Որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ. պատճառված վնասն էլ կազմում է շուրջ 1.6 մլրդ դրամ


Որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ. պատճառված վնասն էլ կազմում է շուրջ 1.6 մլրդ դրամ

  • 04-06-2019 17:15:10   | Հայաստան  |  Իրավունք

Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության  համար պատասսխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է:
 
Մասնավորապես «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման վրա տարատեսակ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել անտառային ֆոնդի պահպանության լիազորություններով օժտված 20 պաշտոնատար անձանց:
 
Ինչպես բազմիցս տեղեկացվել է, «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ 2017թ. ապրիլի 18-ին ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:
 
Նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և քննչական մարմնի կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են 2016-2018թթ. ընթացքում «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր և միացվել վերոնշյալ քրեական գործին:
 
Քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ նշված ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի, անտառապետերի, անտառապահների կողմից՝ իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի, անտառահատման դեպքերը բացահայտելու, սահմանված ընթացակարգերը, իրենց պարտականությունները պատշաճ չիրականացնելու միջոցով: Մասնավորապես ապօրինի ծառահատումներ կատարված լինելու պայմաններում կազմվել են անտառային ֆոնդի պահապատասխան պահաբաժինների ընդունման-հանձնման կեղծ արձանագրություններ, ինչպես նաև ապօրինի ծառահատումների փաստերը թաքցնելու նպատակով չեն արձանագրվել ապօրինի հատված ծառերի կոճղերը:
 
Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև տվյալ անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված վերոնշյալ հանցագործությունները կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել թվով 20 անձ, այդ թվում՝ անտառտնտեսության տնօրենի մեկ տեղակալ, 2 անտառապետ, տարբեր տեղամասերի 17 անտառապահ: Նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ, պաշտոնեական անփութություն կատարելու համար:
 
Պարզվել է, որ նշված սխեմատիկ կոռուպցիոն հանցավոր դրսևորումների, ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6 մլրդ դրամ:
 
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:
 
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play