Իրանը զգուշացնում է՝ իր վրա հարձակվող թշնամին անպատիժ չի մնա, կստանա իրանական հրթիռների հարվածը, կհանդիպի նաև գաղտնի զինատեսակների (տեսանյութեր)
17-08-2018 23:48:33 | ԱՄՆ | Քաղաքական
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի նախարարի տեղակալ, գեներալ Ղասեմ Թաղիզադեի հավաստմամբ, թշնամու սպառնալիքի համապատասխան՝ զենք, զինամթերք, հրթիռներ և առաջադեմ պաշտպանության համակարգեր են արտադրվել երկրում:
Գեներալն ասել է, որ այսօր Իրանը կարողանում է արտադրել տարբեր տեսակի, կործանիչներ, հրթիռներ, տանկեր, ռազմանավեր, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և այլ զինտեխնիկա:
Ըստ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի նախարարի տեղակալի, «Այսօր Իրանի զինված ուժերը տիրապետում են տեխնիկական բոլոր գործընթացներին և ռազմավարական ու մարտավարական ոլորտներում հաղթահարել են բոլոր խոչընդոտները»:
Գեներալ Ղասեմ Թաղիզադեի տեղեկացմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական կարողություններից շատերը գաղտնի են և միայն թշնամիների հետ պատերազմի դաշտում կհայտնվեն:
«Անկասկած, ԻԻՀ-ում ստեղծվող կանխարգելող ուժի պատճառով ԱՄՆ-ը չի համարձակվի պատերազմի մեջ մտնել Իրանի հետ»,- ասել է նա:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք պատերազմ չի հրահրել, սակայն պատրաստ է պաշտպանել երկիրը և պարտության մատնել ագրեսորին»,- ընդգծել է Թաղիզադեն: