Ի՞նչ վտանգի մասին է զգուշացնում Հոգլանդը Նիկոլ Փաշինյանին


Ի՞նչ վտանգի մասին է զգուշացնում Հոգլանդը Նիկոլ Փաշինյանին

  • 27-02-2019 14:56:32   | Հայաստան  |  Վերլուծություն

 
 
ԱՄՆ փորձառու դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահող Ռիչարդ Հոգլանդի հարցազրույցը «Ամերիկայի ձայն» ԱՄՆ պետական ռադիոկայանին հայաստանյան զլմ-ները սղագրել-տարածել են, սակայն չեն վերծանել հիմնական ուղերձները:
 
Դիվանագետների խոսքը վերծանելը ավելի դժվար է քան շարքային, ոչ-դիվանագիտական լեզվով մատուցված քաղաքական տեքստերը: Դրանցում, որպես կանոն, կարեւոր ուղերձները շղարշված են լինում անէական եւ հայտնի թեզերի եւ ֆրազերի շարանով: Այդ իսկ պատճառով, նման տեքստերը վերծանելիս, առավել քան երբեւէ անհրաժեշտ է մի կողմ թողնել էմոցիաները եւ ուշադրություն դարձնել նոր, արտասովոր թեզերի վրա, որոնք էլ հենց պարունակում են գլխավոր ուղերձը: Հոգլանդի հարցազրույցում մեխը բնավ Արցախի ազատագրված շրջանների՝ Ադրբեջանին հանձնելը չէր. այդ մասին գրված է բոլոր երբեւէ բանակցված փաստաթղթերում եւ այդ մասին բացեիբաց խոսել է անգամ Հայաստանի նախկին ղեկավարությունը: Ռիչարդ Հոգլանդը ասել է բաներ, որոնք նորություն են եւ մեզ մի կողմից մտահոգվելու տեղիք պետք է տան, մյուս կողմից՝ հույս են ներշնչում:
 
Այսպիսով, ուղերձ 1.
 
«Սակայն, կա եւս մի կարեւոր հանգամանք: Բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը ղարաբաղցի չէ: Այսպիսով, նա պետք է չափազանց զգույշ լինի եւ եթե նախատեսում է լուրջ փոփոխություններ կատարել, պետք է դրանք քայլ առ քայլ անի, քանի որ հակառակ կողմում կան մարդիկ, ովքեր նրան դեմ են եւ ովքեր կհարվածեն, եթե նա շատ արագ եւ շատ արմատական գործի: Ուստի, կարծում եմ զգույշ, քայլ առ քայլ մոտեցումը շատ խելացի գործելաոճ է: Քայլ առ քայլ գործելու դեպքում կարող ես հաղորդել տարբեր ազդանշաններ:»
Ի՞նչ է ուզում ասել պարոն Հոգլանդը: Ի՞նչ վտանգի մասին է զգուշացնում Նիկոլ Փաշինյանին: Ե՞րբ է, որ այդ «բազմաթիվ տարիներից» առաջ Հայաստանի առաջնորդը/ները ղարաբաղցի չեն եղել: Այո, 1999թ.-ին՝ Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան: Եվ ի՞նչ կատարվեց նրանց հետ: «Հակառակ կողմում կան մարդիկ, ովքեր նրան դեմ են եւ ովքեր կհարվածեն, եթե նա շատ արագ եւ շատ արմատական գործի:»,-ասում է Հոգլանդը: Ակնարկը այնքան թափանցիկ է, որ անգամ դուրս է գալիս դիվանագիտական լեզվի շրջանակից: Պատահական չէ, որ այս ուղերձը հրապարակայնորեն փախանցելու համար ընտրվել է ոչ թե գործող, այլ պաշտոնաթող դիվանագետը: Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի «հակառակ կողմում»՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց կլանները եւ նրանց շրջապատող օլիգարխները: Ովքե՞ր էին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հակառակ կողմում: Նույն ուժերը:
 
Ժամանակին Վանո Սիրադեղյանը զգուշացնում էր Վազգեն Սարգսյանին՝ նրան սպառնացող ֆիզիկական վտանգի մասին: Վազգեն Սարգսյանին հասնելու համար նախ կտրեցին նրա "թեւերը"՝ սպանեցին Վահրամ Խորխոռունուն եւ Արծրուն Մարգարյանին: Սակայն անգամ այդ պարագայում նրան ֆիզիկապես վերացնելը չէր կարող լուծել նրա հակառակորդների խնդիրը, քանի որ նրա հետ ժողովրդի տված լեգիտիմությունը կիսում էր եւս մեկ ուժեղ ֆիգուր՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ նրանց շրջապատում էին փորձառու եւ հեղինակավոր Յուրա Բախշյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Արմենակ Արմենակյանը: Այդ պատճառով էլ հոկտեմբերի 27-ի ոճրի կազմակերպիչները ստիպված էին չափազանց բարդ ահաբեկչական օպերացիա կազմակերպել: Ո՞վ է կիսում Նիկոլ Փաշինյանի հետ ժողովրդի տված լեգիտիմությունն այժմ:
 
Վազգեն Սարգսյանը, իր բոլոր սխալներով հանդերձ, ոչ միայն քաջ, այլեւ ուժեղ քաղաքական գործիչ էր: Դրա համար էլ շրջապատում էր իրեն ուժեղ եւ փորձառու դաշնակիցներով: Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, եւս քաջ է, բայց ու՞ր է ուժեղ/փորձառու թիմը, որով նա պետք է շրջապատված լիներ. այնքան ուժեղ, որ իրեն ֆիզիկապես շարքից հանելը կդառնար ոչ միայն անիմաստ իր եւ ժողովրդի հակառակորդների համար, այլեւ վտանգավոր: Ու՞ր են գոնե այն 2-3 հոգին, որոնց շնորհիվ նա կլիներ այդ հակառակորդների աչքերում "ավելի քիչ վտանգավոր", քան նրանք, ովքեր կարող են գալ իր տեղը եթե հանկարծ ինքը չլինի:
 
Ուղերձ 2.
Հենց նույն վտանգը մատնանշելով եւ բերելով Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակը (Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին հիշելը այս համատեքստում բոլոր չափերից դուրս գալ կնշանակեր) Հոգլանդը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին չշտապել հենց Արցախի հարցում: Իսկ դուք, հարգելի լրագրողներ, սենսացիոնությունը ապահովելու համար ձեր նյութերի վերնագրում դնում եք «տարածքները վերադարձնելու անհրաժեշտության» հատվածը: Մի թեզ, որը նշելուց անմիջապես հետո նա հատուկ հստակեցնում է, որ "սա միայն իմ կարծիքն է»: Այսինքն՝ այդ կարծիքը չի համընկնում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմանը: Մարդը բաց տեքստով փոխանցում է Վաշինգտոնի ուղերձը առ այն, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չեն Արցախյան խնդրի արագ կարգավորմամբ: Իսկ թե ինչու՝ նա պարզաբանում է այլ տեղում՝ այժմ սեղանին առկա կարգավորման միակ փաստաթուղթը «Լավրովի պլանն» է, որը չի բավարարում կողմերին, քանի որ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, «Այս պահին երկու կողմերն էլ չեն ընդունել այդ ծրագիրը այն պատճառով, որ այդ հանրաքվեի ժամկետը սահմանված չէ:» Արդյո՞ք ճիշտ լսեցինք: Այսինքն՝ Բաքուն եւ՞ս ուզում է հանրաքվեի կոնկրետ ժամկետն իմանալ: Հոգլանդը վերահաստատում է. «հենց հիմա Երեւանն ու Բաքուն ցանկանում են, որ սահմանված լինի հանրաքվեի ստույգ օրը»: Սա լրջագույն եւ արմատական փոփոխություն է, որը հանրայնացնում է ամերիկացի նախկին համանախագահողը:
 
Է՞լ ինչու Վաշինգտոնը չի ուզում, որ Արցախյան խնդրի կարգավորումը ընթանա Մոսկվայի սցենարով: «Կան մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ եւ որոնք լավատեղյակ են այս հարցում, ովքեր հոռետես են եւ կասկածում են, որ Կրեմլը իրականում թույլ կտա կարգավորել այս խնդիրը: Պետք է նայեք տարածաշրջանի մյուս հակամարտություններին՝ Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, այժմ նաեւ՝ Ուկրաինայում: Ոմանք կարծում են, որ Կրեմլը չի ցանկանում, որ այս հակամարտությունները կարգավորվեն, որովհետեւ, եթե դրանք կարգավորվեն, իրենք կկորցնեն ազդեցությունը: Իսկ ազդեցությունն այն է, ինչը Կրեմլում ցանկանում են պահպանել առավել շատ»: Դե այն, որ Վաշինգտոնը չի վստահում Կրեմլին, գաղտնիք չէ: Սակայն եթե Վաշինգտոնը դեմ է արագ լուծմանը լավրովյան սցենարով, ապա ի՞նչ պետք է հասկանալ “քայլ առ քայլ»-ի տակ: «…կողմերը կարող են շփման գծից հանել զինվորականներին՝ փոխարինելով նրանց սահմանապահներով: Դա նույնպես դրական զարգացում կլինի: Տեսեք, սա եւս այդ նույն քայլ առ քայլ վստահության ձեւավորման միջոցներն են»:
 
Ուղերձ 3. Խաղաղապահներ տեղադրելու հարցը Վաշինգտոնը մոտ ապագայի համար չի դիտարկում:
 
«…եթե նայենք տարածաշրջանի մյուս սառեցված հակամարտություններին, մասնավորապես Հարավային Օսեթիայի, որտեղ Եվրամիությունը հատկացրել է դիտորդ ուժեր եւ Ռուսաստանն այն թույլատրել է, չի նշանակում, որ դա մոտեցնում է հակամարտության կարգավորումը: … Խաղաղապահների հարցը հեռավոր ապագայի հարց է, այն այսօր արդիական չէ: Չեմ կարծում, որեւէ մեկի այդ հարցը մտահոգում է:» Որեւէ մեկին, այսինքն՝ ԱՄՆ-ին: Մենք լավ գիտենք, որ Ռուսաստանին այս հարցը առավել քան մտահոգում է: Ռուսաստանը ուզում է Արցախ մտցնել իր կամ «ՀԱՊԿ» «խաղաղապահ» զորքերը. Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եւ դա՛ է, թերեւս Լավրովի պլանի ռիսկերից մեկը, ինչը եթե անգամ չի ամրագրված փաստաթղթում, սակայն, պետք է ենթադրել, որ պլանն ինքը այնպիսին է, որը նման հնարավորություն է թողնում Կրեմլին, ինչից էլ մտահոգ է Վաշինգտոնը:
 
Մի անգամ Լավրովի պլանը տապալվեց Սասնա Ծռերի շնորհիվ: Արդյունքում, Հայաստանում իր դիրքերն ամրապնդելու համար Ռուսաստանը տեղապահ եւ հավանական ժառանգորդ ուղարկեց Հայաստան՝ ի դեմ Կարեն Կարապետյանի: «Կարեն Կարապետյան» օպերացիան եւս տապալվեց՝ ժողովրդական թավշյա հեղափոխության շնորհիվ: Այժմ Նիկոլ Փաշինյանի հերթն է դիմադրել այդ պլանին եւ դանդաղեցնել արցախյան «կարգավորման» գործընթացը, որն, իրականում, պետք է անվանել «լավրովյան ծուղակ»՝ շեշտը դնելով 2016-ին Վիեննայում պայմանավորված վստահության ամրապնդման միջոցառումների՝ «փոքր քայլերի» վրա: Դրանում Վաշինգտոնը, փաստացի, առաջարկում է իր աջակցությունը:
 
Եւ ամենակարեւորը՝ վարչապետը սեփական անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքական քայլեր պետք է ձեռնարկի:
 
Հովսեփ Խուրշուդյան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play