ Իշխանությունն ասում է, որ նրանք դիվիդենտներ են փորձում ստանալ իրենց այս քայլով։ Ինչպե՞ս եք գնահատում։

 

Որևէ մեկը իրավունք չունի վետո դնել և ասել, որ քաղաքական ուժերը չպետք է մասնակցեն այս գործընթացին, և խոսքը կոնկրետ մեկ քաղաքական ուժի չի վերաբերում, իմ ասածն ընդհանրական է, եթե կան նման միտումներ, դա չի կարելի քննադատել այնքան ժամանակ, որքան դա ազնիվ մասնակցություն է և նպատակ չի հետապնդում դիվիդենտներ շահելու։ Եվ եթե ՕՐՕ-ից մասնակցում են և այդ մասնակցությունն ազնիվ է, դա պարզապես պետք է ողջունել և ոչ այպանել, բայց երբ երևա, որ այնտեղ քարոզչական նպատակներն ավելի տեսանելի են, արդեն ուրիշ խնդիր կդառնա, բայց ես այս պահին պատճառներ չունեմ նման բան ասելու։

 

ԵԼՔ դաշինքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ էին ներկա Արթուրի մահվան օրը՝ հիվանդանոցում, ՕՐՕ-ից Վարդան Օսկանյանը, Արմեն Մարտիրոսյանը մասնակցեցին առաջին օրերի երթին, բայց դա ընկալվում է որպես ազնիվ մղումով արված քայլ։ Այն պահին, երբ բացահայտ կերևա, որ այդ ամենը այլ նպատակներ է հետապնդում, ՕՐՕ-ն թե մեկ այլ քաղաքական ուժ, մեր կողմից կքննադատվի, կմեղադրվի, բայց եթե կա ազնիվ միտում, ոչ թե իրավունք չունենք արգելք հանդիսանանք, որ նրանք մասնակցեն, ընդհակառակը, պետք է ողջունել, այսինքն՝ կա սահմանագիծ՝ ազնվության և քարոզչական նպատակների հետապնդման միջև։

 

Պարոն Ենիգոմշյան, Սասնա ծռերը շարունակո՞ւմ են աջակցել ՕՐՕ-ին, թեև տարիներ շարունակ նշել եք, որ ընտրական գործընթացներով Հայաստանում որևէ փոփոխության հնարավորություն չեք տեսնում։

 

Սասնա ծռերի կողմից ՕՐՕ-ին աջակցելու հայտարարություն որպես այդպիսին չի եղել։ Շատ հստակ է այն հայտարարությունը, որը եղել է. Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը ողջունել են ՕՐՕ-ի համակիրների ընդվզման միտումները։ Ես կարծում եմ՝ եթե ոչ 100 տոկոսով, ապա 80-90 տոկոսով ճիշտ բառերով արտաբերեցի այդ հայտարարությունը։ Այսինքն՝ այստեղ խոսքը ՕՐՕ-ի համակիրների և ընդզման մասին է։ Սխալ մեկնաբանություններ եղան այս ընթացքում։

 

Այսինքն՝ ցանկացած քաղաքական ուժի ընդվզման փորձ Սասնա ծռերը պատրաստ են աջակցե՞լ։

 

Այո, մեր հանրությունը, քաղաքական ուժերն էլ գիտեն, որ Սասնա ծռերը այս վարչախմբի օրոք ընտրական գործընթացներին հավատք չեն ընծայում, և ընդվզման կոչ են արել։ Եվ եթե այդ գործընթացը լինի Արթուր Սարգսյանի սպանության փաստը, որը նաև համընկնում է այս նախընտրական քարոզարշավի գործընթացների փուլին, այո, և Արթուրի մահը բացահայտելու և ընտրական գործընթացների կապակցությամբ եթե ընթացքը ուղղվի դեպի ընդվզման կողմ, Սասնա ծռերը կաջակցեն ցանկացած ուժի, որը նման միտում ցույց կտա։

 

Պարոն Ենիգոմշյան, Դուք հայտարարել եք, որ Եռաբլուրում պետք է հուղարկավորել Արթուր Սարգսյանին։ Հանձնախմբի հայտարարության մեջ նշվում է Շահումյան գերեզմանատունը։

 

Հանձնախումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ քանի որ այսպես է իրավիճակը, նաև ընտանիքի ցանկությամբ հուղարկավորությունը շատ չձգձգելու, արվելու է ինչպես հայտարարվել է, այսինքն՝ Շահումյան գերեզմանատանը, բայց հանձնախումբը և հանրությունը ևս վճռել են, որ Արթուրը, առանց կասկածի, հւղարկավորվելու է Եռաբլուրում, չի մնալու նշված վայրում, նշված վայրը ներկա հանգամանքներից ելնելով միաջանկյալ որոշում է։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play