«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը տոն կստեղծի բոլորիս համար
14-09-2017 11:12:40 | Հայաստան | Մշակույթ
«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևս ազգագրական երգի-պարի տոն կստեղծի բոլորիս համար. հանդիպման վայրն անփոփոխ է՝ սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում /Կասկադ/:
Փառատոնն իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ , ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնություն է` կոչված հայ ազգագրական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:
Ազգագրական երգերն ու պարերը հնարավորություն կունենանք վայելելու ժամանակի ազգագրական լավագույն խմբերի կատարմամբ՝ իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ: Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ Ակունք, Կարին, Սասնա Ծռեր, Վան, Վերադարձ, Մասունք, Տարոնցիներ, Նուբար, Գորանի, Մենք ենք մեր սարերը/Արցախ/, Մարաթուկ, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Վարք հայոց, Ոստան, Արեգ, Մշո Հավքեր/Գավառ/, Մարաթուկցիներ :
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր ՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:
Գութանն այս տարի, ինչպես նախորդ տարի, տեղի կունենա նաև Արցախում: Բոլորս միասին. Պահպանենք մեր ազգային երգն ու պարը։