Կառավարությունը ընտրել է քաղաքական որոշում կայացնելու ուղին` առանց ոլորտային մասնագետների ու փորձագիտական շրջանակների հետ լուրջ քննարկումներ անցկացնելու


Կառավարությունը ընտրել է քաղաքական որոշում կայացնելու ուղին` առանց ոլորտային մասնագետների ու փորձագիտական շրջանակների հետ լուրջ քննարկումներ անցկացնելու

  • 27-02-2019 06:57:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի քաղաքական օրակարգում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն է։ Հայտնի է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանում, որը կմեկնարկի մարտի 5-ին, խորհրդարանի քննարկմանն է ներկայացվելու «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով այդ նախագծով առաջարկվում է կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը՝ 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:
 
Նախագիծը հանրային եւ քաղաքական բուռն քննարկումների ու որոշակի դժգոհությունների պատճառ է դարձել։ Շատերի համար անընդունելի են առանձին նախարարությունների լուծարումը կամ նրանց միավորումը։ Որոշ բնագավառների պաշտոնյաներ եւս տարակուսած են, որ կառավարությունը պատշաճ կերպով չի հիմնավորում, թե ինչպես է նման փոփոխություններով հասնելու պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը: Դրա փոխարեն նա ընտրել է քաղաքական որոշում կայացնելու ուղին` առանց ոլորտային մասնագետների ու փորձագիտական շրջանակների հետ լուրջ քննարկումներ անցկացնելու։
 
Կա մասնագիտորեն ձեւակերպված կարծիք, որ Հայաստանի նման երկրում, որտեղ գյուղատնտեսության ճյուղում ներգրավված է ավելի քան 300 հազար մարդ կամ ամբողջ զբաղվածների ավելի քան 30%-ը եւ, բացի դրանից, երկրի ՀՆԱ-ի 19%-ը կազմավորվում է այդ ճյուղից, անթույլատրելի է առանձին գյուղատնտեսության նախարարության չգոյությունը։ Մշակույթի գործիչներն ու մասնագետները եւս իրենց ոլորտի կտրվածքով մոտավորապես նույնն են պնդում` համոզմունք հայտնելով, որ մշակույթի առանձին նախարարություն ունենալը պարտադիր է, քանի որ հայ ժողովուրդը, ըստ նրանց, հարուստ հոգեւոր ժառանգություն ունի, եւ հայոց պետությունը մշտապես աշխարհին պետք է ներկայանա մշակութային իր ուրույն դիմագծով։ Այս եւ նման այլ հիմնավորումներ ու տեսակետներ ամրապնդում են պետական կառավարողների անձեռնհասության մասին որոշ շրջանակներում, ինչպես նաեւ հանրության մեջ եղած տրամադրությունները:
 
Պետական կառավարման բարեփոխումների հարցն իսկապես առաջնային նշանակություն ունի մեզ համար։ Այդ գործում կառավարության կառուցվածքային փոփոխություններն անհրաժեշտություն են։ Հայաստանը պետք է գտնի արդյունավետ կառավարման կառուցվածքի այն մոդելը, որի միջոցով հնարավոր է առավել սեղմ ժամկետում, միջոցների առավել նպատակային օգտագործմամբ, մարդկանց առավել հաջող ներգրավմամբ՝ ապահովել առավել բարենպաստ նյութական ու ոչ նյութական արդյունքներ։ Գրեթե քառորդ դար մեր պետական մեքենան այդ խնդիրը լուծում է՝ առաջնորդվելով ոչ թե պետական, այլ նեղ անձնական ու խմբակային շահերով։ Արդյունքում տարիների ընթացքում գրվում են նոր սահմանադրություններ, փոխվում են օրենքներ, բայց առայժմ չենք կարողանում որոշակի ժամանակահատվածի համար պետական ապարատի կայուն կառուցվածք ստանալ։
 
Վերջին տասնամյակներում պետական մարմինների ու դրանց կառուցվածքային ստորաբաժանումների բազում կարգավիճակներ ենք ներմուծել` բոլորը թվարկել հնարավոր չէ։ Տողերիս հեղինակը կարողացավ մտաբերել հանրապետությունում առկա կառուցվածքային հետեւյալ կարգավիճակները. նախարարություն, հանձնաժողով, խորհուրդ, պալատ, ծառայություն, կոմիտե, դեպարտամենտ, վարչություն, տեսչություն, գործակալություն, աշխատակազմ, գրասենյակ, պետական ոչ առեւտրային կազմակերպություն, ծրագրերի իրականացման գրասենյակ, բաժին, բաժանմունք։ Բայց համոզված կարելի է պնդել, որ կլինեն նաեւ այլ կարգավիճակներ։ Ընդ որում` կառավարության կառուցվածքային փոփոխությունների նոր նախագծով եղածին ավելանալու է եւս մեկը՝ գլխավոր հանձնակատարի ինստիտուտը։ Միաժամանակ չմոռանանք նշել, որ կան կառույցներ, որոնք կարգավիճակային անուններ չունեն, բայց գործառութային իմաստով հանրաճանաչ պետական մարմիններ են, ինչպես, օրինակ, դատախազությունը կամ կենտրոնական բանկը։
 
Բացի կարգավիճակներից, կան նաեւ այլ հարցեր։ Օրինակ` պետական մարմինների ու ստորաբաժանումների աշխատակիցների թիվը համեմատած տվյալ կառույցի՝ պետական ապարատում զբաղեցրած կարգավիճակի հետ, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Այսպես` ուժայիններից հետո ամենամեծ կառույցի՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը) 700 է, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ 88: Կամ` փրկարար ծառայության աշխատակիցների թիվը 3.544 է, իսկ պետական արարողակարգի ծառայությանը՝ 28։ Հարց է մնում, թե ինչն է խանգարում, օրինակ, 40 հոգանոց որեւէ կառույց ոչ թե անվանել «կոմիտե», «ծառայություն» կամ «հանձնաժողով», այլ՝ ուղղակի «բաժին» եւ, ըստ այդմ, անցնել ավելի պարզեցված ու կանոնակարգված աշխատանքային տարիֆավորման։
 
Այս եւ նման կարգի շատ խնդիրներ կարիք ունեն իսկապես կանոնակարգման, հստակեցման, պարզեցման։ Պետության մեջ արդյունավետ կառավարման խնդիրը լուծելիս պետք է ընդգրկվեն հենց այնպիսի հարցեր, որոնք ոչ թե կապահովեն ձեւական լուծումներ՝ միավորելով կամ առանձնացնելով պետական մարմինները կամ ստորաբաժանումները, այլ ինստիտուցիոնալ բովանդակային աստիճանակարգության կենթարկեն դրանք։ Ու այդ ամենը կկատարվի որոշակի փիլիսոփայություն, նպատակներ ու գործառույթներ կենսագործելու ճանապարհով՝ ակնկալելով կոնկրետ արդյունքներ։ Այդ դեպքում մենք պարտադրված չենք լինի մեր վրա կրել անցյալի ավելորդ բեռը՝ տարիների ընթացքում կուտակված անտրամաբանական, ծախսատար ու բարդ կառուցվածքը, մեխանիզմները, հարաբերությունները։ Պետությունը կունենա հստակ չափանիշներ, թե ըստ առանձնացված գործառույթների, ինչպիսի կառույցներ պետք է ձեւավորել եւ ինչ կարգավիճակներ տալ դրանց, ինչքան հաստիքներ սահմանել, աշխատանքի արդարացի վարձատրության հաշվարկման ինչպիսի մեխանիզմ ներդնել, ինչպիսի աստիճանակարգության ենթարկել եղած կառույցները եւ այլն։
 
Այժմ Հայաստանի քաղաքական օրակարգում գտնվող` ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների գործընթացը դեռեւս շատ հեռու է պետական կառավարման համակարգի բարեփոխումներ համարվելուց։ Այն ընդամենը կառավարման մեջ եղած խնդիրների ժամանակավոր լուծում կարող է դառնալ, որի արդյունավետության հարցում, սակայն, կասկածներ ունեն շատ մասնագետներ։ Հայաստանը պետական կառավարման մեջ հիմնարար բարեփոխումների գնալու կարիք ունի, եւ այդ ամենը հնարավոր է միայն Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու միջոցով։ Կառավարությունն ի վիճակի չէ ինքնուրույն նման խնդիր լուծել։ Դա կնմանվի նախորդ հանցավոր վարչախմբերի գործելաոճին, որոնց ուղղակի ներգործության արդյունքում ունեցել ենք քաղաքական նեղ շահեր սպասարկող սահմանադրություններ։ Սահմանադրության փոփոխությունները միայն ողջ հանրության մասնագիտական ներուժի օգտագործմամբ կարող են ունենալ լայն հանրային աջակցություն։ Պետական կառավարման համակարգում միայն այդպես մենք կարող ենք ստանալ հնարավորինս կայուն ու գործունակ կառուցվածք եւ ունենալ պետական ապարատի արդյունավետ գործունեություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play