Արեգակի վերջին հզոր բռնկումը բացառված չէ, որ հետևանքն է եղել նրան դեռ անտեսանելի ու զանգվածեղ ինչ-որ մի երկնային մարմնի մոտենալու


Արեգակի վերջին հզոր բռնկումը բացառված չէ, որ հետևանքն է եղել նրան դեռ անտեսանելի ու զանգվածեղ ինչ-որ մի երկնային մարմնի մոտենալու

  • 14-09-2017 20:57:36   | Հայաստան  |  Առեղծվածներ

 
 
Արեգակի վրա մոտ մեկ շաբաթ առաջ, սեպտեմբերի 6-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղի է ունեցել հզոր բռնկում (վերջին 12 տարվա ընթացքում` ամենահզորը): Տվյալ բռնկումը, ըստ գիտնականների, դարձել է Արեգակի վրա նմանաբնույթ երևույթների դիտարկման ողջ ժամանակաընթացքում Արեգակի մակերևույթին տեղի ունեցած հինգ ամենահզոր պայթյուններից մեկը: Ավելին. մասնագետների տեղեկացմամբ, սեպտեմբերի 6-ի բռնկումը տեղի է ունեցել Արեգակի այն կետում, որը «նայում է» Երկրին, հետևաբար նրա ազդեցությունը մեր մոլորակի վրա եղել է առավելագույնը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի մասնագետների հայտնած տեղեկությունների համաձայն, բռնկումային ակտիվության մակարդակն անցել է տասբալանոց սանդղակի սահմանը, հասել 10.3 նիշին:
 Արեգակի հիշյալ բռնկման կապակցությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը աստղագետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:
 
 
- Բյուրականի աստղադիտարանում կա՞ Արեգակի ակտիվությանը հետևող կամ Արեգակի հետ կապված խնդիրներն ուսումնասիրող մասնագետ:
- Արեգակի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետ ունենք, բայց նա չի զբաղվում Արեգակի ակտիվությամբ, դրա հետ կապված գործընթացներով ու խնդիրներով: Նրա ուսումնասիրության ոլորտն այլ է` տեսական մակարդակով Արեգակի մթնոլորտի մոդելավորում, մթնոլորտի տեսական ուսումնասիրություն, ճառագայթման տեղափոխման տեսություն: Այսպիսի հարցերով Բյուրականում միշտ զբաղվել են:
- Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած արեգակնային հզոր բռնկումը Բյուրականի աստղադիտարանում նկատվե՞ց, թե դուք դրա վերաբերյալ տեղեկատվությունը ստացաք ձեր օտարերկրյա գործընկերներից:
- Մեր աստղադիտարանում արեգակնային դիտակ գոյություն չունի, մենք, ընդհանրապես, Արեգակը չենք դիտում: Արեգակնային դիտակները հատուկ տեսակի աստղադիտակներ են, երբեմն դրանց ասում են ցերեկային դիտակներ` ի տարբերություն մյուսների, որոնք գիշերային են: Մարդու աչքն այդ արեգակնային դիտակներով Արեգակին չի նայում, դիտակով Արեգակին ուղիղ նայելն անհնար է, Արեգակի լույսն արտապատկերվում է, որովհետև այն շատ հզոր է, էկրանի վրա բավական մեծ ճշտությամբ արտահայտված արտապատկերն են ուսումնասիրում: Արեգակի ուսումնասիրությունն առանձնացվել է, մի շարք աստղադիտարաններ հենց միայն դրանով են զբաղվում, կա աստղադիտարաններ, որոնք զբաղվում են և ցերեկային, և գիշերային դիտումներով, մենք ունենք միայն գիշերային երկնքի ուսումնասիրության դիտակներ:
- Իսկ գամմա տիրույթում կամ ռադիոալիքային տիրույթում Արեգակի ուսումնասիրություններ չե՞ք կատարում:
- Դրանց համար էլ առանձին դիտակներ գոյություն ունեն, մենք հիմա դրանցից չունենք, 50-60-ական թվականներին Բյուրականի աստղադիտարանից մի քիչ վերև, «Սարավանդ» տեղամասում համաֆազ ռադիոդիտակներ ունեցել ենք, սակայն 70-ական թվականներին դրանք արդեն կիրառելի չէին իրենց զգայունության, թուլության պատճառով, այսինքն` տարբեր երկրներում ստեղծվեցին նոր ռադիոդիտակներ, մերը մնաց հինը` իր նվազ հնարավորություններով:
- Ճի՞շտ է, որ վերջին տարիներին Արեգակի ընդհանուր ակտիվությունը, ներառյալ` բռնկումների թիվը, միջինում ավելացել է:
- Այո, վերջին մի քանի պարբերաշրջանների ընթացքում, որոնք միջինում 11,2 տարի են, բայց եղել է նաև, որ 7 կամ 17 տարի են եղել, այդպիսի աճ արձանագրվել է: Ենթադրություն կա, որ դա կարող է շարունակվել: Ի դեպ, շատ գիտնականներ, մարդիկ մոլորակի գլոբալ տաքացումը կապում են դրա կամ նաև դրա հետ: Արեգակի ակտիվության պատճառը գալիս է Արեգակի ընդերքից, մենք ընդերքի գործընթացները չենք կարող ուղղակիորեն դիտել և լրիվ ուսումնասիրել, բայց փորձում ենք ֆիզիկայի տեսություններով բացատրել: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ինչ-որ փոփոխականություն, ինչ-որ անհամասեռություններ կան Արեգակի և՛ մակերևույթին, և՛ ընդերքում, որտեղ առկա վիճակը մենք նույնիսկ լավ չենք հասկանում, չգիտենք, թե ինչպիսի անհամասեռություններ կարող են լինել, բայց ցանկացած խտացում կամ ջերմաստիճանի փոփոխություն, բնականաբար, կհանգեցնի այդ փոփոխականությանը:
- Մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած Արեգակի հզոր բռնկումը, ըստ գիտնականների, առաջացել է արևային բծերի երկու խոշորագույն խմբավորման միաձուլման արդյունքում, մինչդեռ, ինչպես հայտնի է, Արեգակի մակերևույթին առկա արևային բծերի ջերմաստիճանը մոտ 2000 աստիճանով ցածր է շրջապատի ջերմաստիճանից: Տրամաբանորեն անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էր Արեգակի այդքան հզոր բռնկում լինել` շրջապատի համեմատ ցածր ջերմաստիճան ունեցող արևային բծերի կամ դրանց գոտիների միավորման հետևանքով:
- Որպես կանոն, մագնիսական դաշտերով են բացատրում դա, երկու բծերի վրա մագնիսական ուժագծերը փակվում են և այդ ուժագծով տեղի է ունենում բռնկում, այսինքն` նյութն ուժագծի շուրջ կուտակվում ու հետո դուրս է շպրտվում: Դա մագնիսական դաշտի ազդեցության տակ մակերևույթից նյութի դուրս բերման ինչ-որ մեխանիզմ է: Նյութը, երբ որ դուրս է շպրտվում, արեգակնային քամու տեսքով գալիս, հասնում է Երկիր, ինչպես նաև այլ ուղղություններով տարածվում է: Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած բռնկումը շատ հազվադեպ երևույթ էր:
- Թերևս նաև բացառիկ այն առումով, որ ըստ ձեր օտարերկրյա գործընկերների, Արեգակի հզոր բռնկումները առաջանում են ոչ միայն շատ հազվադեպ, առանձնահատուկ պայմաններում, այլև, որպես կանոն, լինում են արեգակնային ակտիվության բարձրակետի ժամանակ: Սակայն, այս անգամ նման հզոր բռնկումը տեղի է ունեցել արեգակնային ակտիվության նվազագույնի համապատկերին: Գիտնականներն արդեն ունե՞ն դրա բացատրությունը:
- Այո, դա այդպես է, բացատրության տարբեր փորձեր, վարկածներ կան, բայց միասնական կամ, այսպես ասած, վերջնական եզրահանգում դրա պատճառի վերաբերյալ, չկա: Աստղագետները դեռևս չեն հասկացել, թե այն ինչու է այս պահին տեղի ունեցել: Ընդհանրապես, մինչև հիմա դեռ շատ վիճաբանություններ կան, թե Արեգակի խորքերում ինչ է տեղի ունենում: Մենք տեսնում ենք միայն երևույթի վերջին պահը, փուլը, երբ որ այն դուրս է գալիս Արեգակի մակերևույթից, և դա կարող ենք նկարագրական ձևով ուսումնասիրել, ներկայացնել, թե այս տեղի ունեցավ, չափսերն այսքան էին, բարձրացավ այսքան, ձևափոխվեց և այլն: Մեխանիզմները հիմնականում մագնիսական դաշտերի հետ են կապվում, բայց դա ստույգ ու վերջնական բացատրություն չէ: Կարելի է բազմաթիվ պատճառներ նշել, որոնք կարող են լրացուցիչ ազդեցություն ունենալ բռնկման ձևի, հզորության, տևողության և այլ բնութագրիչների վրա: Դրա համար շատ դժվար է ասել, թե վերջնական բացատրություն ունենք: Այդ ամենը, այդ գործընթացը դեռևս լավ նկարագրված չէ:
- Ասում են, որ այս բռնկումը յուրահատուկ է նաև այն առումով, որ Երկիրը գտնվել է բռնկման կիզակետում, թիրախում այսինքն` ուղիղ դիմաց: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
- Այո, բռնկումը Երկրի նկատմամբ ճակատային ուղղվածություն է ունեցել, և այդ տեսակետից ազդեցությունն ավելի մեծ է եղել: Արեգակնային քամին Երկիր է հասնում առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում, բռնկման մասին նախապես իմանալը մեզ հնարավորություն տվեց զգուշանալ: Երբ որ ուժեղ բռնկում է դիտվում, մենք արդեն գիտենք, որ շուտով տեղի է ունենալու Երկրի մագնիսական դաշտի ուժեղ խոտորում` երկրամագնիսական փոթորիկ, որն առաջացնում է արեգակնային քամին` կորպուսկուլյար մասնիկների հզոր հոսքը, որը տարբերվում է սովորական, կայուն ճառագայթումից: Դրա հետևանքով երկրամագնիսական դաշտն իր կայուն վիճակից ձևափոխվում է: Երկրամագնիսական փոթորիկն ամենամեծ ազդեցությունը թողնում է էլեկտրակայանների վրա: Կա այսպիսի հաշվարկ, որ եթե 1849 թվականի բռնկումը (մարդկության պատմության ընթացքում Արեգակի ամենահզոր բռնկումը) հիմա տեղի ունենար, Երկրի վրայի բոլոր էլեկտրակայանները շարքից դուրս կգային: Երկրամագնիսական փոթորիկը շատ վատ ազդեցություն կարող է ունենալ նաև կապի, հեռահաղորդակցության ու դրանց միջոցների վրա, խաթարել, շարքից հանել դրանք: Մարդու առողջության վրա ազդեցությունը դեռևս լավ ուսումնասիրված չէ:
- Կարո՞ղ է Արեգակի այս անակնկալ ու հզոր բռնկումը հետևանք լինել Արեգակին ինչ-որ մի զանգվածեղ, բավարար զանգված ունեցող երկնային մարմնի մոտենալու, դրա գրավիտացիոն ազդեցության, մի մարմնի, որը Երկրից չի դիտվում կամ առայժմ չի դիտվում իր անկյան կամ Արեգակով ծածկված լինելու պատճառով:
- Սկզբունքորեն կարող է լինել, քանի որ Արեգակի մակերևույթի շերտերը նոսր են և այնքան կայուն չեն, բացառված չէ, որ արտաքին ազդեցությունն այդպիսի խոտորումներ առաջացնի Արեգակի մակերևույթին և լինեն այդպիսի ակտիվ գոյացություններ դրսի գրավիտացիոն ազդեցության հետևանքով: Բազմաթիվ հրապարակումներ կան, որ Արեգակնային համակարգում մեկ այլ մարմին էլ կա, որը գտնվում է Արեգակի ետևում ու մենք չենք կարողանում դիտել այն: Այնուամենայնիվ, այդպիսի մարմին առայժմ չի դիտվել:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Առեղծվածներ