Երկու տարի անց. դե ֆակտո սահմաններ եւ միջազգային ամրագրման նախադրյալներ.Շահան Գանտահարյան


Երկու տարի անց. դե ֆակտո սահմաններ եւ միջազգային ամրագրման նախադրյալներ.Շահան Գանտահարյան

  • 04-04-2018 18:40:04   | Լիբանան  |  Վերլուծություն

Ապրիլյան քառօրյայից երկու տարի անց այսօրվա իրավիճակի մասին կարելի է որոշ երեւույթների ընդգծումներ կատարել: Ապրիլյան պատերազմն ըստ էության զրո կետ վերադարձրեց արցախյան բանակցային գործընթացը: Նման հարձակողապաշտություն դրսեւորելով եւ իր առջեւ դրած ռազմական առաջադրանքը չկարողանալով իրականացնելով,  Բաքուն այս ձեւով նվազ արձանագրեց նաեւ դիվանագիտական հարթության վրա:
 
Բանակցությունների թեման թե ՛ Վիեննայում, թե ՛ Սանկտ Պետերբուրգում եւ թե ՛ Ժնեւում ըստ էության կազմեցին ոչ թե հակամարտության լուծման տարբերակային մոտեցումները, այլ հրադադարի ամրակայման որդեգրելի մեխանիզմների ճշտումը: Մշտադիտարկում, հետաքննություն եւ նաեւ այդ բոլորի համար ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման հրամայականը:
 
Բանակցության փլիսոփայությունը հիմնովին եւ կտրուկ շրջադարձ արեց այս ձեւով: Բաքուն խորքում ներքաշվել է իր լարած ծուղակում: Նման բանակցային թեմաների ճշտումը միջնորդական առաքելության կողմից, թեեւ առանց հասցեականության, ըստ էության սակայն թիրախավորել են Բաքվի ռազմաքաղաքական համակարգը: Հրադադար խախտողի, դիվերսիոն գործողություն իրականացնողի եւ դիպուկահարների գործողությունների շարք հրամցնող կողմին են ուղղվել այս բոլոր միջոցների որդեգրման որոշումները:
 
Միջնորդական առաքելությունը անվերջ խոսում է արդիական գործիքակազմով հագեցնելու արցախաադրբեջանական շփման գիծը, սկզբում նախ հայտնաբերելու համար հարձակողապաշտ նախաձեռնողականությամբ հանդես եկողին, ապա նաեւ հետաքննելու այդ կողմը: Այս տրամաբանությամբ էլ հետեւում է երրորդ հրամայականի շեշտումը` ընդլայնել ԵԱՀԿ-ի ներկայացուցչի լիազորությունները, դիտորդների թվի բազմապատկումով եւ շփման գիծը վերահսկելի դարձնելու ուղղությամբ: Վիեննայից Ժնեւ, անցնելով Սանկտ Պետերբուրգից` այս գիծն է, որ կարմիր թելի նման շեշտում է միջնորդական առաքելությունը, որին կողմ է Երեւանը եւ հայտնաբար իր արգելակիչ պահվածքով դեմ է Բաքուն:
 
Չեզոքացնելով ապրիլյան լայնամասշտաբ պատերազմի նախադրյալները՝ հայկական կողմին հաջողվեց դիվանագիտական հարթության վրա համատեղել հայկական եւ միջազգային պահանջները ներկա պահին: Մինչ Ադրբեջանի նախագահը ավելի խորացրեց իր ներքաշումը իր իսկ լարած ծուղակում, երբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային տիրացման նկրտումներ դրսեւորեց ձեւով զառանցումային, էությամբ` ներքին շուկայի համար գրավիչ արտադրություն սպասարկելով: Ադրբեջանի բարձրագույն դիրքերից կատարված այս հայտարարությունը հզոր հարված էր բանակցային գործընթացի փոխզիջումային տրամաբանությանը` ակներեւ ոչ միայն հայկական կողմի այլ միջազգային ընտանիքի համար: Համոզելով բոլորին, որ հարձակողապաշտին, ոչ միայն արցախյան այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ուղղություններով տարածքների գրավման ծրագրեր բարձրաձայնող, իր ժողովրդի մեջ հայատյացության գաղափարախոսություն տարածող կողմի նկատմամբ միայն զսպիչ-պատժիչ գործողությունների ընտրանք է պարտադրվում այս կերպ: Իսկ միջազգային ընտանիքի համար հրամայական  է դառնում շփման գծի վերահսկողությունը, այդ ձեւով կանխարգելելու համար Բաքվի կողմից հրապարակվող ծրագրերը:
 
Այս բոլորի մեջ հայկական կողմի եւ միջազգային ընտանիքի մոտեցումների միջեւ ընդգծվում է մոտեցումների համատեղելիությամբ նկատվող մի այլ իրականություն : Շփման գիծը, որի երկայնքով գործիքակազմ, մշտադիտարկում, հետաքննություն եւ հագեցած արհեստագիտություն է ուզում տեղադրել եւ համապատասխան վերահսկող գործողություններ իրականացնել ԵԱՀԿ-ը, ըստ էության այսօրվա դե ֆակտո սահմաններն են: Այդ  սահմանների միջազգային ամրագրման  են միտում միջնորդական առաքելության կողմից իբրեւ հրամայական շեշտվող իրականանալի գործողությունները:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play