Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի Հայոց թեմի ուխտավորների հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի Հայոց թեմի ուխտավորների հետ

  • 13-05-2019 11:05:00   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտավորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:
 
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին իր հայրական հոգևոր խնամքի և ուշադրության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց Գերմանիայի շուրջ տասը հայկական համայնքներից եկած ուխտավոր հայորդիներին` հայցելով Հայոց Հոր օրհնությունը:
 
Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ` հաստատելով, որ Գերմանիայի Հայոց թեմն ու հայկական համայնքները շնորհիվ հայորդյաց զորավոր հավատքի ավելի են զորանում և ամրապնդվում: 
 
Գոհունակությամբ նշելով, որ թեմն ի դեմս նորաօծ Սերովբե Սրբազանի ունեցավ իր եպիսկոպոս առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին զորավիգ լինել առաջնորդ Սրբազանին, նվիրումով և սիրով աջակցել նրան իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման:
 
Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին մաղթեց մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ և Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ արդյունավորել իրենց կյանքը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն