Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել


Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել

  • 29-05-2017 19:48:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Սանկտ-Պետերբուրգի գործարար շրջանակներից կազմված պատվիրակությանը՝ քննարկելու համագործակցության հեռանկարները։ Այցը կազմակերպվել է Սանկտ-Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի նախաձեռնությամբ։ Պատվիրակության կազմում էին «Возрождение», «Петербургский тракторный завод», «Герофарм», «Агрополис» և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:
 
Գյուղմթերքի պահեստավորման և իրացման «Агрополис» կենտրոնի ներկայացուցիչը նախարարին է ներկայացրել իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում և նշել, որ հետաքրքրված են հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես գյուղմթերքի և վերամշվակված սննդի ոլորտում։ Գործարարն ընդգծել է, որ «Արտադրված է Հայաստանում» պիտակով մթերքը Ռուսաստանում լուրջ պահանջարկ ունի։ Նախարար Կարայանը գործարարների  հետ քննարկել է  նաև համատեղ արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպության հիմնադրման հեռանկարները։ 
«Герофарм» ընկերության ներկայացուցիչը նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է դեղորայքի մշակմամբ և արտադրությամբ։ Գործարարի խոսքով՝ ընկերությունը հետաքրքրված է Մեղրիի Ազատ տնտեսական գոտում արտադրության հիմնմամբ։ Նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու առավելությունները, ինչպես նաև Հայաստանի արտոնյալ առևտրային ռեժիմների ընձեռած հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ հարցերում։
Ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են յուրաքանչյուրի հետ համագործակցության հնարավորությունները, ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ դրանք իրագործելու նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play