Փաշինյանը խաղասեղանին է դրել իր ամենակարեւոր հաղթաթղթերից մեկը


Փաշինյանը խաղասեղանին է դրել իր ամենակարեւոր հաղթաթղթերից մեկը

  • 30-07-2018 17:48:33   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը։

 

-Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Կարո՞ղ ենք ասել, որ աննախադեպ իրավիճակ է։
 
 
-Աննախադեպ վիճակ չկա, Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, իշխանափոխությամբ իշխանության եկած ուժի և հասարակության լայն հատվածի կողմից տեղի ունեցածն ընկալվում է որպես հեղափոխություն, իսկ հեղափոխությունը փափուկ և «պուպուշ» գործընթաց չէ, այն ենթադրում է արտառոց իրավիճակներ: Քոչարյանի ներգրավվումը որպես մեղադրյալ, ընդհանրապես Մարտի 1-ի գործի վերաբացումը ենթադրելի էր՝ հաշվի առնելով, որ իշխանության է եկել մարդ, ով իր քաղաքական բեմելը սկսել է 2008 թ. իրադարձություններով: Եթե, օրինակ, իշխանությունը ստանձներ ոչ թե Փաշինյանը, այլ, ասենք, Կարեն Կարապետյանը, միգուցե այս թեման չվերաբացվեր, քանի որ այն Կարապետյանի համար նշանակություն չէր ունենա: Բայց քանի որ իշխանության է եկել մարդ, ով անմիջական կապ ունի այդ իրադարձությունների հետ, ով իր ընդդիմադիր հռետորաբանության մի ահռելի մաս կառուցել է հենց մարտիմեկյան թեմայի վրա, ենթադրելի էր այն, ինչ հիմա տեղի է ունենում։ 
 
-Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում հայտարարում էր, որ որևէ իրավական հիմք չկա իր նկատմամբ քրգործ հարուցելու համար, և որ սա նպատակ ունի չեզոքացնելու իրեն հնարավոր քաղաքական գործընթացներից: Որքանո՞վ նա առհասարակ կարող էր քաղաքական հայտ ներկայացնել և հաջողել:
 
-Քոչարյանը նշում է, թե ինքը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի և չի ունեցել, բայց ակնարկում, որ դեպքերի նման զարգացման դեպքում կարող է զբաղվել: Իրականում, սակայն, Քոչարյանը պաշտոնաթողությունից հետո շարունակել է զբաղվել քաղաքականությամբ, գուցե ոչ նույն ակտիվությամբ, գուցե ոչ իր դեմքով, գուցե ոչ ուղղակիորեն, բայց զբաղվել է: Սերժ Սարգսյանի համակարգում, սակայն, Քոչարյանի անմիջական վերադարձի ռիսկը մինիմալացված էր: Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը բազմաթիվ հարցերում հակադրություններ ունեին, բայց Սարգսյանը Քոչարյանին երաշխավորում էր ֆիզիկական ու սեփականության անձեռնմխելիություն: Ինչ-որ պահերի նրանց հարաբերությունները կրկին սրվում էին, բայց հետո նրանք գալիս էին կոմպրոմիսի, ինչի գինը նշածս անձեռնմխելիությունն էր: Հիմա, երբ Սարգսյանն այլևս իշխանություն չունի, չկա նաև երաշխավոր Քոչարյանի անձեռնմխելիության համար:
 
Սակայն կա հարցի մյուս կողմը ևս` այժմ չկա ոչ միայն անձեռնմխելիություն, այլև, ըստ էության, արդեն չկա նաև որևէ զսպանակ, որ կխոչընդոտեր Քոչարյանի վերադարձը քաղաքականություն: Իհարկե, բանտից քաղաքականությամբ զբաղվելը տեխնիկապես բարդ է, Փաշինյանի իշխանությունը առայժմ հանրային լայն վստահություն է վայելում, բայց կան հարակից այլ հանգամանքներ, որոնք կարող են բերել Քոչարյանի հնարավոր վերադարձին քաղաքականություն, օրինակ այն, որ Հայաստանում այս պահին ընդդիմության հաստիքը թափուր է, ՀՀԿ-ն`հանրային ահռելի անվստահության ֆոնին, չի կարողանում այդ դաշտը ստանձնել ու ընկալվել որպես իրական ընդդիմություն: Մեկ այլ նախապայման ևս կա. հին համակարգը ֆորմալ առումով չկա, բայց ամբողջովին այն չի անհետացել, միաժամանակ չի ձևավորվել նոր համակարգը: Այս անորոշության պայմաններում, հին համակարգի որևէ մոբիլիզացիա որևէ ֆորմատով բացառել պետք չէ:
 
-Ի՞նչ նոր իրավիճակ է ստեղծում Քոչարյանի կալանավորումը քաղաքական վերադասավորումների առումով՝ հաշվի առնելով ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի արձագանքը։
 
-Տեսեք, եթե ՀՅԴ արձագանքը որոշակիորեն հասկանալի է՝ հաշվի առնելով նրանց կապերը Քոչարյանի հետ, ապա ՀՀԿ դեպքում որոշակի անակնկալներ կան: Իհարկե, ՀՀԿ-ն Քոչարյանի օրոք մեծամասնություն էր ԱԺ-ում, երկրորդ դեմքի`Սերժ Սարգսյանի, հետևաբար, նաև ողջ իշխանության, այդ թվում Քոչարյանի քաղաքական հենարաններից էր: Բայց 2008-ից սկսած մենք տեսել ենք, թե ինչպես է ՀՀԿ-ն մարտնչել Քոչարյանի դեմ, ինչպիսի քննադատություններ են նրա հասցեին հնչեցրել նույն Աշոտյանն ու Շարմազանովը, որոնք այս օրերին հայտնվել են Քոչարյանին եթե ոչ պաշտպանողների, գոնե չքննադատողների շարքերում: Հիմա, սակայն, ՀՀԿ դիրքավորումն ու հռետորաբանությունը փոխվել է: Հին համակարգը և դրա կարևոր մասնիկներից ՀՀԿ-ն այժմ անորոշության մեջ են, Փաշինյանը կարծես հրաժարվում է ճանաչել ՀՀԿ-ի`որպես ընդդիմություն դերակատարությունը, որին հանրապետականները սիրով կհամաձայնվեին: Այս անորոշությունը, բնականաբար, դրդում է նոր դաշնակիցներ փնտրել քաղաքական դաշտում, նոր դիրքավորումներ փնտրել: Խնդիրը պարզ ու միանշանակ չէ: Այնպես չէ, որ ՀՀԿ-ի արձագանքից կարող ենք դատել, որ նրանք պատրաստ են կոնսոլիդացվել Քոչարյանի շուրջ: Բնավ ոչ: Բայց Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են դառնալ այն դաշտը, որտեղ տեղի կունենան նոր վերադասավորումները: Իսկ թե ինչպիսին կլինի այդ վերադասավորումների վերջնական տեսքը, դժվար է ասել:
 
Ամեն դեպքում պարզ է մի բան` Փաշինյանը խաղասեղանին գցել է իր ամենակարևոր հաղթաթղթերից մեկը, ընդ որում՝ ենթադրվող ժամկետից ավելի շուտ, և հիմա կողմերը սկսում են խաղարկել այս պարտիան: Այս իմաստով հետաքրքիր է նաև հենց Քոչարյանի ներկայության հանգամանքը: Նա կարող էր չգալ Հայաստան, բայց եկել է ու կարծես պատրաստ է առերեսվել այս նոր իրավիճակին:
 
-Մարտի 1-ի բացահայտումը կարո՞ղ է դառնալ Նիկոլ Փաշինյանի ամենաառանցքային դիվիդենտը առաջիկա ընտրություններում։
 
-Ես չեմ բացառում, որ Մարտի 1-ը Փաշինյանի համար ունի անձնական ու բարոյական նշանակություն: Բայց չեմ ուզում դատել այդ ենթադրությունից ելնելով, որովհետև, ի վերջո գործ ունենք քաղաքականության հետ: Մարտի 1-ը բավական համալիր և լուրջ գործ է: Այն իր մեջ պարունակում է քաղաքական բռնության բաղադրիչ, իշխանության և հասարակության միջև անջրպետ, դատական համակարգի քաղաքականացված լինելու էլեմենտներ, բանակը և ոստիկանությունը ներքաղաքական հարցերում օգտագործելու էլեմենտներ, ընտրությունների կեղծված լինելու և ընտրությունների ինստիտուտի խափանման էլեմենտներ, իշխանության և ընդդիմության միջև անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի դրսևորումներ և այլն: Այսինքն, սա բավական մեծ հարց է, տարողունակ, բազմաթիվ բաղադրիչներով: Ենթադրում եմ, որ այդ տարողունակ խնդիրն ամբողջովին բացելու համար բավական երկար ժամանակ է պետք: Խոսքը ոչ միայն բուն քրեական գործի մասին է, այլ ընդհանրապես Մարտի 1-ի մասին` որպես քաղաքական և իրավական ընդգրկուն գործ:
 
Իհարկե պարզ է, որ մարտի 1-ի ողջ իրավական պատասխանատվության կրողն այդ պահի իշխանությունն է՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի: Որևէ կասկած չի կարող լինել այս հարցում: Բայց հաշվի առնելով այդ գործի տարողունակությունը, դրա ոչ միայն իրավական, այլ հասարակական ու քաղաքական նշանակությունը, ես ենթադրում էի, որ այլ մոտեցում կլիներ գործին, այն կուսումնասիրվեր ավելի համալիր: Հիմա, սակայն, մենք տեսնում ենք առանձին լոկալ գործընթաց, որի կենտրոնում Քոչարյանն է: Շատ ճիշտ եք, երբ ասում եք, որ այս գործը կարող է դառնալ Փաշինյանի առանցքային դիվիդենտը, ընդ որում՝ ոչ միայն ընտրություններում, այլև քաղաքական իր կյանքում ընդհանրապես: Բայց որպեսզի այն դառնա իսկապես լուրջ դիվիդենտ, այն պետք է դիտվեր հենց նշածս համալիր տեսանկյունից: Այժմ սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրը լոկալացվել է: Մտավախություն ունեմ, որ նոր իշխանությունները պարզապես ժամանակից շուտ հասարակությանն են մատուցել իրենց հիմնական հաղթաթղթերից մեկը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ