Նիկոլ Փաշինյանը ճակատագրական ընտրության առաջ


Նիկոլ Փաշինյանը ճակատագրական ընտրության առաջ

  • 08-03-2019 11:25:25   | Հայաստան  |  Վերլուծություն

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր այցը Բրյուսել եւ հայտարարել բարդ ընտրության մասին, որի առաջ հայտնվել է Հայաստանը:
 
Նրա խոսքով, Հայաստանը մի քանի «մեգանախագիծ» է տարել Բրյուսել, որոնք կարող են ներդրումներ ներգրավել եւ բազմաթիվ աշխատատեղեր ապահովել: Դրանք հիմնականում ճանապարհների, ջրամբարների, դպրոցների, կալանավայրերի շինարարություն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Եվրոպան պատրաստ է աջակցել այդ նախագծերին, պայմանով, որ Հայաստանը նույնպես միջոցներ ներդնի:
 
Հայաստանը որտեղի՞ց այդքան խոշոր միջոցներ ներգրավի: Կամ պետք է աճեն բյուջետային եկամուտները, որը երկար կտեւի, կամ էլ արտաքին ֆինանսավորում գտնվի վարկերի տեսքով: Բայց նոր վարկերի համար պետք է կարեւոր հարցեր լուծել, մասնավորապես, փոխել արտաքին պարտքի եւ ՀՆԱ հարաբերակցության շեմը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե կառավարությունը արտաքին պարտքի նպատակային օգտագործման երաշխիքներ տա, ՀՆԱ-պարտք հարաբերակցության շեմը կարելի է էականորեն բարձրացնել եւ նոր վարկեր ներգրավել:
 
Արտաքին պարտքը, իհարկե, կարեւոր խնդիր է, բայց մի կարեւոր հարց էլ կա, որի մասին Բրյուսելում, պետք է ենթադրել, խոսել են, բայց Փաշինյանը հազիվ թե հրապարակային անդրադառնար դրան: Արեւմտյան ներդրողներն ու ֆինանսական կառույցները բազմիցս ակնարկել են, որ քանի որ Հայաստանի ակտիվների մեծ մասը պատկանում է ռուսական պետական կորպորացիաներին, կստացվի, որ վարկերն ու ֆինանսական մյուս ներարկումները Ռուսաստանի օգտին կլինեն:
 
Իզուր չէ, որ արեւմտյան հանրության պահանջներից մեկը Հայաստանի տնտեսության ապամենաշնորհացումն է, եւ դա միայն Սամվել Ալեքսանյանին ու բանանի շուկային չի վերաբերում, այլ երկաթուղուն, գազին, էլետկրաէներգիային: Ակնհայտ է, որ Եվրամիությունը, որը մոտակա 10 տարիներին 14 միլիարդ եվրո է հատկացնելու Արեւելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքների զարգացման համար, չի կարող ներդրումներ անել Հայաստանի երկաթուղում, որովհետեւ այն կոնցեսիոն կառավարման է հանձնված Ռուսական երկաթուղուն:
 
Նույնը վերաբերում է գազին, էլեկտրաէներգիային, ատոմային էներգետիկային եւ այլն: Առայժմ «ազատ» են մնում միայն ավտոճանապարհները, բայց դա էլ միայն չինացիներին կարող է հետաքրքրել, որոնք նոր Մետաքսե ճանապարհ են կառուցում, իսկ եվրոպացիներին ու ամերիկացիներին այլ ոլորտներում ներդրումներն են հետաքրքրում:
 
Հայաստանը նորից բարդ ընտրության առաջ է՝ կամ հրաժարվել հնարավոր ներդրումներից ու մյուս ֆինանսներից, որոնք կարող են բարձրացնել տնտեսությունը, կամ էլ Ռուսաստանի առաջ հստակ հարցեր ենք դնում եւ պայմանագրերը վերանայում:
 
Նիկոլ Փաշինյանը հաճախ է բերում պատմական հերոսների՝ Գանդիի, Պապ թագավորի օրինակները, բայց հիմա երեւի ավելի շատ կսազեր Մովսեսի կերպարը, որ չնայած իր ժողովրդին 40 տարի պտտեցրել է անապատում, բայց հասել է իր նպատակին՝ «բաց թող ժողովրդիս»: Հայաստանը ճակատագրական կետի է հասել եւ պետք է կարեւոր ընտրություն անի՝ ոչ թե Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ, այլ ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ:
 
Ինքնիշխանությունը նախեւառաջ տարածվում է ազգային բարիքներն ու ռազմավարական ակտիվները տնօրինելու իրավունքի վրա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play