Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի սաները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արևային կայանում


Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի սաները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արևային կայանում

  • 14-06-2017 19:38:31   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները վարպետության դասընթաց են անցկացրել Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի մոտակայքում տեղակայված, արևային էներգիայով սնվող հիմնական երկու կայանի տարածքում: Գյումրիի «Ֆոտոն» վարժարանն այն ավագ դպրոցներից է, որն ընդգրկված է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրում և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան յուրացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
 
Ընկերության մասնագետները պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում առարկան դասավանդող ուսուցիչների և աշակերտների համար: Տեսական գիտելիքներն ամրապնդելու և գործնական հմտություններ փոխանցելու նպատակով, մասնագետները լսարանային դասընթացներից հետո կազմակերպում են շրջայցեր: Որպես գործնական ուսուցման համար այցելության վայրեր ընտրվում են նաև կայանների տարածքները:
 
Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհի երկայնքով գործող հիմնական կայաններն ունեն որոշակի առանձնահատկություն: Դրանց էլեկտրասնուցումը կատարվում է արևային մարտկոցներից: Սա հրաշալի լուծում է հատկապես նոսր բնակեցված այնպիսի տարածքների համար, որտեղ խնդիր է էներգամատակարարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արևային էներգիայով սնուցվող կայանների շնորհիվ կրճատում է էներգիայի սպառումը և ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված ծախսերը:
 
«Տեխնոլոգիաների զարգացման դարում ժամն ակնթարթի պես է անցնում: Ամեն օր կարող են ներկայացվել նոր պահանջներ: Պետք է մշտապես պատրաստ լինել նոր լուծումների: Ընդ որում, այնպես, որ դրա հիմքում լինեն նորարարութունը, պահանջարկը, պատասխանատվությունը, բայց ոչ՝ սպառողական մոտեցումը: Արևային էներգիայով սնվող այս կայանները նման մոտեցման արդյունք են: Այն, ինչ քաղում եք դասընթացներից՝ հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերության կուտակած ավելի քան տասնամյա փորձն է: Գնահատեք այն, շարունակաբար զարգացրեք ձեր միտքը և եղեք պատասխանատու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Հիշեցնենք, որ քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ»)  ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, « Հեռահաղորդակցության  հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է Գյումրիի «Ֆոտոն» և Երևանի «Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական և  Վանաձորի՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպես նաև ՀԱՊՀ՝ Երևանի տարածքում գործող ավագ դպրոցում: 2018 թվականի ուսումնական գործընթացում կներգրավվի ևս 5 ավագ դպրոց:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play