17 մասնակից կպայքարի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչման համար


17 մասնակից կպայքարի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչման համար

  • 08-05-2017 15:39:24   | Հայաստան  |  Մշակույթ

 Մայիսի 10-ին Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը: Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող կոմպոզիտորական ստուգատեսին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու տասնյակից ավել մասնակից: Փակ քննարկման արդյունքում մրցութային փուլին մասնակցության իրավունք են ստացել 17 պատանի ստեղծագործող՝ բաժանվելով երկու խմբի (կրտսեր խումբ՝ մինչև 13 տարեկան, ավագ խումբ՝ 14-ից 18 տարեկան):

Կրտսեր խմբում ընդգրկված մասնակիցները պետք է ներկայացնեին մեկ դաշնամուրային ստեղծագործություն, իսկ ավագ խմբում՝ մեկ ստեղծագործություն՝ գրված առավելագույնը 4 գործիքի համար: Երկու խմբերի մրցանակակիրները կստանան խրախուսական նվերներ, պատվոգրեր, իսկ հաղթող մասնակիցները՝ նաև դրամական պարգևներ: Ի դեպ, երկու խմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները նույնպես կարժանանան դրամական պարգևների: էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանն ու Ստեփան Շաքարյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար՝ Էդմոնդ Մակարյանը: Մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Ե՛վ մրցութային փուլը, և՛ մրցանակաբաշխությունը կմեկնարկեն ժամը 16:00-ին: Հավելենք միայն, որ Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայանալիք միջոցառումն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play