«Թե չէ ծառայողական մեքենայի պատուհանից կյանքը միշտ ավելի գեղեցիկ է երևում, քան իրականում կա». բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր


«Թե չէ ծառայողական մեքենայի պատուհանից կյանքը միշտ ավելի գեղեցիկ է երևում, քան իրականում կա». բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

  • 08-03-2018 23:17:27   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 
 
Մի շարք դեղեր միայն դեղատոմսերով իրացնելու վերաբերյալ որոշումը շաբաթից ավելի է արդեն, ինչ հայաստանյան հանրության շրջանում տեղիք է տվել լուրջ դժգոհության, բողոքների և ՀՀ առողջապահության նախարարի հասցեին խիստ քննադատության: Այդ խնդրահարույց որոշման և առողջապահության համակարգի այժմյան հիմնախնդիրների մի մասի վերաբերյալ է մեր զրույցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան, Հայկական սրտաբանների ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի հետ:
 
- Տարբեր նշանակություն ունեցող մի շարք դեղեր միայն դեղատոմսերով վաճառելու որոշման վերաբերյալ բնակչության մտահոգությունը և անհանգստությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ դա չմտածված, վաղաժամ կայացված որոշում է, համապատասխան նախապատրաստական աշխատանքներ չեն կատարվել և արդեն իսկ խնդիրներ են առաջանում, մասնավորապես` հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում: Դուք, որպես առողջապահության ոլորտում երկար տարիներ աշխատող մասնագետ, ի՞նչ կարծիքի եք այս ամենի կապակցությամբ:
- Միանշանակ կասեմ, որ որոշումը դեղատոմսերի կիրառման առումով լավ բան է, դա ճիշտ է, դեղատոմսերը պետք է կիրառվեն դեղատոմսային դեղերի նշանակման համար, որովհետև միայն համապատասխան բժիշկը կարող է դեղատոմսային (միայն դեղատոմսերով իրացման ենթակա) դեղամիջոցներ նշանակել: Պատահական չէ, որ դրանք դեղատոմսային դեղամիջոցներ են, որովհետև դրանց դեղաչափերի ճիշտ որոշումը, կողմնակի ազդեցությունները նկատի ունենալը, անհրաժեշտության դեպքում տվյալ դեղը ճիշտ ժամանակին մեկ այլ դեղով փոխարինելը հաստատ մասնագիտական որակավորում են պահանջում, որպեսզի ճիշտ նշանակումներ կատարվեն:
Շատ ուրախ կլինեի, որ այդ դեղերի իրացումը միայն ղեղատոմսերով կատարվեր և՛ երեկ, և՛ առաջին օրը, և՛ 5 տարի առաջ, դեղատոմսերն օգտագործվեին մեր ամենօրյա պրակտիկայում: Սակայն, քանի որ դեղատոմսերը երկար ժամանակ չեն կիրառվել, դրանք վերստին ներդնելու համար պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացվեին, որ դժգոհություններ չլինեին թե՛ պացիենտների, թե՛ բժիշկների կողմից, որովհետև և՛ առողջապահական համակարգը պատրաստ չէ դրան, և՛ պացիենտները հոգեբանորեն պատրաստ չեն:
Ես համարում եմ, որ որոշումը ճիշտ է, բայց պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացվեին, դրանից հետո նոր միայն կիրառվեր: Առանց նախապատրաստական աշխատանքներ կատարելու, միանգամից որոշվեց, որ մարտի 1-ից պետք է կիրառվի: Ինչո՞ւ… Ինչո՞վ է պայմանավորված այդ շտապողականությունը, հապճեպությունը: Ավելի լավ չէ՞ր լինի մի քանի ամիս հասարակությանը պատրաստել, բուժհիմնարկներին պատրաստել, նոր հաստիքներ ավելացնել, բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնել, նոր միայն դրանից հետո ներդնել, որ հերթական անգամ լավ գաղափարը չարժեզրկվեր: Մինչդեռ այսօր, եթե համակարգը չկարողանա շատ արագ ներդնել դեղատոմսերի կիրառումը, ժամանակին սպասարկել դեղատոմսի կարիք ունեցող պացիենտներին, ապա ինքը լինելու է նոր դժգոհությունների առաջացման, բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների լարվածության պատճառ, ինչը հանգեցնելու է անվստահության: Այսինքն` հերթական անգամ մենք ինչ-որ լավ բանը մեր հապճեպության, ոչ լավ նախապատրաստման արդյունքում կարող ենք արժեզրկել և կորցնել մի լավ գործիք, որը պետք չէր կորցնել:
- Այսինքն` հիմնական խնդիրն այն է, որ մեր պոլիկլինիկաները դեղատոմսերի կիրառումից բխող ծանրաբեռնվածությամբ չե՞ն կարող աշխատել:
- Կարծում եմ, այո, չեն կարող, որովհետև առանց դրա էլ, մեր առաջնային օղակի բժիշկները ծանրաբեռնված են տարբեր գրագրություններով, մեծաքանակ և բարձիթող եղած հիվանդությամբ կամ բարդ խնդիրներ ունեցող պացիենտներով, սոցիալապես անապահով վիճակում գտնվող պացիենտներով, որոնք շատ հաճախ չեն կարողանում ճիշտ վերահսկել իրենց առողջությունը: Առաջնային օղակում այդպիսի հիվանդների սպասարկումն, իրոք, հանգեցնում է բժշկի ծանրաբեռնվածության, մենք դա շատ լուրջ պետք է գիտակցենք և հաշվի առնենք նաև, որ առաջնային օղակի բժիշկներն իրենք էլ արդեն իսկ մեծամասամբ ծանրաբեռնված աշխատելով, սոցիալական համարժեք աջակցություն չունեն, այդ թվում նաև` մոտիվացված չեն իրենց աշխատավարձերով: Մենք դա պետք է շատ լավ հասկանանք:
Այսինքն` ցանկությունը լավն է, բայց եթե այդ ցանկությունը ճիշտ չի իրականացվում, լուրջ խնդիրներ է առաջացնում: Այդ որոշում կայացնողները վերջին անգամ ե՞րբ են որպես պացիենտ գնացել պոլիկլինիկա և դեղատոմսի համար ժամերով նստել ու սպասել բժշկին: Կամ` ե՞րբ են գնացել ու տեսել, թե ինչ ռեսուրսներ ունեն այդ պոլիկլինիկաներն ու բժիշկները: Թե չէ ծառայողական մեքենայի պատուհանից կյանքը միշտ ավելի գեղեցիկ է երևում, քան իրականում կա: Որոշումը ճիշտ է, եթե քո աշխատասենյակում քո պատկերացրած առողջապահական համակարգն ես տեսնում, բայց եթե իրականը տեսնես, այն մի քիչ ուրիշ է:
- Այդ ամենից բացի, Հայաստանում բարձր է նաև հիվանդացության իրական մակարդակը, այսինքն` շատ մարդիկ են կարիք ունենում դեղերի: Ես հիշում եմ խորհրդային տարիները, 70-ական, 80-ական թվականները, հիշում եմ իմ շրջապատին` ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու հարևաններին, չեմ հիշում որևէ դեպք, որ նրանցից մեկը գլխացավ ու գլխացավի դեղի կարիք ունենար, կամ մարսողության համար անհրաժեշտություն ունենար ինչ-որ դեղի: Ինչպես ասում են, այն ժամանակ սնունդը սնունդ էր:
Սակայն, հիմա բոլորովին այլ իրավիճակ է, իմ շրջապատում թերևս արդեն մեծամասնությունը գլխացավ ունի, նույնիսկ գլխացավ ունեցող երիտասարդներ կան, քիչ չեն մարսողության հետ կապված խնդիր ունեցող մարդիկ: Այսքան դեղատուն որ բացվել է Երևանում ու Հայաստանում (չնայած ՀՀ բնակչության թվաքանակի նվազմանը, դեղատների քանակն անհամեմատելի է խորհրդային տարիներին եղածի հետ), նշանակում է ինչ-ինչ բացթողումների, սխալների, անտարբերության հետևանքով հիվանդացության տոկոսն իրականում շատ բարձր է ու դեղերի մեծ պահանջարկ կա, այլապես այդ դեղատների մեծ մասն իրեն տնտեսապես չէր արդարացնի ու կփակվեր: Դեղերի նկատմամբ այսպիսի մեծ պահանջարկի դեպքում, այս իրավիճակում, հաշվի չառնելով պոլիկլինիկաների հնարավորությունները, մարտի 1-ից որոշ դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից դեղատոմսային դեղերի իրացումը միայն դեղատոմսերով դարձնելը չի՞ հանգեցնի աղետալի վիճակի, կամ տեղիք չի՞ տա հասարակական ցնցումների, հուզումների:
- Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ ունենք բարձր հիվանդացություն: Եթե խոսեմ իմ մասնագիտության գծով, սրտանոթային հիվանդացության վերաբերյալ, ապա, օրինակ, զարկերակային գերճնշումը մեզ մոտ հասնում է շուրջ 30 տոկոսի, չափահաս բնակչության շրջանում յուրաքանչյուր 3-րդն ունի զարկերակային գերճնշման խնդիր: Դա եթե որոշակի ձևով համադրելի է միջազգային տարածվածության թվերի հետ, սակայն արդյունավետորեն հսկվողների, բուժվողների քանակը Հայաստանի Հանրապետությունում ցածր է: Միանշանակ է, որ կյանքի որակն այդ պացիենտների մոտ պետք է վատ լինի, և նրանք հաստատ ամենօրյա դեղամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն ունեն:
Պետք է շատ լավ գիտակցենք, որ այսօր չունենք արդյունավետ պետական կանխարգելման ծրագրեր ոչ միայն սրտանոթային հիվանդությունների, նաև այլ ռիսկի գործոնների հետ կապված: Ցավոք, հիվանդությունների կանխարգելման առումով լուրջ բացթողումներ ունենք: Մենք շատ լավ գիտենք, որ կանխարգելման բացակայությունը հանգեցնելու է այլ հիվանդացությունների, այդ թվում նաև` սրտանոթային հիվանդացությունների բարձրացման, ինչը մենք այսօր ունենք:
Մենք այսօր հետևանքն ենք բուժում, չենք վերացնում պատճառը: Շատ լավ գիտենք, որ էկոլոգիական լրջագույն, սրացված խնդիրներ ունենք, որոնց հսկողությունը, ցավոք, այնքան էլ արդյունավետ չի իրականացվում: Մենք այսօր շատ լավ գիտենք, որ ընդհանուր շարունակական հսկողությունը, մեր դիսպանսեր հսկողությունը, որ ձեր նշած խորհրդային տարիներին արդյունավետ իրականացվում էր, այսօր չի իրականացվում, արդյունավետ հսկողություն չի իրականացվում: Շատ լավ գիտենք նաև, որ բնակչության հիմնական մասը հեգեբանական սրված ու լարված իրավիճակների մեջ է: Մենք շատ լավ գիտենք աղքատության տարածվածության տոկոսը մեր բնակչության շրջանում, իսկ եթե մարդը սոցիալապես վատ պայմաններում է ապրում, ինքը չի կարող հոգեբանական լավ վիճակում լինել, իսկ հոգեբանական վատ վիճակը, սթրեսներն անընդհատ հանգեցնելու են ձեր ասած գլխացավերին, ապատիկ վիճակներին, գերգրգռված վիճակներին, կյանքի որակի վատացմանը:
Մենք շատ լավ գիտենք, որ այսօր հասարակության գերակշիռ մասը սոցիալապես վատ պայմաններում է ապրում, իսկ վատ պայմաններում ապրող մարդը չի կարող առողջ լինել, այդ իսկ պատճառով էլ ցանկացած համակարգ` լինի սրտանոթային համակարգ, նյարդային թե աղեստամոքսային համակարգ, իր նորմալ վիճակից այս կամ այն ձևով խաթարվելու է, իսկ սրացումները հանգեցնելու են առողջական լուրջ խնդիրների: Այդ վիճակը մենք արդեն ունենք ու շատ լավ գիտակցում ենք, որ եթե այսօր մեր հասարակության առողջության պարամետրերն ազնվորեն գնահատենք, հաստատ ունենալու են լուրջ հիվանդացության բարձր թվեր: Ցավոք սրտի, մենք դրա վրա լուրջ ուշադրություն չենք դարձնում, «մենք» ասելով, նկատի ունեմ պետությունը, առողջապահական համակարգը:
Պետք է իրոք կանխարգելիչ ծրագրեր իրականացնել, արդյունավետ ու շոշափելի ծրագրեր, որ պացիենտը դա զգա և մեր առողջապահական ցուցանիշները լավանան, այլ ոչ թե միայն թղթի վրա փորձենք ներկայացնել, թե իրականացնում ենք ծրագրեր: Պացիենտը պետք է զգա, որ իր առողջությանը հետևում ենք: Այսօր մենք հայտնաբերեցինք զարկերակային գերճնշում, բայց միայն հայտնաբերելը քիչ է, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ մարդը բուժվի: Դա կարող է պետությունն անել, որովհետև այժմ մենք ունենք հակահիպերտոնիկ բավական ցածր արժեք ունեցող ղեղամիջոցներ: Թող մեր տեղական արտադրողները ջեներիկ դեղամիջոցներ արտադրեն և այդ 100 դրամանոց, 200 դրամանոց դեղամիջոցներն անվճար տանք պացիենտներին, բայց հսկենք… Դա ավելի էժան կլինի, քան հետո սրտամկանի ինֆարկտով կամ հիպերտոնիկ կրիզով անվճար հոսպիտալացնենք ու պետությունը վճարի դրա դիմաց: Կարծում եմ, հասարակության առողջապահական ցուցանիշներն օբյեկտիվորեն և ազնվորեն գնահատելու պարագայում, կունենանք վատ ցուցանիշներ: Հասարակությունը լիարժեք աջակցության կարիք ունի:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն