«Պատրիդա» հունական համայնքի դիմումը Տարոն Մարգարյանին՝ Երևանի որևէ փողոց հույն բանաստեղծ Հոմերոսի անունով կոչելու առաջարկով


«Պատրիդա» հունական համայնքի դիմումը Տարոն Մարգարյանին՝ Երևանի որևէ փողոց հույն բանաստեղծ Հոմերոսի անունով կոչելու առաջարկով

  • 21-08-2017 19:27:00   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետ
Պ-ն Տ.Ա. Մարգարյանին
 
Մեծարգո պ-ն Մարգարյան,
Այս նամակով Հայաստանի և Արցախի  «Պատրիդա» հունական համայնքը Ձեզ է դիմում Ֆիրդուսու փողոցի օրինակով Երևանի փողոցներից մեկը «Իլիական» և  « Ոդիսական» հռչակավոր դյուցազնավեպերի հեղինակ, հույն առասպելական բանաստեղծ Հոմերոսի անունով կոչելու առաջարկով: Երևանում Հոմերոսի անվան փողոցը համաշխարհային քաղաքակրթության ընկալման մեր ձգտման ևս մեկ ապապցույց կլինի: Աշխարհում միայն երեք բանաստեղծ  համամարդկային նշանակության  գլուխգործոց ստեղծող են ճանաչվել: Դրանք Հոմերոսը, Նարեկացին ու Ֆիրդուսին են: Այսօր աշխարհում չեն դադարում վեճերը, թե նրանցից ով է առաջինը  մարդկային հանճարի գագաթին: Նարեկացին ու Ֆիրդուսին հասակակիցներ էին,  նույն  ժամանակաշրջանի ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին Նարեկացուն սրբացրել է, դասել է Եկեղեցու ուսուցիչների շարքը, նրան արձան կանգնեցրել: Մեծ բանաստեղծի անունը հայտնի է տասնյակ երկրներում, որտեղ երկու միլիարդից ավել մարդ է ապրում: Ֆիրդուսու արձաններ կամ նրա անվան փողոցներ, ամենայն հավանականությամբ,  միայն պարսկախոս երկրներում կան:  Բայց չէ՜ որ  Նարեկացու անունն էլ նախկինում քչերը գիտեին: Երկար տարիներ Նարեկացու անվան փողոց նույնիսկ Երևանում չկար:
Մենք  առաջարկում ենք լրացնել այդ փառավոր եռյակը, Երևանում  Նարեկացու և Ֆիրդուսու փողոցների հետ ունենալով նաև Հոմերոսի փողոց, որ համապատասխանելու է մեր ազգային աշխարհահայացքին: Հետևելով քրիստոնեական «Մեծարի՜ր՝  և կմեծարվե՜ս» ուսմունքին, մենք գովերգում ենք մարդկային հանճարի  արարածը: Հանճարների ոգին գովերգելով՝ մենք գովերգում ենք մեզ և մեր ապագա սերունդներին:
Պարոն Մարգարյան,
Հոմերոսի դյուցազնավեպերն ուսումնասիրում են աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Նրա ստեղծագործություններով աշխարհի բոլոր ծայրերում բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել:
Դիմելով Ձեզ Հայաստանի և Արցախի հունական համայնքի անունից, ես առաջարկում եմ  Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներից մեկը վերանվանել Հոմերոսի անունով: Այդ անվանումը դառնալու է հայ և հույն ժողովրդների բարեկամական կապերի, դեպի վեհն ու ազնիվը մեր ձգտումների  ևս մի ապացույց:
Ընդունեք հարգանքներիս հավաստիքը
 
«Պատրիդայի» նախագահ  Էդ. Պոլադով (Պոլատիդիս)  
 
21.08. 2017
 
Լուսանկարը  ԳԱԼԱTV-ի
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play