Գազալցակայանների շահագործման թերությունները վարչապետի ուշադրության կենտրոնում են


Գազալցակայանների շահագործման թերությունները վարչապետի ուշադրության կենտրոնում են

  • 04-05-2017 13:40:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում անդրադարձ կատարեց նաև գազալցակայանների շահագործման թերություններին: 
Նա, մասնավորապես, նշեց. «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար. Միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում գազաբալոնների պայթյունների մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ»: 
Կարեն Կարապետյանի խոսքերով` խիստ մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչ օրս գազալցակայաններում առկա չէ տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ: 
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` նա հանձնարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին մեկամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն