Հայկ Քոթանջյան. ՀՀ-ում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը


Հայկ Քոթանջյան. ՀՀ-ում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը

  • 19-09-2017 12:53:08   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովի «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով նիստի ժամանակ:
 
Մարդկությունը թևակոխում է չորրորդ գիտատեխնիկական հեղափոխության շրջան: Այն բնութագրվում է պետության, հասարակության և անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գերիշխմամբ, գործունեության համատարած թվայնացմամբ ու համակարգչայնացմամբ: Դրանով իսկ ստեղծվում են նոր աննախադեպ հնարավորություններ, որոնք իրենց հետ բերում են նաև որակապես միանգամայն նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ: Մասնավորապես` կիբեռսպառնալիքներն ու կիբեռհանցագործությունները ձեռք են բերել անդրազգային բնույթ, երբ աշխարհի յուրաքանչյուր կետ խոցելի է ցանկացած այլ կետից, երբ ջնջվում են պետությունների ֆիզիկական սահմաններն ու հարձակումները կատարվում են ակնթարթորեն` համակարգչային արագությամբ: Նման պայմաններում այդ սպառնալիքներին արդյունավետ դիմագրավումը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ: ՈՒստի յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ գործընկերային կապեր հաստատելու համար պետք է նրանց ներկայանա որպես այդ առումով փոխգործակցելի պետություն: 
 
Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է իր ագրեսիվ հարևանի ռազմական հարձակումներին: Այդ հարձակումները ֆիզիկական տարածությունից տեղափոխվել են նաև վիրտուալ տարածություն: ՈՒստի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությունը էապես պայմանավորված է նրանց ոչ միայն ավանդական պաշտպանական ներուժով, այլև կիբեռկարողություններով:
 
Եվ միջազգային համագործակցությունը այն համապիտանի արդյունավետ գործիքներից է, որը հնարավորություն է տալիս իրավական, հաստատութենական, տեխնիկատեխնոլոգիական ոլորտների, կարևոր կիբեռենթակառուցվածքների նպատակաուղղված կատարելագործմամբ զարգացնելու Հայաստանի կիբեռկարողությունները` դրանով իսկ նպաստելով նրա տեղեկատվահաղորդակցային ու կիբեռանվտանգության ապահով​մանը և միջազգային գործընկերության տեսակետից գրավչության մեծացմանը:
 
Միջազգային համագործակցության զարգացման առումով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է զգալի աշխատանք` գիտատեխնիկական կապեր հաստատելով, մասնավորապես, տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ: Այս տեսակետից ուշագրավ է 2015 թ. սեպտեմբերի 23-ից 25-ը Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը ամերիկյան «Մայկրոսոֆտ» ընկերության գլխամասային գրասենյակ և արգասաբեր հանդիպումները ընկերության ղեկավարության, այդ թվում` փոխնախագահ, սփյուռքահայ մտավորական Վահե Թորոսյանի հետ: 
 
Տվյալ առումով իր ներդրումն ունի նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, որը սերտ ակադեմիական կապեր է հաստատել ԱՄՆ-ի անվտանգային ոլորտի առաջատար պետական գիտակրթական կազմակերպության` Պաշտպանական ազգային համալսարանի հետ: Այդ բազմաշերտ ու բազմուղի համագործակցության կարևոր բաղադրիչներից է գործընկերությունը կիբեռ​անվտանգության ոլորտում: Մասնավորապես` հայկական պաշտպանական համալսարանի մի քանի երիտասարդ մասնագետներ տարբեր ժամկետներով գիտական ստաժավորում են անցել ամերիկյան համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջում, որը կիբեռոլորտում ԱՄՆ-ի գերազանցության կենտրոնն է և պետական ու մասնավոր հատվածները կամրջող կարևոր կառույց: Այդ համագործակցության շրջանակներում մեր համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները մշակել են և նշված քոլեջում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցում ու Հայաստանի Ազգային ժողովի հանձնա​խմբում գիտական փորձարկման են ենթարկել Հայաստանի կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որն այնուհետև հրապարակվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նորերս լույս տեսած համարում: 
 
Ներկայումս կենտրոնում մշակվում է Հայաստանի կիբեռտարածության ռեսուրսների  արդյունավետ կառավարման նորամուծական համակարգի ձևավորման նախագիծը: Այս համակարգի ներդրումը ենթադրում է տվյալ ոլորտները կառավարող հատուկ պաշտոնյաների պատրաստում` միասնական գիտելիքի հիմքի վրա, ինչի համար կենտրոնում զու​գա​հե​ռաբար մշակվում է «Կիբեռտարածության ռեսուրսների  ռազմավարական կառավարում» մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսվում է գոր​ծար​կել 2018 թ. աշնանը: 
 
ԱՄՆ-ի պետական գերազանցության կենտրոն հանդիսացող  Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջի հետ այս համագործակցությունը արգասաբեր հեռանկարներ է ստեղծում Հայաստանում կիբեռոլորտի մասնավոր ու պետական հատվածների կամրջման խթանման առավել առաջավոր ամերիկյան մոդելով գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման  համար:
 
Եվ այստեղ հույժ կարևոր դեր կարող է խաղալ մեր Հայոց Սփյուռքը, քանի որ կիբեռանվտանգության ապահովումը ոչ թե համապետական, այլ համազգային խնդիր է, որի լուծումը պահանջում է ամբողջ ազգի ոչ միայն մարդկային ու նյութատեխնիկական, այլև կազմակերպական ու մտավոր ներուժի նպատակային համախմբում` հեղինակավոր հայ գործիչների հասարակական կշռի և անձնական կապերի գործարկմամբ: Եվ դրա վառ օրինակներից է «Վիասֆեր Ինտերնեյշնել» ընկերության գլխավոր տնօրեն, «ԱրմՏեխ» համաժողովի նախագահ Թոնի Մորոյանի, «Սինոպսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ-հետազոտող դոկտոր Երվանդ Զորյանի և ոլորտի այլ սփյուռքահայ ականավոր գործիչների հայրենանվեր գործունեությունը:
 
Հայաստանի կիբեռկարողությունների զարգացման գործում սփյուռքա​հայության ակտիվ ներգրավումը և նրա մասնակցության հետագա ընդլայնումը ստեղծում են Հայաստանի կիբեռկարողությունների հարաճուն զարգացման հուսալի հեռանկարներ: Այս ներգրավումը բխում է մեր ազգի ընդհանրական շահերից, քանի որ Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնելու իր կիբեռկարողությունները` դրանք դնելով ի սպաս ամբողջ ազգի, միևնույն ժամանակ, էապես ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը` նպաստելով սփյուռքահայության ազգային ինքնության պահպանմանը:
 
Ամփոփելով ելույթս, պատիվ ունեմ դիմելու կիբեռտարածության մեր հարգարժան սփուռքահայ առաջավարներին՝ Հայոց պետականության վերստեղծման 100-ամյակին ընդհառաջ, գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անվտանգ զարգացմանն նպատակաուղղված վերոնշյալ Կիբեռանվտանգության ռեսուրսների ռազմավարական կառավարման ինստիտուտի ստեղծման գործում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play