Չեխիան Իսրայելի միջոցով ապօրինի զենք է վաճառում Ադրբեջանին.Հարութ Սասունյան


Չեխիան Իսրայելի միջոցով ապօրինի զենք է վաճառում Ադրբեջանին.Հարութ Սասունյան

  • 25-04-2018 13:19:24   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
 
Սկզբնական շրջանում հայտնի չէր, թե այդ զենքներն ինչպես էին հասել Բաքու, հաշվի առնելով, որ Չեխիայի Հանրապետությունը որևէ թույտվություն չէր տվել իր արտադրողներին նման զենք վաճառել Ադրբեջանին: Համաձայն Չեխիայի օրենսդրության՝ արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները պետք է հաստատեն արդյունաբերության և առեւտրի նախարարության առաջարկած զենքի վաճառքի վերաբերյալ դիմումները:
 
Միաժամանակ, Եվրամիությունը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հանձնարարել են, որ իրենց անդամ երկրները զենք չմատակարարեն Ադրբեջանին և Հայաստանին՝ Արցախյան հակամարտության պատճառով:
 
Բացի դրանից, Ադրբեջանին զենքի վաճառքը կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականի հուլիսի 29-ին ընդունված 853 բանաձևը, որը կոչ էր անում անդամ պետություններին «ձեռնպահ մնալ ցանկացած տեսակի զենք և զինամթերք մատակարարելուց, որոնք կարող են հանգեցնել [Ղարաբաղյան] հակամարտության խորացմանը և տարածքների շարունակական գրավմանը»: Արդեն մի քանի երկրներ խախտել են Անվտանգության խորհրդի այս բանաձևը, ներառյալ Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Պակիստանը:
 
Ի պատասխան, Չեխիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յան Պեյշեկը հայտարարել է, որ «Նախարարությունը չի հաստատել զենքի որևէ տեսակի արտահանում Ադրբեջան»: Մինչդեռ Չեխիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Իրեն Վալենտովան Պրահայի Daily Monitor-ին ասել է, որ «թույլտվություն չի տրվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Ադրբեջան, իսկ 2016-2017 թթ. մերժվել են արդիականացված «Դանա Մ1» հաուբիցների և RM-70 հրթիռային կայանքների արտահանման որոշ արտոնություններ, և ԵՄ գործընկեր երկրներին տեղյակ են պահել այդ մերժման մասին»:
 
2016 թվականին «Ադրբեջանը Չեխիայի Հանրապետությունից գնել է մեկ միլիոն եվրո արժողությամբ ոչ մահացու զենք, որը երեք անգամ քիչ է երեք տարի առաջ ձեռք բերվածից», հաղորդում է Hospodarske Noviny թերթը:
 
Նախկինում, երբ Ադրբեջանը փորձել է զենք ներկրել Չեխիայից, նման ռազմական առաքումների համար թույլտվությունը մերժվել է:
 
Պրահայի Daily Monitor թերթը հաղորդել է, որ «Չեխիայի իշխանություններն ու գաղտնի ծառայությունները ուսումնասիրում են, թե ինչպես են չեխական զենքերը ... հասել Կովկաս»:
 
Միևնույն ժամանակ, Slovak Spectator-ը 2018 թ. ապրիլի 17-ին բացահայտել է, որ «Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանը օգտագործվել է որպես տարանցիկ կետ՝ չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան հասցնելու համար... Հաղորդվում է, որ զենքն արտադրվել է Czechoslovak Group Holding-ի կողմից, որի սեփականատերը չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է, ըստ Չեխիայի հեռուստատեսության....Սլովակյան զենքի արտադրության MSM ընկերության աշխատակիցներից մեկը պատմել և նկարագրել է, թե ինչպես են հին զենքերը վերանորոգվել Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող իրենց գործարանում, իսկ հետո Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան, հաղորդում է TASR-ն:
 
MSM ընկերության աշխատակիցը, Սլովակիայի TASR լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխական հեռուստաընկերության լրագրողներին ասել է՝ «Ամբողջ գործընթացը սկսվում է «Դանա» տեսակի հին հաուբից բերելով, որն ընկերության կողմից մասերի է բաժանվում.... Նոր սարքավորումները, ներառյալ նավիգացիոն, տեսախցային և կապի համակարգերն ուղարկվում էին Իսրայելից, հավելել է աշխատակիցը: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք պայմանագիր են ստորագրել 18 հաուբից և 15 հրթռիային կայանք այս տարի, և նույն քանակությամբ հաջորդ տարի մատակարարելու վերաբերյալ.... Ընկերությունը հաստատել է «Դանա Մ1» և RM-70 համակարգերի մատակարարումը Իսրայելին »:
 
Slovak Spectator-ը «նույնիսկ արձանագրել է զենքի նման տեղափոխում տեսախցիկների միջոցով», որը հաստատում է զենքի առաքումը Իսրայել և այնտեղից մաքսանենգ ճանապարհով դեպի Ադրբեջան: «Մի հրթիռի տեղափոխումն իրականացվել է 2017 թ. դեկտեմբերի 27-ին Տրենչինից դեպի Բրատիսլավայի օդնավակայան, որտեղ այն տեղափոխվել է ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Silk Way ինքնաթիռով: Այնուհետև օդանավը մեկնել է Թել Ավիվ՝ Իսրայել, որտեղ գտնվում է «Էլբիթ» ընկերությունը, որը ներկայացված է որպես վերջնական սպառող: Աղբյուրը նաև պարզել է, որ ինքնաթիռը շարունակել է իր ճանապարհը դեպի Բաքու, Ադրբեջան:  Իսրայելում ինքնաթիռից ոչինչ չի իջեցվել, այն միայն կանգ է առել՝ համոզվելու, որ փաստաթղթերը կարգին են», ասել է MSM-ի աշխատակիցը Չեխիայի հեռուստատեսությանը: «Ինքնաթիռն Իսրայելի օդանավակայնից ուղիղ թռիչք է կատարել դեպի Ադրբեջան», գրել է Slovak Spectator-ը:
 
Խորհուրդ կտայի Հայաստանի պաշտոնյաներին՝ անմիջապես բողոքներ ներկայացնել Չեխիայի, Սլովակիայի և Իսրայելի կառավարություններին՝ իրենց արտահանման դրույթները շրջանցելու, և ԵՄ, ԵԱՀԿ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ առաջարկած արգելքները խախտելու համար:
 
Եթե նման բողոքներ չներկայացվեն, ապա այս երեք և մի շարք այլ երկրներ կխրախուսվեն՝ ավելի մահաբեր զենքեր առաքելու Ադրբեջանին, որոնք կօգտագործվեն հայ զինվորներին և քաղաքացիական անձանց սպանելու ու վիրավորելու համար:
 
 
 
Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
 

 
Նոյյան տապան  -   Վերլուծություն