Շահագործման է հանձնվել Ոսկեվանի մանկապարտեզը արևային ջրատաքացուցիչ համակարգը


Շահագործման է հանձնվել Ոսկեվանի մանկապարտեզը արևային ջրատաքացուցիչ համակարգը

  • 22-03-2019 15:53:09   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարևոր նպատակ: Գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հերթական արդյունքն են արձանագրել այդ ուղղությամբ: Ամիսներ առաջ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի մանկապարտեզում աշխատանքներ էին իրականացվում. ջեռուցման ավանդական համակարգը համալրվում էր նոր տեխնոլոգիաներով: Աշխատանքներն արդեն ավարտվել են. արևային ջրատաքացուցիչ համակարգը պատրաստ է շահագործման:
 
13,8 ԿՎտ/ժ հզորությամբ գործող արևային ջրատաքացուցիչ համակարգը կարևոր ձեռքբերում է սահմանապահ գյուղի համար: Մինչև արևային համակարգի շահագործումը, հինգ տարի շարունակ, ջեռուցվել է մանկապարտեզի շենքի միայն մեկ հարկը: 50-60 սանի փոխարեն, սպասարկվել է 30 սան: Այժմ հնարավոր կինի ջերմություն ապահովել շենքի ամբողջ տարածքում, ընդ որում՝ զգալիորեն տնտեսված միջոցներով: Ջեռուցման ծախսը կկրճատվի առնվազն 40%-ով: Տեղադրվել է նաև 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք. մանկապարտեզում օգտագործվող տաք ջուրն այսուհետև հնարավոր կլինի ստանալ առանց հավելյալ ծախսերի:
 
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանն ու մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը:
 
«Մենք ապրում ենք մի երկրում, որի հանդեպ բնությունն առատաձեռն է գտնվել: Մեզ բաժին հասած արևը հարկավոր է օգտագործել: Նոր տեխնոլոգիաների կիրառումը դա թույլ է տալիս: Այդ լուծումը բխում է նաև մեր երկրի շահերից: Տարիներ շարունակ իրականացված ծրագրերի արդյունքում եկել ենք այն համոզմանը, որ արևային էներգիայի կիրառումն արդյունավետ է և՛ բնապահպանական և՛ տնտեսական առումով: Կարող եմ արձանագրել, որ գործընկեր կառույցի հետ արդեն հերթական դարձած ձեռքբերում ունենք ևս մեկ սահմանապահ գյուղում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է ամբողջ աշխարհում: Գործընկեր կառույցները ևս, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում, հասցրել են համոզվել դրանում: Նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս կրճատել համայնքի ծախսերը: Ծրագրի բնապահպանական և տնտեսական արդյունավետությունը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել հատկապես սահմանապահ գյուղերին: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն