Սամվել Բաբայանն ու Վիտալի Բալասանյանը շեղվել են ճանապարհից. Վահան Բադասյան


Սամվել Բաբայանն ու Վիտալի Բալասանյանը շեղվել են ճանապարհից. Վահան Բադասյան

  • 03-04-2019 12:57:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

 

- Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Վիտալի Բալասանյանի հայտարարությունը,  որ ունենք մեկ հայրենիք ու երկու հայկական հանրապետություն, և որ իր համար դրանք հավասար հարթության վրա են։
 
 - Արցախի շուրջ ներքին խմորումները զարգանում են և իհարկե, կան, այսպես կոչված, ի հայտ եկած քաղաքական գործիչներ, որոնք նախկինում ունեցել են համբավ և հիմա սկսել են Արցախի ու արցախյան հարցի դեմ հայտարարություններ անել։ Սամվել Բաբայանը հայտնի է որպես ազգային հերոս, հրամանատար, բայց ինքը շեղվեց, երբ հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ռուսաստանի մանդատի տակ։ Սա, իհարկե, քաղաքական մեծ սխալ էր, եթե մեղմ ասենք։ Իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով, սա կամ քաղաքական տհասություն է, կամ դիտավորյալ հարցին ապազգային կողմնորոշում տալու մոտեցում։ Այլ որակում ես չեմ կարող տալ։ Հիմա էլ Վիտալի Բալասանյանը, լինելով նախկին ռեժիմի մասնակիցներից մեկը, հետո հուրախություն մեզ և ի պատիվ իրեն, 2004-2013 թվականներին ընդդիմադիր էր ու դեմ էր ռեժիմին, բայց ցավոք, չդիմացավ, գայթակղվեց, ու 2014-2015 թվականներին շեղվելով իր քաղաքական կուրսից, սկզբունքներից, նորից հայտնվեց ռեժիմի ճիրանների մեջ և առայսօր շարունակում է մնալ կցորդն ու շահարկուն Հայաստանի նախորդ ռեժիմի և Արցախի իշխանության, որը նույնպես ռեժիմի կցորդն էր։ Ես չեմ ուզում, որ ամբողջ հայ ժողովուրդը Վիտալի Բալասանյանի ասածն ընկալի որպես արցախցիների կամ հայ ժողովրդի կարծիք։ Ով այդպիսի բան ասի, ես շատ կոպիտ ձևով ու համարժեք պատասխան եմ տալու, որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական տհասություն։ Մենք պետք է ձգտենք, որ ունենանք մեկ պետություն։ Մենք այսօր փաստացի ունենք մեկ հայրենիք, մեկ պետություն, մեկ ազգ։ Մենք միավորված ենք, միացած ենք, մնում է դե յուրե ձևակերպենք Արցախի միացումը Հայաստանին։ Մենք հիմա փորձում ենք միջազգային հանրությանը մատչելի ձևով դա բացատրել, քանի որ դա է ճշմարտությունն ու պատմական արդարությունը։ Վիտալի Բալասանյանի այդ հայտարարությունն իր վտանգներն ունի, քանի որ այստեղ ողջ հայ ժողովուրդն է, որ արդեն երեք տասնամյակ ազատագրեց ու պաշտպանեց Արցախը:
 
- Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ «Սասնա ծռերի» գործողությունը ահաբեկչական գործողություն է, որովհետև, նրա խոսքով, այդ մարդիկ առ այսօր գոնե չեն զղջացել իրենց արարքի համար։ Համամի՞տ եք։
 
- Վիտալի Բալասանյանն ասաց, որ Բերձորում ջարդի մեղավորները «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն են՝ նկատի ունենալով ավտոերթի մասնակիցներին՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։ Նա ասաց, որ իբր հայհոյել են, դրա համար ստացել են համարժեք պատասխան։ Ես հայտարարում եմ, որ դա սուտ է։ Նա ուզում է դրանով բոլորին շեղել, ուզում է խեղաթյուրել իրականությունը, որովհետև իշխանությունները դեռ պատասխանը ստանալու են Բերձորում կատարվածի համար։ Ես դա համոզված եմ ասում։ Որոշ պաշտոնյաներ բանտ են նստելու հենց այդ արածների համար, որովհետև այդտեղ պարզ երևում է, որ տեղի ունեցածը վանդալիզմ է։
 
Հաջորդը, նա «Սասնա ծռերի» զինված խումբն անվանում է ահաբեկիչներ։ Ես ուզում եմ հիշեցնել Վիտալի Բալասանյանին, որ այդ օրերին ինքն ընդամենը սպասարկել է Սերժ Սարգսյանի ռեժիմին, ինձ համար գոնե անսպասելի ձևով։ Ես միշտ պատասխանատու ձևով ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ «Սասնա ծռերի» արածը անձնազոհություն էր։ Ռեժիմի դեմ զենքով դուրս գալը որպես ապստամբություն ամրագրված է միջազգային օրենքներով։ Ընդհանրապես, մարդկային լեզվով դա արդարացի է, որովհետև այլ ելք չկար, քան վերցնել զենքը։ Ես չեմ ուզում փորփրել, բայց մարդկության պատմությունը շատ նման օրինակներ ունի։ Վիտալի Բալասանյանը խոսում է 3 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին՝ մատնանշելով զոհված ոստիկանների փաստը, բայց ես, հարգելով ոստիկանների հիշատակը, պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ երկու ոստիկաններին սպանել է ռեժիմը, իսկ մեկ ոստիկանն էլ զոհվել է ռեժիմի մեղքով, որովհետև նրան հանձնարարել են, որ կրակի ապստամբ խմբի վրա։ Բայց չէ՞ որ 3 հազարից ավելի ոստիկան կար շրջապատած, բայց ոչ մեկը զենք չի վերցրել և ուղիղ չի կրակել ապստամբների վրա։ Իսկ այդ ոստիկանը կրակել է և փոխադարձ կրակոցներից դժբախտաբար զոհվել է։ Դա դժբախտ դեպք էր, ոչ թե մտադրված սպանություն կամ ահաբեկչություն։ Ահաբեկչությունը տարիներ շարունակ ռեժիմի արածն է ժողովրդի հանդեպ, և պատահական չէ, որ ժողովրդի էլիտան, մտահոգ հատվածը աջակցեց «Սասնա ծռերի» այդ խմբին։ Այսինքն նրանց արածը ահաբեկչություն չէր։
 
Վիտալի Բալասանյանի ասածները չեն բխում ճշմարտությունից։ Նա նորից փորձ է անում դուրս գալ ասպարեզ, հատկապես ելնելով նրանից, որ «Սասնա ծռեր» խումբը, որ կուսակցություն են հիմնադրել, վերջին ժամանակներում իր կատարած քաղաքական սխալների պատճառով աջակցություն չի ունենա այլ ուժերի կողմից, այդ թվում մեր կողմից։ Բայց Վիտալի Բալասանյանը մոռանում է, որ թե ես, թե Ժիրայր Սեֆիլյանը զինվորականներ ենք, թե Վարուժանը, թե Պավլիկը, թե մյուսները, ազգի զինվորներն ենք և մենք անձնական շահերից ելնելով չէ, որ առանձնացած ենք իրարից։ Մենք տեսակետների ու հայացքների պատճառով ենք իրարից հեռացել, սակայն  հայրենիքի վտանգի պահերին և հատկապես այսպիսի իրավիճակներում մենք միշտ կարող ենք համախմբվել, միասնաբար գործել և ընդհանուր զարկ տալ այն մարդկանց, որոնց մոտեցումները տանում են դեպի ապազգային զարգացում։ Դա Վիտալի Բալասանյանի և նրա նմանների մտածելակերպն է, և մենք պարտավոր ենք միավորվել ու միասնական պատասխան տալ, որ նման մտքեր չծնվեն։ Ի՞նչ է նշանակում՝ «Սասնա ծռերը» թող չհատեն Արցախի սահմանը։ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է և ի՞նչ է նա մտածում այն տղաների մասին, որոնք գալիս ու ծառայում են Արցախում ու պաշտպանում են նաև Վիտալի Բալասանյանի անդորրը։ Ի՞նչ պետք է մտածեն այդ տղաների ծնողները, ի՞նչ պետք է մտածեն այն մարդկանց հարազատները, որոնք վերջին տասնամյակներում զոհվել են Արցախի ազատագրության և մայր Հայաստանի միացման համար։ Չէ՞ որ մեր ամբողջ պայքարի նպատակը մայր Հայաստանի հետ միացումն է։
 
Ո՞վ է թույլ տվել նրան ընդհանրապես շարունակել իր պաշտոնավարումը։ Ի՞նչ իրավունք ունեն այսօրվա վերնախավի ներկայացուցիչները հայտ ներկայացնելու Արցախի հետագա ղեկավարման հարցում։ Միթե մենք չպետք է միավորվենք ու վերջապես ձերբազատվենք նման մարդկանցից։ Շատերը կասեն, թե ես հերոսի դեմ եմ խոսում։ Իհարկե, Վիտալի Բալասանյանը ունի հերոսական էջեր, բայց, ցավոք սրտի, այն մարդկանցից է, որ շեղվեց, գնաց դեպի նյութականը, պաշտոնը ու սկսեց սպասարկել ռեժիմին։ Ես ցավ եմ ապրում դրա համար, բայց միաժամանակ կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը չհուսահատվել, նաև բոլորին եմ կոչ անում չհուսահատվել, որովհետև, որքան էլ հակառակորդներ լինենք, մենք ամեն ինչ անելու ենք, որ հաղթանակի այն գաղափարը, որով կամրագրվի Արցախի միացումը Հայաստանին։ Մենք ունեցել ենք, ունենք և կունենանք մեկ հայրենիք, մեկ պետություն։ Արցախը Հայաստանի մաս է և վերջ։
 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ