Հարութ Սասունյան. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 2


Հարութ Սասունյան. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 2

  • 30-03-2018 17:55:05   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Անցյալ շաբաթ ես ներկայացրեցի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ. ընդունած չորս բանաձևերից երկուսի խեղաթյուրումները, իսկ այժմ կներկայացնեմ մնացած երկուսը.
 
Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. հոկտեմբերի 14-ին.
 
 «Կոչ է անում շահագրգիռ կողմերին հրադադարը դարձնել մշտական ու արդյունավետ, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության oժանդակությամբ ձեռնարկված ուղիղ շփումների արդյունքում՝ ի աջակցություն Մինսկի խմբին»։
 
«Համոզմունք է հայտնում, որ հակամարտությունից բխող մնացած բոլոր հարցերը.... պետք է արագորեն կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԽ Մինսկի գործընթացի համատեքստում»:
 
«Կոչ է անում անմիջապես իրականացնել փոխադարձ և հրատապ քայլեր, որոնք նախատեսված են ԵԱՀԽ Մինսկի խմբի «Նորացված ժամանակացույցի» մեջ, ներառյալ վերջերս գրավված տարածքներից զորքերի դուրս բերումը և կապի ու տրանսպորտի բոլոր խոչընդոտների վերացումը»:
 
«Կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր ոտնահարումներից և վերահաստատում է իր 822 (1993 թ.) և 853 (1993 թ.) բանաձևերում ընդունված կոչը` հակամարտության հետևանքով տուժած բոլոր շրջաններում միջազգային մարդասիրական օգնության համար անխոչընդոտ մուտք ապահովելու համար»:
 
     «Կոչ է անում տարածաշրջանի բոլոր պետություններին ձեռնպահ մնալ թշնամական գործողություններից և ցանկացած միջամտությունից կամ ներխուժումից, որը կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության խաթարմանը»:
 
Ադրբեջանը խախտել է վերոնշյալ դրույթներից յուրաքանչյուրը: Բացի հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներից, 2016 թ. ապրիլին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Արցախի վրա՝ հսկայական վնաս պատճառելով սահմանամերձ բնակավայրերին և սպանելով խաղաղ բնակիչներին: Կտրելով հայ տարեց գյուղացիների ականջներն ու գլխատելով մի քանի հայ զինծառայողների՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարեցին բարբարոսական արարք և պատերազմական հանցագործություն...
 
Հատված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 884 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. նոյեմբերի 12-ին.
 
 «Կոչ է անում Հայաստանի կառավարությանը գործադրել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայության կողմից  822 (1993 թ.), 853 (1993 թ.) և 874 (1993 թ.) բանաձևերի պահանջները կատարելու նպատակով և ապահովել, որ ներգրավված ուժերին միջոցներ չտրամադրվեն իրենց զինված արշավը շարունակելու համար»:
 
Հայ պաշտոնյաները սովորաբար ոչ արձագանքում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին, ոչ էլ փորձում են հստակություն մտցնել դրանցում: Միակ բացառությունը նախագահ Սերժ Սարգսյանի ընդգրկուն ելույթն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2014 թ. սեպտեմբերի 24-ին:
 
Նախագահ Սարգսյանը հայտարարեց. «Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից պատերազմի տարիներին ընդունած չորս բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում»:
 
 «Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը»:
 
«Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման»:
 
«Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (ՄԱԿ-ի ԱԽ 853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (ՄԱԿ-ի ԱԽ 874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը»:
 
 «Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Լեռնային Ղարաբաղի հետ, որն, ի դեպ, 1994 թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում»:
 
 «Ոչ մի բանաձևում Հայաստանը չի ճանաչվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994 թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում Լեռնային Ղարաբաղը հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ»:
 
«Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը»:
 
 «Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով»:
 
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի»:
 
Կցանկանայի ամփոփել՝ ՄԱԿ-ի Անվտանգության չորս բանաձևերի խեղաթյուրումների վերաբերյալ իմ ելույթի հիմնական կետերը. 
 
1)    ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը ընդունվել են 1993 թվականին՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի թեժ ժամանակաշրջանում: Այդ բանաձևերը արտացոլում են այն ժամանակվա պայմանները: Այդ ժամանակից ի վեր իրավիճակը կտրուկ փոխվել է:
2)    Չնայած 1994 թ. Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի ռեժիմին, վերջինս շարունակում է խախտել հրադադարը և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը `Արցախի և Հայաստանի վրա իր հաճախակի հարձակումներով:
3)    Ադրբեջանը դեմ է արտահայտվում Արցախի մասնակցությանը բանակցություններին, դրանով իսկ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
4)    Արցախյան հակամարտության պաշտոնական միջնորդները Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք կազմված են Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ոչ էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:
5)   Իրականում, երբ 2008 թ. Ադրբեջանը Արցախի հարցը բերեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները դեմ քվեարկեցին: Ադրբեջանի առաջարկն ընդունվեց միայն փոքրաթիվ պետությունների կողմից: Ճնշող մեծամասնությունը ձեռնպահ մնաց:
6)  Շրջափակելով Արցախը՝ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: 
7)   Կարևոր է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերում հիշատակվում է ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ միայն որպես միջնորդ՝ համոզելու Արցախի հայերին ընդունելու այս բանաձևերը: 2001 թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը խորհրդարանում ունեցած իր ելույթում ընդունել է այդ փաստը. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չորս բանաձև է ընդունվել.... Այդ չորս բանաձևերում գրված է, որ գրավող ​​բանակը պետք է հեռանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից.... Բայց «Հայաստան» բառը չկա, այսինքն, «հայկական զինված ուժեր» բառերը չկան: Սակայն բանաձևերից մեկում գրված է, որ Հայաստանից պահանջել են՝ ազդեցություն գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա: Իրականում, սա հայ-ադրբեջանական պատերազմ է: Իրականում Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ: Այնուամենայնիվ, ոչ ոք Հայաստանը չի ճանաչում որպես ագրեսոր որևէ միջազգային կազմակերպության փաստաթղթում ...»:
 
Ադրբեջանցիները, որոնք շարունակում են խեղաթյուրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևերը, պետք է հետևեն նախկին նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությանը և ձեռնպահ մնան Հայաստանին մեղադրելուց այդ բանաձևերը խախտելու մեջ, երբ փաստացի Ադրբեջանն է, որ չի կատարում դրանք: 
 
 Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն