Նիկոլ Փաշինյանը կփորձի կամ ճնշման, կամ քաղաքական ուժերին համոզելու եղանակով հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների
26-09-2018 13:35:06 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:
-Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես սկսելու է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելու օրակարգով։ ՀՀԿ-ն թեև հակված է քննարկումների, սակայն ԱԺ-ն լուծարելու հիմքեր չի տեսնում։ Ավելին, Ալիկ Սարգսյանը հայտարարեց, թե ի՞նչ է, ուզում եք՝ խորհրդարանում ընդդիմադիր ուժ չմնա՞։ Այսինքն՝ նա, ըստ էության, ակնարկեց, որ հնարավոր է հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն նույնիսկ որպես ընդդիմություն ներկայացված չլինի։ Ի՞նչ եք կարծում, այս տարի կլինե՞ն նոր ընտրություններ։
-Ուզում եմ հավատալ, որ ունենալու ենք, ու դա բխում է ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից, այլ նաև երկրի։ Ի վերջո, հեղափոխությունը ինստիտուցիոնալացված չէ, Հայաստանի իշխանության բուրգը կայունացված չէ, և այսպիսի իրավիճակում ներքին ու արտաքին խնդիրներ լուծելու առումով չենք կարող երկար գնալ։ Հետևաբար, երկրի շահերը տվյալ պարագայում համընկնում են ՔՊ-ի շահերի հետ։ Մինչև Երևանի ավագանու ընտրությունները որոշ քաղաքական ուժերի մոտ սպասումներ էին առաջացել, որ ՔՊ-ն ցածր քվե կստանա և, ինչպես իրենք էին նշում, իրավունք չի ունենա խոսել ժողովրդի անունից, առավել ևս մանդատ չի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը օրակարգ բերելու համար։ Բայց իրականությունը միանգամայն այլ է, որքան էլ ընդդիմախոսները մանիպուլյացիաներ անեն մասնակցության տոկոսների հետ, այդուհանդերձ, չհաշված ուռճացված ցուցակներում գոյություն չունեցող ընտրողներին և մնացյալ հավելագրումներին, մասնակցության տոկոսը 43-ից շատ ավելի բարձր է, իմ հաշվարկներով, առնվազն 60 տոկոս, քանի որ ինքս էլ ծանոթ եմ ընտրացուցակների վիճակին։
Հիմա, այսպիսի սպասումներից հետո այդ շրջանակների համար Երևանի ավագանու ընտրությունները բավականին հիասթափեցնող էին, ոչ միայն նրա համար, որ մասնակցող 12 քաղաքական ուժերի մեջ ակնհայտ մեծ անդունդ գոյություն ունի «Իմ քայլը» դաշինքի և մնացյալի միջև: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից իրեն վստահ է զգում արտահերթ ընտրությունների հարցն օրակարգ բերելու առումով, մյուս կողմից էլ, կարծեք թե, ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը բավական խեղճացրել է արտահերթ ընտրության ընդդիմախոսներին։ Նրանց փաստարկները որևէ կերպ քննադատության չեն դիմանում։ Ես նկատի ունեմ այն, որ անգամ ՀՀԿ-ն ստիպված եղավ շնորհավորել «Իմ քայլը» դաշինքին, ԲՀԿ-ն և ընտրություններին մասնակցած բոլոր ուժերը ողջունեցին ազատ և արդար ընտրությունները, որևէ ձևով դրանց օրինականությունը կասկածի տակ չդրեցին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը երկու, եթե չասեմ երեք խոշորագույն խնդիր միաժամանակ լուծել է, ինչը ամրացրել է իր դիրքերը և ինչը ստիպեց նաև ՀՀԿ-ին այդ հայտարարությունն անել, որ պատրաստ են քննարկումների։
ՀՀԿ-ն ակնհայտորեն կանգնած է լինելու խնդրի առջև. կամ դիմակայել հերթական մերժման ալիքին, որը միանգամայն սպասելի է, որովհետև եթե ՀՀԿ-ն չհամաձայնի արտահերթ ընտրություններին, ճնշումները փողոցից են բանեցվելու, իսկ եթե համաձայնի, այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպես է ՀՀԿ-ն մասնակցում ընտրություններին և արդյոք կարող է ունենալ երաշխիքներ, որ, ինչպես Ալիկ Սարգսյանն է ասում, գոնե մի փոքրիկ ընդդիմադիր խմբակցություն կլինեն խորհրդարանում։ Ահա այս մարտահրավերի առջև ենք կանգնած, բայց նկատելի է, որ ներքաղաքական ստատուս քվոն այլևս խախտված է, մենք ունենք բացարձակապես ամրագրված այլ իրավիճակ։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը թերևս իր ոտքերի տակ հողն ամուր է զգում և կփորձի կամ ճնշման, կամ քաղաքական ուժերին համոզելու եղանակով հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
-Մենք տեսնում ենք նաև, որ շարունակում է ակտիվություն դրսևորել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ որդիները՝ Արթուր Վանեցյանին, Արա Պապյանին։ Տեսակետ կա, որ սա նրա վերջին ջիգերն են։
-Իրականում վերջինն են, որովհետև ակնհայտորեն ընտրությունների արդյունքները ոչ պակաս չափով հիասթափեցնող են Քոչարյանի համար, ով եթե անգամ որոշակի հույսեր էր փայփայում ինչ-ինչ քաղաքական ուժերի հետ, որ նրանց համար կդառնա կոնսոլիդացիայի կենտրոն, այս ընտրություններն արձանագրեցին, որ չկա քաղաքական ուժ։ Կա Նիկոլ Փաշինյանի գործոն, կա հանուն նրա «Իմ քայլը» դաշինքին և ՔՊ-ին տրված մեծ քվե և կան մնացյալը, այն էլ եզրագծում կամ եզրագծից այն կողմ։ Հետևաբար, եկեք հասկանանք, որ այս պարագայում նման քայլերով Քոչարյանը, եթե անգամ դա անվանենք փրփուրներից կախվելու վերջին ջիգեր, ապա փորձ է անում ամենատարբեր խնդիրներով իրեն ներքաղաքական կյանքում երևացնելու, գործոն դարձնելու անորոշ ապագայով քայլեր ձեռնարկել։ Դրանք դատապարտված են ձախողման այն պարզ պատճառով, որ ուղղակի ծիծաղելի է համարել, որ նա վիրավորվել է, եթե մարդիկ հիշեցրել են նրան իր պաշտոնավարման տարիներին կատարվածը կամ նրա քաղաքական պատասխանատվության տիրույթում են դրել այն, ինչ կատարվել է այդ տարիների ընթացքում։ Այդ առումով չեմ կարծում, որ լուրջ հաջողություններ ունենան ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև Արա Պապյանի, Արթուր Վանեցյանի դեմ բողոքները։ Մի բան ակնհայտ է. Քոչարյանը և նրա ընտանիքը թիրախի տակ են վերցնում հանրային կարծիք ձևավորող անհատներին, տվյալ պարագայում մեր շարքերից դա Արա Պապյանն է։
Նմանատիպ փորձ նախաձեռնեց Խաչատուրովը Ստեփան Գրիգորյանի դեմ, և չբացառենք, որ փորձեն, այսպես ասած, վախեցնել մյուս հանրային կարծիք ստեղծող քաղաքագետներին, վերլուծաբաններին, որոնց կարծիքը հանրության մեջ ազդեցիկ է։ Այս առումով, կարծում եմ՝ մենք բոլորս պետք է համախմբված լինենք մեր ընկերների շուրջ, որովհետև մենք նույնպես կարող ենք հայտնվել այդ կարգավիճակում։ Չպետք է թույլ տալ, որ նրանք վախեցնելու, սարսափեցնելու այս դարպասները բերեն շատ մոտիկ այն մարդկանց, որոնք ուղղակի ի պաշտոնե իրավունք ունեն գնահատականներ տալու, հարցեր բարձրացնելու և նաև կարծիք ձևավորելու։
-Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների համատեքստում նաև ներդրողների մասին խոսեց, որ նրանք ուզում են կայունություն տեսնել։ Իսկապե՞ս տնտեսական զարգացման համար դա խոչընդոտ է։
-Միանշանակ, որևէ ներդրող գործարար այստեղ փող չի ներդնի՝ լինի օտարերկրացի, թե հայ, եթե վստահ չէ, որ երկրում իր ներդրումը երաշխավորված է առնվազն իշխանության սահմանադրական երկարակեցությամբ։ Նաև արժե այս կտրվածքով հիշել այն հայտարարությունը, որը նախօրեին արեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին դատական իշխանության և մյուս առումներով։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նաև այս առումով պետք է շտապի, որովհետև Հայաստանի արտաքին գործընկերներն իսկապես ուզում են Հայաստանում տեսնել կանխատեսելիություն։ Իրենց և Հայաստանի միջև վստահությունը պետք է բավական ամուր լինի և հենվի, այո, իշխանության ինստիտուցիոնալացման, տնտեսական քաղաքականության ինստիտուցիոնալացման, կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալացված պայքարի վրա։ Ահա, այս առումներով, Նիկոլ Փաշինյանը չի կարող արմատական բարեփոխումներ անել, որովհետև խորհրդարանում չունի քաղաքական հենարան, որը հավանություն կտա այդ գործընթացներին։ Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ մեկին կոչ անել ներդրումներ անել, որքան էլ նրա հեղինակությունը բարձր լինի, ոչ ոք չի կարող ասել, թե ուր կգնա նրա վարկանիշը մեկ ամիս հետո, մեկ տարի հետո, և այս կտրվածքով նա չի կարող կոռուպցիայի դեմ պայքարը և նաև դատական իշխանության ձևավորումը, անկախացումը դնել ռելսերի վրա, եթե այդ քաղաքական հենարանը չունի։ Դրա համար նա շտապում է։ Շտապում է ոչ այն պատճառով, որ վստահ է իր ուժերի վրա, իր հեղինակության այս պահին աննախադեպ բարձր նիշի վրա, այլ նաև վերը նշածս առումներով։
-Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում նույն պատկե՞րն ենք ունենալու, ինչ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում։ Այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք, թե ոչ, որ հակակշիռների մեխանիզմ գրեթե չի լինելու։
-Հակակշիռների մեխանիզմի բացակայության պատճառը միայն նա չէ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է։ Պատճառներից մեկն այն է, որ մյուսների նկատմամբ հանրային վստահությունը շատ ցածր է։ Այդ դատարակությունը Նիկոլ Փաշինյանը լցնում է իր անձնական հեղինակությամբ։ Եթե հիմա մենք սպասենք քաղաքական սերնդափոխություն տեղի ունենա բոլոր կուսակցություններում, քաղաքական ուժերը դասեր քաղեն իրենց սխալներից և ընտրություններին հանդես գան շատ հստակ առաքելություններով, կներեք, բայց դրան կարող ենք շատ երկար տարիներ սպասել։ Ես չեմ ասում, թե միջավայրի և այլնի առումներով Հայաստանը լավագույնս պատրաստված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Երևանի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ քաղաքական ուժերը նույնիսկ չեն ադապտացվել հեղափոխությունից հետո ստեղծված իրականությանը և չեն վերաշարադրել, վերանայել իրենց ռազմավարությունները, առաջին հերթին իրենց նոր ֆունկցիան հետհեղափոխական Հայաստանում։ Իրենք շարունակեցին հանդես գալ նախկինում սահմանված ֆունկցիաների դաշտում, բայց որոնք այլևս չէին գործելու։ Իրենք նախկինում կարող էին իսկապես պահանջվածություն ունենալ այն ֆունկցիոնալ դաշտում, որն այսօր չկա։ Մասնավորապես, դա վերաբերում է ԲՀԿ-ին, «Երկիր ծիրանիին», «Ժառանգությանը» և բոլոր մյուսներին։ Այն դաշտերը, որտեղ նրանք գործում էին, այլևս չկան, որովհետև նրանց հիմնական թիրախները չկան և այդ թիրախներին հասնելու առումով նրանց պահանջվածությունը նույնպես չկա։
Այդ կտրվածքով, այդ քաղաքական ուժերը պետք է շատ արագ վերադասավորվեն, վերանայեն իրենց ռազմավարությունները և ճշգրտեն, թե ինչ կարող է իրենցից սպասել ընտրողը։ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական ուժը դա լավագույնս արեցին։ Շատ հստակ էր նրանց մեսիջը՝ ընտրեք մեզ, որ ավարտին հասցնենք հեղափոխությունը։ Հիմա մյուս ուժերի ասածը, իրենց պահանջվածությունը հասարակության համար այս պահին հստակ չէ, անորոշ է։ Իրենք այլևս նախկին իշխանությունների դեմ այլընտրանք կամ նրանց տապալելու գործիք չեն դիտարկվում, այդ ֆունկցիաներն այլևս չկան։ Հետևաբար, իրենք պետք է շատ արագ վերակողմնորոշվեն։ Ես կարծում եմ՝ կունենանք նոր դեմքեր, նոր ուժեր։
Թե որքանով ուժեղ կլինեն, որքանով իսկապես քաղաքական տեքստ կարտաբերեն այս իրավիճակում, կերևա ապագայում։ Պետք չէ, որ նրանք ՔՊ-ի հետ մտնեն մրցակցության մեջ այն դաշտում, որտեղ ՔՊ-ն ուժեղ է։ Ի վերջո, սիմվոլիկ առումով հեղափոխության գործոնի առյուծի բաժինը գնում է ՔՊ-ին որպես հեղափոխությանը քաղաքական բովանդակություն, քաղաքական միս ու արյուն տված ուժի։ Հետևաբար, պետք է մրցակցել բացարձակապես այլ դաշտում։ Պետք է հասկանալ, և Երևանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ԱԺ ընտրությունների դեպքում էլ ճնշող գործոնը լինելու է հեղափոխությունն ավարտին հասցնելու գործոնը։ Իրենք իրենց առաքելությունը պետք է սահմանեն այլ դաշտում՝ իրենք մասնակի՞ց են հեղափոխությունն ավարտին հասցնելու գործին և ինչպես են մասնակից, և ինչ են անելու հեղափոխությունն ավարտին հասցնելուց հետո։ Որովհետև իրենց ծրագիրը չպետք է վերաբերի և ավարտվի միայն ընտրությունների օրով։ Ի վերջո, պետք է միշտ լինել ընտրողի կողքին, չի կարելի պերմանենտ բացակայել ընտրողի կյանքից, առօրյայից, հետո մի օր գալ ու ասել ընտրողին՝ եկել եմ քեզ փրկելու։
Եթե այդ քաղաքական ուժերը չվերանայեն իրենց ռազմավարությունը, խորհրդարանում կունենանք ուժերի անոմալ բաշխվածություն, ինչը իհարկե լավ չի լինի երկարաժամկետ կտրվածքով։ Դա նաև կթուլացնի իշխանությանը, ռելաքսի վիճակի մեջ կդնի նրան, և իր մրցունակությունը չի ուժեղանա։ Հետևաբար, պետք չէ թողնել այդ դատարկությունը և հետո նեղվել, թե ինչու ժողովուրդը գնաց և ընտրեց կոնկրետ մեկ քաղաքական ուժի։ Եվ այս առումով, իհարկե, պետք է ավելի պատրաստ լինել և ունենալ շատ ավելի բազմակարծ, բազմազան խորհրդարան՝ գաղափարական և ծրագրային հենքի վրա։