Աշուղ Նազելին հեշտացրել է երաժշտասերների գործը` նրանց սեղանին դնելով «Իմ սուրբ մատուռ» խորագրով երգարանը (տեսանյութ)
29-12-2017 23:12:39 | Հայաստան | Մշակույթ
2000 թվականին հանրապետական մրցանակի արժանացած և շատ կարճ ժամանակահատվածում հանրության կողմից սիրված «Իմ սուրբ մատուռ» երգն այժմ նաև նոտայագրված գրքի վերնագիր է:
Հեղինակը երգահան, երգչուհի, բանասեր Նազիկ Գրիգորյանն է կամ շատերիս հայտնի աշուղ Նազելին:
«Իմ սուրբ մատուռ» երգարանն աշուղի թվով երկրորդ ժողովածուն է, որն ի տարբերություն 2005 թվականին հրատարակված «Հարսնաքար»-ի՝ ավելի ընդարձակ է, և բացի երգերից, ընդգրկում է նաև բանաստեղծություններ:
Գրքի շնորհանդեսին ներկա աշուղի ընկերները, համակուրսեցիները, մտերիմներն ու երկրպագուները բունաթգրելով նրա ստեղծած աշուղական արվեստը ՝ փաստեցին. «Աշուղ Նազելիի խոսքն անթերի հայերենն է, մեղեդիներն ինքնատիպ են, իսկ ձեռագիրը՝ հաստատուն: Նա հայ դասական աշուղների արժանի ժառանգորդն ու հետևորդն է»:
«Իմ սուրբ մատուռ» երգարանը հրատարակվել է 500 օրինակով, որի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «Հյուսիս-արևելյան դարպասներ» բարեգործական ծրագրի շրջանակներում Մատաղիսի սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցմանը:
Անմիջական և ջերմ մթնոլորտում անցկացված շնորհանդեսի ավարտին աշուղ Նազելին իր մակագրությամբ գրքեր նվիրեց ներկաներին: