Լավրովի պլանը, եթե անգամ նման բան գոյություն է ունեցել, վաղուց է մերժվել


Լավրովի պլանը, եթե անգամ նման բան գոյություն է ունեցել, վաղուց է մերժվել

  • 11-03-2019 12:32:29   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը
 
-Պարոն Զոլյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ։ Արդյոք սրանով մերժվո՞ւմ է Ղարաբաղը բանակցություններին վերադարձնելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
 
-Մինսկի Խմբի համանախագահների հայտարարության մասին խոսելիս պետք է հիշենք մի կարևոր բան։ Համանախագահները միջնորդ են, այլ ոչ թե դատավոր, որը պետք է որոշի՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Նրանց խնդիրն այն է, որ երկխոսությունը ղարաբաղյան կարգավորման շուրջ պահպանվի, և այն, ինչ նրանք անում են, անում են՝ ելնելով այդ նպատակից։ Նրանց օրակարգը դա է։ Մենք ունենք մեր օրակարգը, և աշխատում ենք առաջ տանել մեր օրակարգը։
 
Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, ապա, ինչպես միշտ, դրա հեղինակները փորձել են հավասարակշռություն պահպանել։ Այսպես, նրանք խոսում են ռազմատենչ ռիտորիկան բացառելու, ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքները բացառելու մասին, ինչը պատասխան է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և զորավարժություններին։ Ինչ վերաբերում է Արցախի մասնակցությանը, որի հարցում նրանց մոտեցումը տարբերվում է մեր մոտեցումից, ապա այստեղ ևս ողբերգություն չեմ տեսնում, քանի որ մենք չէինք էլ սպասում, որ մեր դիրքորոշումը միանգամից, առանց երկարատև քննարկումների և դիվանագիտական աշխատանքի, բոլորը կընդունեն։ Ստեփանակերտը բանակցային սեղանին վերադարձնելը մի քանի օրվա կամ մի քանի ամսվա մեջ լուծվող խնդիր չէ։ Բայց, ամեն դեպքում, համանախագահները հաստատում են, որ շարունակելու են քննարկել խնդիրները Արցախի ղեկավարության հետ։ Իհարկե, Արցախի Հանրապետության անունը չի տրվում, բայց դիվանագիտական լեզվին տիրապետողների համար դա հասկանալի է։ Իհարկե, այս պրակտիկան վաղուց կար, բայց այն, որ այս հայտարարության մեջ այդ հանգամանքը շեշտվում է, պետք չէ թերագնահատել։
 
-Ի՞նչ է հաջորդելու սրանից հետո։ Արդյոք բանակցությունները կվերսկսվեն առանց ԼՂ-ի։
 
-Թե ինչ է լինելու հետո, կախված է շատ հանգամանքներից, եկեք չփորձենք կանխատեսումներ անել։ Մենք կարող ենք խոսել մեր օրակարգից և մեր դիրքորոշումից։ Ի սկզբանե, մենք ասել ենք, որ մենք բանակցությունների համար որևէ նախապայման չենք դնում և պատրաստ ենք բանակցել ցանկացած հարցի շուրջ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, բայց պատրաստ չենք բանակցել Արցախի Հանրապետության փոխարեն։ Ես չեմ կարծում, որ այս դիրքորոշումը կարելի է գնահատել որպես բանակցություններից հրաժարում, եթե այդպես են ասում, սա մանիպուլյացիա է։ Ինչ վերաբերում է Արցախի անմիջական մասնակցությունն ապահովելուն, ապա, ինչպես ասացի, դա երկարատև և դժվարին գործ է։ Բայց ինձ համար կարևորն այն է, որ ոչ համանախագահների, ոչ էլ Ադրբեջանի հայտարարությունների մեջ այդպես էլ չհնչեց որևէ տրամաբանական հակափաստարկ մեր դիրքորոշման դեմ։ Երբ մենք ասում ենք, որ Արցախի քաղաքացիներն ունեն իրենց կողմից ընտրված ներկայացուցիչներ, և միայն այդ ներկայացուցիչները կարող են ներկայացնել իրենց շահերը, այս փաստարկը որևէ ձևով չի հերքվել։ Եթե գործընթացի մասնակիցները իրոք ուզում են, որ կարգավորման գործընթացում ինչ-որ դրական տեղաշարժ լինի, պետք է այն ընդունեն։
 
-Պարոն Զոլյան, նախորդ վարչակարգի ներկայացուցիչները սա ձախողում են համարել։ Ինչո՞վ եք սա բացատրում։
 
-Նախորդ վարչակարգի ներկայացուցիչները ցանկացած բան ձախողում են համարում։ Կարծում եմ՝ էմոցիոնալ առումով դա միանգամայն հասկանալի է, ի վերջո, նրանք ծանր հոգեբանական շոկ են ապրել հեղափոխության արդյունքում, և մինչև հիմա դրա հետևանքներից չեն կարողանում ազատվել։ Արդեն բոլորս սրան սովորել ենք, և նման հայտարարություններն արդեն լուրջ չեն ընկալվում։ Բայց Արցախի հարցում նման շահարկումները հատկապես անտեղի են, քանի որ այստեղ մենք գործ ունենք հենց իրենց թողած  ծանր ժառանգության հետ։ Չնայած իրականում, եթե ավելի լայն նայենք, նույնը կարելի է ասել նաև ցանկացած այլ ոլորտի մասին։
 
-Տեսակետ կա, որ այս հայտարարությամբ շրջվեց ռուսական լավրովյան պլանը, և որ մերժվեց Ալիևի ու Կրեմլի՝ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը։ Համամի՞տ եք արդյոք։ Եվ ի՞նչն էր այս հայտարարության մեջ ամենակարևորը, ըստ Ձեզ։
 
-Ես կարծում եմ, որ լավրովյան պլանը, եթե անգամ նման բան իրոք գոյություն է ունեցել, վաղուց է մերժվել։ Ավելին, կարծում եմ, այսօր բոլորին է ակնհայտ, որ «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը ոչ միայն երբևէ ընդունելի չի եղել ոչ Երևանի եւ ոչ էլ Ստեփանակերտի համար, այլև այդ բանաձևն անիրատեսական է և վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Եկեք չմոռանանք, որ 1994 զինադադարը արդեն քառորդ դար է, ինչ պահպանվում է։ Իհարկե, այս տարիների ընթացքում եղան բազմաթիվ միջադեպեր, եղավ 2016 թ․ քառօրյա պատերազմը, բայց այդ ամենը հենց ստատուս քվոն ճնշումների եղանակով փոխելու փորձերի հետևանք էր։ Եվ եթե համեմատենք մեր իրավիճակը մեզնից ոչ հեռու որոշ տարածաշրջաններում տեղի ունեցած պատերազմների և ճգնաժամերի հետ, կհասկանանք, որ հավասարակշռությունը Արցախի շուրջ պահպանվում է և բավականին կայուն է։ Հետևաբար, որևէ քայլ, անգամ ամենափոքր քայլը, որը կխախտի այդ հավասարակշռությունը, կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիայի, ինչը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Պետք է կարողանանք այս պարզ իրողությունը հասցնել մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ միջնորդ երկրներին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ