Նույնիսկ հրեաներն ու արաբներն են տեսել Սրբոց Հակոբյանց վանքն իրենց ձեռքերով արկերից պաշտպանող հայ սրբերին
07-09-2018 23:09:35 | Հայաստան | Առեղծվածներ
Սրբոց Հակոբյանց վանքի պահապանները փրկել են այնտեղ պատսպարված Հայոց թաղամասի բնակիչներին: Մինչ Աշոտ Հունանյանի «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում շարադրված այս պատմությունն ընթերցողներին ներկայացնելը, տեղեկացնենք, որ ըստ Giteqte.com կայքի, «Երուսաղեմի Հայոց Պատրիարքության մայրավանք Սրբոց Հակոբյանց վանքի ամենահին մասը կառուցվել է 4-րդ դարի սկզբին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից՝ Տրդատ թագավորի հովանավորությամբ և օժանդակությամբ: Իսկ բուն այսօրվա տաճարը հիմնադրվել է 12-րդ դարում, ճիշտ այնտեղ, ուր քրիստոնեության առաջին դարերից սկսած ապրում էին հայ վանականներ և հոգ էին տանում սրբավայրերին՝ իրենց օրն անցկացնելով աղոթքով և պահեցողությաբ:
Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի տեղում է գտնվել Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի բնակարանը: Հնագետների կարծիքով տաճարի հյուսիսային պատը առաջին դարից մնացած հնագույն մասն է»:
Մերձավոր-արևելյան բախումը, հատկապես, երբ այն վերաճել էր պատերազմի, անդրադարձել էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վրա: 1948 թ. առաջին արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Երուսաղեմի Հայոց թաղամասի բնակիչները խաչաձև հրետակոծությունից պատսպարված են եղել Սրբոց Հակոբյանց վանքի (հիմնադրվել է 4-րդ դարի սկզբում Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, Ս. Տրդատ արքայի հովանավորությամբ և աջակցությամբ, ճիշտ այն տեղում, ուր քրիստոնեության առաջին դարերից ի վեր ապրում էին հայ վանականներ և հոգ տանում սրբավայրերին) ամուր պատերի հովանու ներքո, իհարկե, նախ և առաջ եկեղեցու ներսում:
«Միայն մեկ գիշերվա ընթացքում մոտավորապես 1000 արկ պայթեց Սրբոց Հակոբեանց եկեղեցու մերձակայքում, դրանցից ոչ մեկը չդիպավ անմիջապես շինությանը և ոչ մի վնաս չհասցվեց եկեղեցուն, որն ուղղակի հրաշք է համարվում,- գրել է Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը (Настоятель монастыря Святых Архангелов. Кандидат богословских наук “Размышления на тему Халкидона. Армянское достояние на святой земле” Иерусалим 2010 стр. 68-69):- Այդ գիշեր բազմաթիվ մարդիկ՝ դրա մասին վկայել են ոչ միայն հայերը, այլև հրեաներն ու արաբները, տեսել են երեք այրերի պատկերներ, որոնք եկեղեցու գմբեթի վրա կանգնած՝ իրենց լայնատարած ձեռքերով պաշտպանում էին եկեղեցին՝ դեպի այն սլացող արկերից:
Դրանք էին Սրբոց Հակոբեանց տաճարում ամփոփված Սբ. Հակոբ Տյառնեղբայրը, Սբ. Հակոբ Գլխադիրը և 4-րդ դարի երուսաղեմյան Մակար եպիսկոպոսը»:
Բոլոր նրանց, ովքեր կհետաքրքրվեն «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքով, տեղեկացնենք, որ այն վաճառվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրախանութների ցանցում, «Շողակաթ» գրախանութում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութում: