Հայաստանում իրականացվող բարեփոխումները մի շարք ուղղություններով համահունչ են Եվրոպական հարեւանության քաղաքականության փիլիսոփայությանը <br /> <br />


Հայաստանում իրականացվող բարեփոխումները մի շարք ուղղություններով համահունչ են Եվրոպական հարեւանության քաղաքականության փիլիսոփայությանը

  • 29-04-2011 16:06:01   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 29-ին ընդունել է Եվրոմիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոմիության Պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցեմբերգերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության բարձր մակարդակը եւ հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին, առանձնացնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ոստիկանական համակարգի բարեփոխումները, ազատության, արդարադատության եւ անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները: ԱԱԽ քարտուղարը անդրադարձ է կատարել նաեւ Արեւելյան Ներդրումներ ծրագրին, ընդգծելով դրա կարեւորությունը Հայաստանի տնտեսական բարեփոխումների ճանապարհին եւ հետագա առավել սերտ փոխգործակցության հնարավորությունները: Արթուր Բաղդասարյանը իր գոհունակությունն է հայտնել Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության` ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ` շեշտելով համագործակցության հրապարակայնության կարեւորությունը: Ընդգծվել է Հայաստանում Եվրոմիության տեղեկատվական կենտրոնների հիմնման կարեւորությունը: Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԱԱԽ-ի շրջանակներում գործող, եվրոպական կառույցների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը եվրոինտեգրման ճանապարհին Հայաստանում կենսագործվող բարեփոխումների համատեքստում, նշելով, որ քաղաքական համակարգումը կարեւոր հանգամանք է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացման գործընթացում: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել վերը նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, քանի որ դրանք մի շարք ուղղություններով լիովին համահունչ են Եվրոպական հարեւանության քաղաքականության փիլիսոփայությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական