Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ո՞վ է ումից խլել.Պիլարսկին առայժմ չի գաղտնազերծում


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ո՞վ է ումից խլել.Պիլարսկին առայժմ չի գաղտնազերծում

  • 19-12-2018 16:13:04   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

ԱԺ արտահերթ ընտրության նախապատրաստության օրերին Սյունիքում տեղի ունեցավ ոչ սովորական մի իրադարձություն, որին հասկանալի պատճառով չհասցրեցինք անդրադառնալ…
 
Բայց տեղի ունեցածն այնքան ուշագրավ է Սյունիքի մարզի համար, որ չենք կարող գոնե ուշացումով չանդրադառնալ դրան, մանավանդ որ կատարվածի կարեւորությունը չի նվազել ու չի նվազի, քանի դեռ…
 
Եվ այսպես՝ ԱԺ արտահերթ ընտրության շեմին հայ հանրությունը շարունակում էր որոնել հարցերի պատասխանը, թե ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերը, ինչպես եւ ինչ ճանապարհով են դարձել սեփականատեր, չէ որ խոսքը Սյունիքի տնտեսության 80 տոկոսի մասին է:
 
Խնդրի հանդեպ հանրային հետաքրքրությունն այնքան մեծ էր, իսկ պատասխաններն այնքան անհեթեթ էին, որ գործին լծվեց նաեւ Հայաստանի կառավարությունը՝ քարոզչական իր ամբողջ հնարավորություններով:
 
Ձեռնարկվող քայլերից մեկն էլ այն էր, որ ընտրության նախօրեին Հայաստան բերվեց գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին:
 
Բերել էին, որ մարդու նկարի ֆոնի վրա հայտարարվի, թե կոմբինատի 75 տոկոսի բաժնետերն ինքն է, որ կա:
 
Եվ երկու օր շարունակ՝ նոյեմբերի 19-ին ու 20-ին, իշխանական, ինչպես եւ Քաջարանից սնվող լրատվամիջոցները տարփողում էին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 75 տոկոսի սեփականատերը նույն ինքը՝ Պիլարսկին է:
 
Այդ մարդուն նոյեմբերի 20-ին ուղղաթիռով բերեցին Քաջարան, լուսանկարեցին, խնդրեցին բերանը բացուխուփ անել, որպեսզի այդ ամենի համապատկերի վրա ինչ-որ տեքստ ընթերցվի հայերեն լեզվով:
 
Եվ Հայաստանի ու Գերմանիայի դրոշների շուքի ներքո այդ ամենը տեղի ունեցավ, ինչ-որ մեկն էլ ընթերցեց նախապես գրված տեքստը:
 
Հեռուստադիտողը, բնականաբար, չհասկացավ, թե ինչ է ասում Պիլարսկին: Ինքը՝ Պիլարսկին նույնպես (հավանաբար) չհասկացավ, թե ինչ են ասում իր անձ-դեկորացիայի ֆոնի վրա:
 
Իսկ մատուցված հայերեն տեքստը, թե իբր Պիլարսկու խոսքի թարգմանված շարադրանքն է, բառացիորեն նույնն էր, ինչ քանիցս լսել էինք գաղութարարներից:
 
Խոսքի մեխը, ինչպես եւ սպասվում էր, մեկ հարց էր՝ հանրությանը համոզել, որ կոմբինատի 75 տոկոսի տերն այդ մարդն է:
 
Մենք, անշուշտ, կանդրադառնանք Պիլարսկու այցելության առանցք հանդիսացող այդ դրվագին:
 
Մինչ այդ՝ երկու նկատառում, որ ներկայացվեց իբրեւ Պիլարսկու խոսք, որը, ցավոք, այդ մարդուն դրեց շողոքորթի, քծնվողի ամոթալի դերում:
 
Ըստ հեռուստաելույթի տեքստի՝ Պիլարսկին դրվատանքով արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին:
 
Կարելի էր, իհարկե, հավատ ընծայել տվյալ արտահայտության հանդեպ: Բայց մեր արխիվը մի փոքր պրպտելուց հետո նկատեցինք, որ այդ մարդը նույն կամ գրեթե նույն արտահայտությունը ժամանակին արել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից անմիջապես հետո:
 
Այնուհետեւ՝ Պիլարսկին (իբր) արձանագրում է, թե Քաջարան քաղաքում վերջին շրջանում տեղի են ունեցել «դրական, ահռելի փոփոխություններ», իսկ Քաջարանը դարձել է «ակտիվ զարգացող քաղաք»: 
 
Պիլարսկին (եթե, իհարկե, ինքն է այդ խոսքերի հեղինակը) դրանով կրկին անգամ կեղծում եւ պղծում է իրականությունը, վիրավորում սյունեցիներին, շողոքորթում նրանց, ովքեր իրեն դեկորացիայի դեր են վերապահում:
 
Պատկերացնո՞ւմ եք, Պիլարսկու՝ Քաջարանում սեփականատեր դառնալուց հետո եւ հատկապես վերջին տարիներին, այդ քաղաքում մեկ երիտասարդ ընտանիք անգամ բնակարանով չի ապահովվել, մեկ բնակելի շենք անգամ չի կառուցվել, որեւէ սոցիալական խնդիր չի լուծվել, հանրային նշանակութան որեւէ ենթակառույց չի ստեղծվել:
 
Այդ ընթացքում կոմբինատի ղեկավարները խլել են նույնիսկ երեխաների ամառային հանգստի ճամբարը եւ իրենց համար գիշերային խրախճանքի վայր դարձրել:
 
Այդ ընթացքում տեղացի վարորդների մեծ մասը զրկվել է կոմբինատից Երեւան խտանյութ տեղափոխելու եւ իր տունն այդկերպ պահելու տարրական հնարավորությունից:
 
Այդ ընթացքում տարածաշրջանում բազմապատիկ անգամ սրվել է բնապահպանական վիճակը՝ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալով:
 
Այդ ընթացքում (տարեկան մոտ 20 մլրդ դրամի չափով) պակասել են պետությանը վճարվող հարկերը:
 
Այդ ընթացքում արձանագրվել է արդյունահանվող հանքաքարի ծավալների ապօրինի աճ:
 
Այդ ընթացքում…
 
Եվ Պիլարսկի կոչվածն առանց կարմրելու հայտարարում է, թե Քաջարանում «դրական, ահռելի փոփոխություններ են արձանագրվել»:
 
***
 
 
Հիմա՝ գլխավորի մասին, ինչի համար ծերուկին Գերմանիայից բերեցին Երեւան, ապա՝ Քաջարան:
 
Միջանկյալ կարգով ասենք, որ Պիլարսկու նշված հեռուստաելույթը սփռվել է Սյունիքում գործող երիցս ապօրինի հեռուստատեսությամբ, որն ընդամենը մի քանի ասպատակի շահ է սպասարկում:
 
Հեռուստաթողարկման մեջ Պիլարսկուն մի անգամ ներկայացրին իբրեւ «Քրոնիմետ մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ,  մեկ ուրիշ անգամ՝ «Քրոնիմետ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, ապա՝ Քաջարանի կոմբինատի 75 տոկոս բաժնեմասի սեփականատեր:
 
Իհարկե, «Քրոնիմետ մայնինգ» ընկերության խորհրդի նախագահը կարող է եւ լինել այդ ընկերության սեփականատերերից մեկը (տեսականորեն դա չի բացառվում):
 
Բայց դրա համար հարկավոր է հստակ պատասխանել՝ Գյունտեր Պիլարսկին «Քրոնիմետ մայնինգի» սեփականատե՞րն է, սեփականատերերից մե՞կն է, թե՞ խորհրդի նախագահը, թե՞ այդ բոլորը միասին վերցրած:
 
Բանն այն է, որ տարիներ շարունակ նրան ներկայացրել են իբրեւ ընկերության խորհրդի նախագահ, իսկ հիմա (վերջին մեկ ամսում) ներկայացնում են իբրեւ ընկերության 75 տոկոսի սեփականատեր:
 
Դա էլ կարող ենք ընդունել իբրեւ ճշմարտություն, բայց…
 
Որքան էլ զարմանալի է, Գյունտեր Պիլարսկին բեմադրված հեռուստաելույթում այդպես էլ չասաց, թե ինքն է «Քրոնիմետ մայնինգի» սեփականատերը:
 
Նա ընդամենը եւ բառացիորեն ասաց հետեւյալը. «Ես եւ իմ ընտանիքին պատկանող «Քրոնիմետ» ընկերությունների խումբն է Զանգեզուրի կոմբինատի հիմնական բաժնետերը»:
 
Այնուհետեւ ավելացրեց. «Ավելի քան իրական է, որ մենք ենք ընկերության բաժնետերերը»:
 
Պատկերացնո՞ւմ եք, մարդուն Գերմանիայից հատուկ բերել են Հայաստան, որ ԱԺ ընտրությունից առաջ հայ հանրությանն ասի, թե ինքն է կոմբինատի 75 տոկոսի սեփականատերը, բայց ոչ միայն չի ասում, այլեւ պատկերն ավելի է խճճում:
 
Պիլարսկու խոսքից, մինչդեռ, հստակ հասկացվում է՝ ինքը «Քրոնիմետ մայնինգի» սեփականատերերից մեկն է, ինքը նաեւ այդ ընկերության խորհրդի նախագահն է:
 
Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ովքեր են «Քրոնիմետ մայնինգի» մյուս սեփականատերերը:  
 
Պիլարսկին չի ասում, թե ովքե՞ր են մտնում «Մենք»-ի մեջ, թե ո՞ր ընկերություններն են մտնում «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մեջ, թե ի՞նչ ասել է «Իմ ընտանիք» արտահայտությունը:
 
Հատկապես «ընտանիք» արտահայտությունը կարող է ամենատարբեր ենթադրությունների տեղիք տալ:
 
Մի շարք գեղարվեստական ֆիլմերում, օրինակ, «ընտանիք» արտահայտությունը նույնացվում է «մաֆիոզ խումբ» արտահայտության հետ:
 
Եվ որպեսզի մենք էլ զուգահեռներ չանցկացնենք երկու այդ արտահայտության միջեւ, Պիլարսկին պետք է բացի փակագծերը:
 
Ի դեպ, Հայաստանի քաղաքացիական օրենսդրության հստակ ձեւակերպումներով՝ որեւէ գույքի սեփականատեր կարող է լինել ֆիզիկական անձը, իրավաբանական անձը…
 
Գույքի սեփականատեր չեն կարող լինել «Մենք»-ը, «Իմ ընտանիք»-ը եւ նմանատիպ այլ վերացական ու իրավական արժեք չունեցող սուբյեկտները…
 
Շարունակությունը սկզբնաղբյուրում
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play