Խաչատրյանական փառատոնում ելույթ է ունեցել «Նաղաշ» անսամբլը
04-12-2017 17:30:50 | Հայաստան | Մշակույթ
Դեկտեմբերի 2-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվեց յուրահատուկ մի նախագիծ։ Ընդհանրապես խաչատրյանական փառատոնը մի հարթակ է, որտեղ հնչում են ոչ միայն դասական երաժշտասերներին արդեն ծանոթ ստեղծագործություններ՝ դասական ավանդական ձևաչափերով, այլև առաջարկվում են հետաքրքիր նախագծեր, նոր համերգային երկացանկ։
Այդպիսին էր փառատոնի հերթական հյուրը՝ «Նաղաշ» անսամբլն իր համերգային ծրագրով։
Ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի կողմից ստեղծված «Նաղաշ» անսամբլն իր սեփական ձեռագրով, ինքնատիպ ոճով է արտահայտում ժամանակը, խումբը բաց է արվեստի տարբեր փոխազդեցություններին։ Անսամբլը բաղկացած է երեք կին վոկալիստներից և Հայաստանի մի խումբ լավագույն երաժիշտ-կատարողներից՝ տարբեր նվագարաններով (դուդուկ, ուդ, դհոլ, դաշնամուր)։
Ջոն Հոդյանը, տարիներ առաջ Գառնիի տաճարում լսելով Հասմիկ Բաղդասարյանի երգեցողությունը, որոշում է այս գեղեցիկ ձայնը և ժամանակակից երաժշտական արտահայտչամիջոցները համադրելու ուղիներ գտնել։ Եվ այդ ուղին նրան տանում է դեպի 15-րդ դար, ժամանակներ, երբ ապրել և ստեղծագործել է միջնադարյան հայ տաղերգու, նկարիչ, հասարակական-եկեղեցական գործիչ Մկրտիչ Նաղաշը։ Ահա Մկրտիչ Նաղաշի պանդխտության թեմայով գրված բանաստեղծություններից ոգեշնչված էլ՝ Հոդյանը գրում է «Կարոտի երգեր» խորագրով շարքը, որտեղ համադրված են հայկական ժողովրդական երգը, դասական երաժշտությունը, ռոքի ու ջազի տարրեր։ «Նաղաշ» անսամբլի «Կարոտի երգեր» շարքը Խաչատրյանի փառատոնի ծրագրում առաջին անգամ հնչեց նվագախմբային տարբերակով՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային կազմի մասնակցությամբ։
Ջոն Հոդյանն աշխատում է երաժշտության տարբեր ոճերում և ժանրերում, ո՞րն է մաեստրոյին ավելի հոգեհարազատ։ Ջոն Հոդյանը դժվարանում է ասել, թե հատկապես որն է իր համար նախընտրելի։ «Նաղաշի» ներկայացրածն է ինձ համար ամենասիրելին»,- ասաց Ջոն Հոդյանը։
«Նաղաշը» ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրներում, ինչպե՞ս է այլազգի հանդիսատեսն ընդունում անսամբլի ներկայացրած արվեստը, հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը։ Ջոն Հոդյանը նկատում է, որ իրենց հիմնական հանդիսատեսն այլազգի է, և հիասքանչ է տեսնել, թե ինչպես են նրանք ընկալում այս երաժշտությունը, որ բոլորովին այլ է, քանի ավանդական արվեստը։ Հանդիսատեսի արձագանքները, ըստ մեր զրուցակցի, ֆանտաստիկ են։
Մարդիկ այսօր բոլոր ոլորտներում, այդ թվում` երաժշտության մեջ, ցանկանում են նոր բան տեսնել ու լսել, նոր զգացողություններ ստանալ։ Արդյոք Ջոն Հոդյանը, ստեղծելով «Նաղաշը», ցանկացե՞լ է նոր խոսք ասել երաժշտարվեստում։ «Ես չեմ փորձում որևէ բան անել, ես անում եմ այն, ինչ ինձ համար բնական է, ինչ ես կուզենայի անել»,- ասաց մաեստրոն։ Հոդյանը տեղեկացնում է, որ շատ երկար է աշխատել Նաղաշի տեսքստերի վրա, մոտ տասը տարի։
Դեկտեմբերի 2-ի երեկոն բաղկացած էր 8 պիեսից։ Համերգն ուղեկցվում էր Սևակ Հակոբյանի կողմից Նաղաշի բանաստեղծական տեքստերի ընթերցմամբ, այն տեքստերի, որոնց հիման վրա էլ Ջոն Հոդյանը ստեղծել է «Կարոտի երգերը»։
Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։