Սերգեյ Լավրովը հիշեցրել է Սիրիայի վրա հարձակվելու կապակցությամբ ԱՄՆ-ին Ռուսաստանի խիստ զգուշացման մասին


Սերգեյ Լավրովը հիշեցրել է Սիրիայի վրա հարձակվելու կապակցությամբ ԱՄՆ-ին Ռուսաստանի խիստ զգուշացման մասին

  • 16-03-2018 23:20:21   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Չնայած Արևելյան Ղութայում ռազմական գործողությունները չդադարեցնելու դեպքում Սիրիային, մասնավորապես Դամասկոսի կառավարական թաղամասերին հարվածելու ԱՄՆ-ի բացահայտ սպառնալիքին, որն օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջնագրի նման հնչեցրեց ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, Սիրիայի բանակը հաջողությամբ շարունակում է ահաբեկիչներից ու զինված ընդդիմադիներից Արևելյան Ղութայի ազատագրումը:
Մայրաքաղաք Դամասկոսի հարևանությամբ գտնվող ու ռազմավարական նշանակություն ունեցող Արևելյան Ղութայում ահաբեկիչների ու զինված ընդդիմադիների դեմ Սիրիայի բանակի հաղթանակները հաջորդում են միմյանց: Արևելյան Ղութայի կեսից ավելին արդեն ազատագրված է: Ահաբեկչների հսկողության տակ գտնվող Արևելյան Ղութայի Ալ-Ռեհյան շրջանում գտնվող Խոշ Ալ-Մուբարաքե տարածքն ազատագրելուց հետո, Սիրիայի բանակը չորեքշաբթի գիշեր մտել է Արևելյան Ղութայի Համուրիա շրջան, դրանից հետո ազատագրել է Արևելյան Ղութայի Ար-Ռեհյան շրջանն ամբողջությամբ, իսկ այսօր առավոտյան` Ջիսրինի շրջանը:
Սիրիայի «Ալ-Ախբարիե» գործակալության հաղորդման համաձայն, ահաբեկչներն Արևելյան Ղութայի բնակչության ճնշումների արդյունքում մի խումբ բնակիչների թույլատրել են ապահով անցուղիներով դուրս գալ այդ տարածքից: Մոտ 20 օր առաջ Սիրիայի բանակի զորամիավորները հարձակվելով ահաբեկիչների դիրքերի վրա, նրանց հսկողությունից ազատագրել են Արևելյան Ղութայի մեծաթիվ շրջաններ: Սիրիայի բանակի առջխաղացումը դեռ շարունակվում է: Ըստ Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդման, հաստատված տեղեկություններ կան Արևելյան Ղութայի մոտալուտ ազատագրման մասին:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին մարտի 12-ին ասել է, որ այդ կազմակերպությունում ԱՄՆ-ի ներկայացուցչի արտահայտությունները, որոնցով նա սպառնավել է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի  ռազմական հարձակմամբ, ահաբեկիչներին դրդում են քիմիական զենք օգտագործել:
Ինչպես հաղորդել է ԻՍՆԱ-ն` վկայակոչելով «Ալ-Մայադին» լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը Նիքի Հեյլիի ռազմական սպառնալիքները պատրվակ է համարել Սիրիայի վրա հարձակվելու համար: Բաշար ալ-Ջաֆարին ասել է նաև, որ ահաբեկչությունը հովանավորող պետությունները սովորություն են դարձրել Սիրիայի դեմ հակաքարոզչական արշավներ կազմակերպելը, երբ Սիրիայի բանակը հաջողություններ է ունենում ահաբեկիչների դեմ պատերազմում: ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, Սիրիայի կառավարության իրավունքն է, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին կոչ է արել դադարեցնել ահաբեկչական խմբավորումներին հովանավորելը:
Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Բաշար ալ-Ջաֆարին մարտի 12-ին Սիրիայում ժամանակավոր հրադադարի մասին թիվ 2401 բանաձևի շրջանակներում և դրա գործադրման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցն ունկնդրելու համար գումարված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «Սիրիայում ոճրագործությունների գլխավոր մասն իրականացվում է ամերիկացի զինվորականների միջոցով»: Նա ՄԱԿ-ին կոչ է արել Սիրիայի ժողովրդի դեմ ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին գնահատական տալ:
Բաշար ալ-Ջաֆարին անդրադառնալով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի խաղաղ քաղաքացիների կորուստներին, ասել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի իրավիճակը գնահատելու համար բավարար տեղեկություններ չունի»:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 14-ին Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Ամերիկացիները Սիրիան մասնատելու և այդ երկրում մնալու ծրագիր են մշակում»: Այլ կերպ ասած` խոսքը Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիայի ու մերձավորարևելյան այդ պետության տարածքի մի մասն օկուպացնելու մասին է: ՌԴ արտգործնախարարն ընդգծել է` «Մոսկվան խստորեն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի վրա հարձակվելու կապակցությամբ»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական