ՀՀԿ-ն հրաժարվեց Քոչարյանից


ՀՀԿ-ն հրաժարվեց Քոչարյանից

  • 10-09-2018 15:55:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Մեր իշխանության տարիները եկեք հաշվենք 2008-ից, երբ նախագահ դարձավ ՀՀԿ նախագահը, 2002 թվականը մեր իշխանության տարիները չէին, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա այդպես անդրադարձել է հարցին, թե 2002 թվականից ՌԴ քաղաքացիություն ունեցող Միքայել Հարությունյանն ինչպես կարող էր նշանակվել բարձրագույն զինվորական պաշտոնի:
 
ՀՀԿ-ն, ի դեմս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի, հրապարակավ հրաժարվում է Ռոբերտ Քոչարյանից, թեեւ այս դեպքում դա ավելի շուտ հավասարազոր կլինի ուրանալուն:
 
 
Բանն այն է, որ զուտ քաղաքագիտական առումով ՀՀԿ-ն իհարկե իշխանություն չէր, ինչին հղում է անում Աշոտյանը, սակայն Հանրապետականը իշխանություն էր Քոչարյանի հետ պայմանավորվածությամբ: Այդ պայմանավորվածությունը ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ձեռք բերեց մարտի 3-ից հետո, երբ Միասնություն դաշինքը տալիս էր իր Կարապի ասուլիսը, պահանջելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Երկու ամիս անց Անդրանիկ Մարգարյանն արդեն վարչապետ էր, Սերժ Սարգսյանը նրա կառավարությունում պաշտպանության նախարար, իսկ ասուլիսում Անդրանիկ Մարգարյանի հետ ուս-ուսի նստած Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանն այլեւս նրա հետ չէին, Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի կազմած Միասնություն դաշինքն այլեւս չկար:
 
2000 թվականի մայիսից գործում էր Ռոբերտ Քոչարյան-ՀՀԿ-Սերժ Սարգսյան դաշինքը: Այդ իմաստով ՀՀԿ-ն անշուշտ բացարձակ իշխանություն չէր: 2003 թվականին եղավ ՕԵԿ-ՀՅԴ-ՀՀԿ խորհրդարանական կոալիցիան: Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ին իշխանություն չէր վստահի, մարտի 3-ի օրինակով տեսնելով, թե հանուն իշխանության ինչի է պատրաստ ՀՀԿ-ն:
 
Սերժ Սարգսյանը 2007 թվականից իշխանություն վստահեց ՀՀԿ-ին՝ բացարձակ իշխանություն, նախ խորհրդարանում, երբ Հայաստանն այլեւս կիսանախագահական կամ կիսախորհրդարանական պետություն էր: Սակայն Սարգսյանն այդպես էլ չվստահեց պետական քաղաքականության որեւէ կարեւոր որոշում, ինչի մասին ՀՀԿ-ականները տեղեկանում էին կամ գիշերը վերջին պահին, կամ առավոտյան՝ արեւի առաջին ճառագայթների հետ:
 
Ինչու՞ չվստահեց Սարգսյանը, դա իհարկե առանձին խոսակցության առարկա է, որի առիթն ունեցել եմ դեռեւս նրա նախագահության տարիներին ՀՀԿ հետ նրա հարաբերության առնչությամբ մի շարք հոդվածներով: Նախ իհարկե Սերժ Սարգսյանը Քոչարյանից շատ ավելի լավ էր ճանաչում ՀՀԿ-ն, ըստ այդմ նա չէր կարող Քոչարյանից ավելի վստահել նրան, եւ բացի այդ էլ Սերժ Սարգսյանը պատկերացնում էր իր հայտնի բնույթով ու տրամաբանությամբ ՀՀԿ-ն իշխանությունից որեւէ կերպ հեռացնելու ռազմավարական հրամայականը, լավ գիտակցելով, որ առանց դրա Հայաստանի համար աղետը դառնալու է անխուսափելի, իսկ դրա համար անխուսափելի է դառնալու նաեւ իր անձնական պատասխանատվությունը: Եթե Հայաստանի համար նա մտահոգված էլ չէր, ապա առնվազն անձնական պատասխանատվության համար մտահոգությունն անխուսափելի էր:
 
Դա էր պատճառը, որ Սարգսյանը լցվեց ՀՀԿ իշխանությունն ինտենսիվ «բացարձակացնելու» գործընթացին: Թե հատկապես ինչպես էր պատկերացնում նա հանգուցալուծումը, այստեղ իհարկե հնարավոր սցենարներն ու տարբերակները կարող են լինել մի քանիսը, սակայն գործնականում փաստ է, որ Սերժ Սարգսյանը «հասունացրեց» իշխանությունից ՀՀԿ հեռացումը:
 
Դրա համար էլ ՀՀԿ-ն նախ ուրացավ Սերժ Սարգսյանին՝ ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 2-ը, աստիճանաբար հարելով Ռոբերտ Քոչարյանին: Հիմա ՀՀԿ-ն ուրանում է Ռոբերտ Քոչարյանին, որը 2000 թվականին գործնականում ապահովեց ՀՀԿ համար իշխանության գոնե մի մասը, իհարկե մեծ հավանականությամբ ավելի շուտ Սերժ Սարգսյանի շնորհիվ:
 
Ընդ որում հատկանշական է, որ այժմ Քոչարյանի ուրացումը տեղի է ունենում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, որն ըստ երեւույթին ՀՀԿ-ին օգնեց կամ ստիպեց հասկանալ, որ Քոչարյանից ավելի հուսադրող կարող է լինել Կոնրադ Ադենաուերը՝ հիմնադրամը, որի հետ Սերժ Սարգսյանը քննարկում էր կուսակցության վերափոխման ճանապարհային քարտեզը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play