ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին փողոց շպրտելուց հետո Նիկոլ Փաշինյանը հաջորդ շանսն է տալիս նրանց
03-10-2018 14:34:34 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը
-Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ մասնավորապես խորհրդարանական ուժերի քայլերը։ Արդյոք նրանք չէին մտածում, որ այս քայլից հետո հասարակությունը կարող է պարսավանքի ենթարկել իրենց, և ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել ստեղծված իրավիճակում։
-Երևանի ավագանու ընտրություններից հետո ես կանխատեսել էի քաղաքական լարվածության աճ, որովհետև ակնհայտորեն բալանս էր փոխվել, և Նիկոլ Փաշինյանի վստահությունը պետք է կատարյալ լիներ 81 տոկոս տոկոսի քվե ստանալու արդյունքում, և ճիշտ ընդհակառակը՝ 81 տոկոսի չափով ՀՀԿ-ի և մյուսների վախերը պետք է լինեին։ Եվ ահա, երբ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու գործընթացը, նաև ակնարկներ արեց ՄԱԿ-ի իր ելույթում ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների մասին, ես առիթ ունեցել եմ ասելու, որ դրանով Փաշինյանն ապահովագրում է այն միգուցե ոչ լավագույն, բայց միակ տարբերակը, երբ կարող է ժողովրդի կառավարման միջոցով և ճնշման տակ հասնել խորհրդարանի լուծարմանը, քանի որ ակնհայտորեն, հատկապես Երևանի ընտրություններից հետո, այս պահին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում ոչ շահագրգիռ ուժերի թիվն ավելացել է՝ ի դեմս քիչ քվե հավաքած ԲՀԿ-ի և ընդհանրապես դուրս մնացած ՀՅԴ-ի։ Բնականաբար, ես կարծում եմ այս երեք ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ, «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի միջոցով փորձեցին ուղղակի փակել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, և քանի որ այդ ժողովրդաիշխանության մեխանիզմով ենթադրվում է քաղաքական ճնշում Ազգային ժողովի վրա, այդ թվում նաև ԱԺ աշխատանքների պարալիզացման վտանգով, գնացին այս տարբերակին՝ ընդունել մի օրինագիծ, որը մեկնաբանվի ոչ թե որպես խորհրդարանի անկարողություն՝ ընտրելու վարչապետ, այլ ուղղակի հետաձգվի հարցի քննարկումն այնքան ժամանակ, քանի դեռ այդ խոչընդոտը չի վերացել, քանի դեռ ժողովուրդը չի ապաշրջափակել և պայման չի թողել պատգամավորների, այսպես կոչված, «ազատ գործունեության» համար։ Սա, ըստ էության, նշանակում էր հրացանի ձգանը սեղմել։
Ես չգիտեմ, թե որքանով էր Նիկոլ Փաշինյանը հեռահար շախմատային հաշվարկ կատարել, բայց ակնհայտորեն այս օրինագիծը այդ ձգանի դերը դարձավ։ Դրա արդյունքում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն բավական արտառոց, նույնիսկ համաշխարհային պատմության մեջ արտառոց եղանակով, նսեմացվելով, ժողովրդի սուլոցների տակ հեռացվեցին կոալիցիայից։ Դա նշանակում է, որ առաջիկա ընտրություններում, որոնք այսպես, թե այնպես կայանալու են, նրանք մասնակցելու են ոչ միայն արդեն իրենց վարկանիշին հասցված այս կատաստրոֆիկ հարվածի և հասարակության մերժման պայմաններում, այլ նաև իշխանական լծակներից զուրկ, բավական ռիսկային դաշտում հայտնվելով՝ կասկածի տակ դնելով անգամ խորհրդարանում հայտնվելու հեռանկարը։ Նաև չենք կարող չնկատել, որ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի այս բավական անհասկանալի գործունեությունից հետո, կոալիցիայի ներսում կայծակնային արագությամբ հարաբերությունները վատթարացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարում է, որ ինքը խոսել է այդ երկու կուսակցությունների հետ, և նրանք հայտարարել են, որ վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չեն ունենալու։ Փաշինյանը բավական հետաքրքիր ապահովագրեց իրեն՝ հայտարարելով, որ չի բացառում, որ սխալ հասկացված լինի։ Այսինքն՝ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին կառավարության շենքից փողոց շպրտելուց հետո նա հայտարարում է նրանց հետ կառուցողական զրույցի մասին, որտեղ նրանք իբրև թե հավաստիացում են տվել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նաև հաջորդ շանսն է տալիս նրանց այսպիսի վրիպումից հետո կամ օգնել ԱԺ լուծարմանը՝ ընդհանրապես հեռու մնալով վարչապետի սեփական թեկնածու ունենալուց,, կամ ուղղակի ստանձնել հակահեղափոխության մասնակցի անպատիվ ու անփառունակ բեռը՝ ՀՀԿ-ի հետ միասին։
Ըստ էության, ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին թողնվել է այդ երկու ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չի բացառում, որ կարող է սխալ հասկացված լինել, այսինքն՝ ստիպեց, որ նրանք հանդես գան հայտարարությամբ, ինչը անխուսափելի կլինի առաջիկա օրերին։ Նրանք կամ պետք է իսկապես հաստատեն Նիկոլ Փաշինյանի ասածը, ընդ որում՝ այդպիսի նսեմացումներից հետո, կամ պետք է ուղղակի հայտարարեն, որ իրենք ՀՀԿ-ի հետ գործում են մեկ միասնական թիմում։ Այլ թիմ չկա, որովհետև ինչպես Երևանի ավագանու ընտրություններից առաջ, այժմ էլ, ըստ էության, խոսեց հեղափոխություն-հակահեղափոխություն ջրբաժանի մասին՝ ըստ որում, իրավիճակը համարելով պատերազմական։
-Քաղաքական այդ ուժերը նշում էին, որ բանակցությունների դուռը փակ չէ, շարունակվելու են հանդիպումները։ Այսքանից հետո, երբ Փաշինյանը նման անփառունակ կերպով աշխատանքից ազատել այդ ուժերի նախարարներին, դուռը լրիվ փակվա՞ծ է։
-Նրանք կառավարություն այլևս չեն վերադառնա, ուղղակի բացառված է առաջիկայում խոսել նման հեռանկարի մասին։ Ընդ որում՝ դա այնքան կատարյալ էր, որ նույնիսկ փաստացի ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետը հրակարապավ փողոցում անցավ ժողովրդի կողմը։ Սա շատ խորհրդանշանակ ու խոսուն քայլ էր։ Սա ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին իսպառ խաղից դուրս դնելու գեղեցիկ հնարք էր, ինչին տրվեցին նրանք, և ակնհայտորեն նրանք ոչ միայն այս խաղում, այլև ապագա պարտիաներում ուղղակի պարտված են։ Իրենց թողնված է երկու ճանապարհ՝ կամ դիրքերի այսպիսի թուլացումից հետո կրկին պետք է սատարեն հեղափոխությանը, ժողովրդին, ըստ որում, ոչ ժողովուրդը, ոչ Նիկոլ Փաշինյանը դրա դիմաց որևէ բանում պարտական չեն և վարձահատույց էլ չեն լինելու։ Եթե հեղափոխությունից հետո նրանք մի քանի աթոռ ստացան կառավարությունում և մարզպետարաններում, այժմ նույնիսկ այդ հեռանկարը չկա, կամ պետք է ուղղակի ավելի արագ գնան ոչնչացման՝ միանալով ՀՀԿ-ին։ Չեզոքությունը նույնպես հավասարազոր է ՀՀԿ-ին միանալուն։
Երկու տարբերակ կա, և այս կտրվածքով Նիկոլ Փաշինյանն ուղղակի փառահեղ լուծում է նրանց խնդիրը։ Ըստ որում, շատ հետաքրքիր է, որ նույնիսկ եթե նրանք բացահայտ ՀՀԿ-ի հետ գնան ժողովրդի դեմ, ապա երեկ տեղի ունեցածը կարելի է ասել, նույնիսկ ամենամեղմ ռեպետիցիան կլինի, եթե ՀՀԿ-ն ստիպված լինի վարչապետ ընտրել փակ նիստում, առանց ուղիղ հեռարձակման, ժողովրդի աչքից հեռու։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ խայտառակություն կլինի։ Այսօր մենք այդ պատկերին ականատես եղանք։ Այսինքն, հսարակության ալիքն այնքան հասել էր Ազգային ժողով, որ ուղիղ հեռարձակումն անջատվեց, լրագրողները բացարձակապես չէին հասկանում, տեղյակ չէին՝ ինչ ելույթներ էին հնչում ԱԺ-ում։ Պատկերացնո՞ւմ եք, որևէ ուժ հայտարարի, որ լեգիտիմ իշխանություն են ձևավորում, ու եթե հիմա Նիկոլ Փաշինյանը ընդամենը կես ժամվա մեջ կոչով հավաքեց այդքան մարդ, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվելու վարչապետի ընտրության օրը Ազգային ժողովի դիմաց, այս օրերի ընթացքում հասարակական մթնոլորտն ինչպես է ազդելու պատգամավորների վրա, նրանցից քանիսն է համարձակվելու ներկայանալ նիստին, քանիսն է համարձակվելու տնից դուրս գալ, և ընդհանրապես այդ օրը ինչ է կատարվելու։ Ուղղակի երանի կտան այսօրվան։
-Տեսակետ կա, որ եթե ՀՀԿ-ն և մյուս ուժերը դեմ գնան դեկտեմբերին արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելուն, ապա շատ ավելի վատ է լինելու հենց իրենց համար։
-Այո, այդպես է։ Ես հավատում եմ, և ժողովրդին էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց մեղմ է վերաբերվում նախկին իշխանություններին՝ շատ դեպքերում ներելով նրանց հանցանքները, ինչը կարող է չանել ապագայում, որովհետև Նիկոլ Փաշինյանը տակավին չի հրապարակել կոռուպցիայի դե պայքարի իր շրջանակը, թե ում վրա է այն տարածվում։ Եվ խայտառակ բան է, եթե դատեն նրանց, այդ բուրգի ամբողջ ծավալով պիտի դատեն։ Որքան էլ նրանք խոսեն վենդետայի մասին, այնուամենայնիվ, զանգվածային բնույթ չի կրել, ինչի օրինական հիմքերը Փաշինյանը միշտ ունի, բայց դա չի արել զուտ քաղաքական նկատառումներով, հասարակությանը չտրոհելով: Բայց հիմա ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով կարող է այս խնդրի առաջ կանգնել, որովհետև ԱԺ-ում նստածներին պատկանում է երկրի հարստության մեծագույն մասը, այս հարստությունն արդար քրտինքով չի ձեռք բերվել։ Եվ այս առումով ՀՀԿ-ն և ոչ միայն ՀՀԿ-ն պատանդ են իրենց արարքների և կատարած հանցագործությունների, որոնք Նիկոլ Փաշինյանը կարող է հիշել, կարող է չհիշել:
Եվ այս առումով Նիկոլ Փաշինյանը իր զինանոցում ունի շատուշատ չկրակված «փամփուշտներ»։ Եվ մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը իրենք կարող են իրենց վրա վերջին փամփուշտը կրակել, ինչպես դա այսօր արեցին ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն։ Կարծես թե մեր քաղաքական ուժերն այնքան են ադեկվատությունից կտրվել, որ արդեն իրենք են իրենց վրա կրակում։ Նիկոլ Փաշինյանը, թվում է, ռիսկային ճանապարհով է գնում, և այո, ռիսկեր միշտ կան, ցանկացած սցենարի դեպքում էր լինելու։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն տեղ է թողնում նրանց կոմպրոմիսի գնալու, բայց ոչ այն պայմաններով, որ պայմաններով նրանք են ուզում, այլ այն պայմաններով, որոնք այս պահին Նիկոլ Փաշինյանն է առաջարկում։ Նիկոլ Փաշինյանը վերին աստիճանի ճշգրիտ է գործում՝ ցույց տալով, որ այդ ինքն է, որ հարգում է նախկին պայմանավորվածությունները և մյուսներն են, որ հրաժարվում են քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել կոնսենսուսով։