Նիկոլ Փաշինյանն ունի նոր գործիք Կրեմլի հետ հարաբերությունների համար, որը գնալով մաշվում է


Նիկոլ Փաշինյանն ունի նոր գործիք Կրեմլի հետ հարաբերությունների համար, որը գնալով մաշվում է

  • 10-09-2018 16:57:47   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը
 
-Պրն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին տեղի ունեցած Պաշինյան-Պուտին հանդիպումը։ Փաշինյանը հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների միջև խնդիրները պետք է լուծվեն սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա։ Կարո՞ղ ենք ասել, որ հայ-ռուսական հարաբերություններին նոր մեկնարկ է տրվում նոր սկզբունքներով։
 
 
-Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բավարար է հարաբերությունների ռեստարտի և նոր սկզբունքների հիման վրա կառուցելու համար։ Չեմ կարծում, թե երբևէ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի որևէ իշխանություն անտեսել է սուվերենության ռեսուրսը կամ երազել է ռուսների՝ մեր ներքին գործերին միջամտելու խնդրում: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն ունի բացարձակ նոր գործիք Կրեմլի հետ հարաբերությունների համար. դա նրա լեգիտիմության մեջ Ռուսաստանի գործոնի բացակայությունն է, մինչդեռ մինչ այժմ այս գործոնը չի օգտագործվել, և, ցավոք, գնալով այն մաշվում է։
 
Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր հիմքի վրա կառուցելու համար անհրաժեշտ է ցուց տալ Հայաստանի կարևորությունը նոր աշխարհքաղաքական իրավիճակում՝ կապված Թուրքիայում, Իրանում, Վրաստանում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած զարգացումների հետ։ Ռեստարտի հիմք կարող է հանդիսանալ նաև, երբ Հայաստանը սկսի նոր որակի հարաբերություններ Արևմուտքի հետ՝ որպես Ռուսաստանի հետ վարվող քաղաքականության եթե ոչ այլընտրանք, ապա լրացում։ Սրանք միջազգային հարաբերություններում փոքր երկրների ինքիշխանության ապահովման այբուբենից են։ Մինչդեռ մենք այս 4 ամսում նշված ուղղություններով միայն հետընթաց ենք ունեցել։
 
-Փաշինյանը, արձագանքելով Լավրովի մտահոգությանը ՀԱՊԿ առջև Հայաստանի պարտավորությունների կատարման մասին, ասել էր, որ նաև պետք է ճշտել ՀԱՊԿ պարտավորությունները Հայաստանի առջև։
 
-Բայց կարո՞ղ է մեր ՊՆ-ում ու ԱԳՆ-ում մինչև հիմա գրագետ մարդ չկար, որ կարդար այդ պայմանագրերը, էլ չեմ ասում, թե ենթադրում ենք, որ առանց կարդալու ենք ստորագրել այդ թղթերը։ Գրվածը մի բան է, իսկ իրականությունն այն է, որ քայլերը առաջին հերթին ճշգրտվում են Ռուսաստանի հետ, իսկ մյուսների հետ միայն այն դեպքում, երբ նրանք ցույց են տալիս, որ իրենք իրենցից բան են ներկայացնում։ Հիմա մենք որոշել ենք, որ բան ենք ներկայացնելու, բայց պետք է ասենք, թե ինչո՞ւ ենք այդպես որոշել։ Եթե կրկին չասենք, որ մենք հեղափոխություն ենք արել, ապա կարծես ուրիշ նորություն չունենք ներկայացնելու։
 
-Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա բոլոր խնդիրները լուծելի են, և հարաբերությունները փայլուն են։ Կիսո՞ւմ եք Փաշինյանի գնահատականը՝ հաշվի առնելով, որ հանդիպումից մեկ օր առաջ Մոսկվան հայտարարեց, որ չի հանձնելու Միքայել Հարությունյանին։
 
-Իհարկե, բոլոր խնդիրները Ռուսաստանի հետ լուծելի են, սակայն միայն Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության պայմաններում։ Եթե մենք շարժվենք Պուտինին չջղայնացնելու քաղաքականությամբ, ապա խնդիրներ չենք լուծի, իսկ եթե խնդիրների շրջանակում ի նկատի ունենանք Միքայել Հարությունյանի արտահանձնումը, ապա գոնե այդ խնդիրը երբեք չենք լուծի։
 
 -Գործարար Ռուբեն Վարդանյանը Փաշինյանին մեղադրել է գործարարների հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք ունենալ մեջ, նաև խոսել է քաղաքացիական պատերազմի ու անկայության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները և արդյոք դրա տակ կար քաղաքական ենթատեքստ։
 
-Կարծում եմ՝ քաղաքացիական պատերազմի մասին խոսելը չափազանցություն է։ Իսկ գործարարների խնդիրներին Նիկոլ Փաշինյանը ոչ թե անհարգալից է վերաբերվում, այլ ունի ուրիշ առաջնահերթություններ, որոնցից առաջիններից են կոռուպցիոներներին պատժելը և ԱԺ ընտրությունները։ Կարծում եմ՝ նոր Հայաստանի կառավարությունը չի ունենա առանձնակի վերաբերմունք գործարարների նկատմամբ, այլ իր պատկերացումներով կստեղծի պայմաններ, որպեսզի նրանք կարողանան լավագույնս առաջ տանեն իրենց բիզնեսը։
 
Ինչ վերաբերում է անկայունությանը, ապա, իհարկե, այն կա, և նույնիսկ խոսքը չի վերաբերում քաղաքական անկայունությանը։ Դեռևս չեն հստակեցվել նոր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները (խոսքը չի վերաբերում Նիկոլ Փաշինյանի լայվում նշված տնտեսության առաջնահերթ բնագավառների մասին ցանկություններին), պարզ չէ, որ խնդիրն ենք առաջին հերթին լուծելու՝ գործազրկությա՞ն, արտասահմանյան վարկերը մարելո՞ւ, բարձր շահութաբերությա՞ն, գնաճի դեմ պայքարի՞, թե՞ այլ. այս խնդիրները միաժամանակ չի կարելի լուծել, ավելին, դրանցից մեկի ուղղությամբ աշխատանքը խոչընդոտում է մյուս նպատակին։
 
Ճիշտն ասած, Ռուբեն Վարդանյանի խոսքերում կարելի է նաև քաղաքական ենթատեքստ տեսնել, քանի որ ոչ մի ռուսահայ օլիգարխ զուտ տնտեսական նպատակներով Հայաստանում բիզնես չի ծավալում, բայց կար նաև շատ լուրջ գործարար մտահոգություն։
 
-Ի՞նչ եք կարծում, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինչ-որ կերպ կփորձի Ռուսաստանը միջամտել, թե հստակեցվեց, որ Հայաստանը սուվերեն պետություն է։
 
-Այնուամենայնիվ, մենք՝ բոլորս, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, շատ քիչ բան գիտենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին. արդյո՞ք դրանք կլինեն հերթական, թե արտահերթ, արտահերթի դեպքում ինչպիսի՞ պայմանավորվածությունների կամ ճնշումների, կամ օրենսդրական ու սահմանադրական փոփոխությունների պայմաններում դրանք կանցկացվեն։ Պարզ չէ նաև, թե ինչպիսին կլինի Ընտրական օրենսգիրքը։
 
Բայց եթե Ռուսաստանը հեռավոր ու ժողովրդավարական ԱՄՆ-ում միջամտում է ընտրություններին, ապա ինչո՞ւ նա չպետք է միջամտի իր հարևանությամբ և ազդեցության տակ գտնվող Հայաստանում։ Համենայն դեպս, ես արդեն լսել եմ 3-4 նոր պրոռուսական կուսակցությունների ձևավորման մասին, ու դժվար է ենթադրել, թե այստեղ միայն ռուսասեր էնտուզիաստներ են, և ոչ գործակալներ։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ