Step by step 2 երաժշտական մրցույթի գալա համերգից ոչ մի մասնակից դատարկաձեռն չի հեռանա (տեսանյութ)
26-04-2017 14:14:23 | Հայաստան | Հասարակություն
Սեփական վերելքի նոր ուղին փնտրող 15 երիտասարդներ ապրիլի 28-ին պատրաստվում են Step by step 2 երաժշտական մրցույթի գալա համերգին: Ինչպես ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց համերգի կազմակերպիչ և աջակից «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, մարտից մեկնարկած երաժշտական մրցույթն անցկացվել է մի քանի փուլերով, որոնց ավարտը նշանավորվելու է Ատմոսֆեր սրճարանում կայանալիք եզրափակիչ մեծ համերգով:
Ըստ նրա` 2-րդ անգամ անցկացվող երաժշտական մրցույթի նպատակն է վեր հանել և ասպարեզ բերել տաղանադաշատ այն պատանիներին ու երիտասարդներին, ովքեր ունենալով երաժշտական ունակություններ և շնորհ` չունեն անհրաժեշտ միջոցներ կայանալու և հանրության առջև ներկայանալու համար:
Մ. Խուրշուդյանի փոխանցմամբ` մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը` անկախ նրանից ունեն համապատասխան երաժշտական կրթություն թե ոչ, անհրաժեշտ է միայն ժամանակին հետևել «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ-ի կայքին, որտեղ նախապես հայտարարվում է մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
«Մասնակիցներ ունենք ինչպես Երևանից, այնպես էլ Կոտայքի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերից. Նրանցից շատերը մասնակցել են նաև հեռուստատեսային երաժշտական նախագծերի և միջազգային մրցույթների, բացի այդ, կարևոր է, որ այս մրցույթի շրջանակներում սեփական ունակությունների, գիտելիքների ու ձայնալարերի շնորհիվ` մասնակիցները սկսում են ընդարձակել իրենց ելույթների սահմանները»,- ասաց նա` հավելելով, որ գալա համերգի ընթացքում մասնակիցներն անձամբ են ընտրելու ելույթի համար նախատեսված երգը, որն ուղեկցվելու է նաև փոքրիկ բեմադրությամբ:
Բանախոսի խոսքերով` Step by step 2 երաժշտական մրցույթի առանձնահատկությունն այն է, որ մրցանակային տեղեր չեն լինելու, հետևաբար ոչ մի մասնակից դատարկաձեռն չի հեռանալու մրցույթից: Նրանց համար սեփական ցանկությամբ և նախընտրությամբ նվերներ պատրաստել են մրցույթի կազմակերպիչներին աջակցող շուրջ 20-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ:
Ինչպես նախորդ Step by step-ի դեպքում, այս անգամ ևս մրցույթի ժյուրիի կազմը գլխավորելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը:
Վերջինիս գնահատմամբ` վերոնշյալ մրցույթը նպաստում է մասնակից պատանիների ու երիտասարդների ստեղծագործական աճին ու կայացմանը, ինչպես նաև երաժշտական ճաշակի ձևավորմանը:
Ն. Զարաֆյանի պնդմամբ` Step by step-ին մասնակցելու գլխավոր պայմաններից մեկն անորակ ու ցածրաճաշակ երգի ընտրության բացառումն է:
«Ունենք հզոր վոկալային տվյալներ ունեցող մասնակիցներ, որոնց մնում է ընդամենը ճիշտ խորհուրդներ և ուղղություն տալ, որպեսզի շարունակեն իրենց ուղին, կան նաև թույլերը, որոնց հետ լրջորեն աշխատում ենք վոկալի զարգացման ուղղությամբ»,- նշեց ժյուրիի նախագահը` հույս հայտնելով, որ մի օր մրցույթին կմասնակցեն արտերկրից ևս:
Մրցույթի մասնակիցների դերասանական տաղանդի ի հայտ բերմամբ և զարգացմամբ զբաղվող դերասան Արմեն Դալլաքյանն իր հերթին նշեց, որ համերգի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է քայլ առ քայլ և լիովին համապատասխանում է մրցույթի գաղափարին, քանի որ մասնակից երիտասարդներն աստիճանաբար ու սեփական ուժերով են մոտենում իրենց երազանքների իրականացմանը: