Արդեն ուշ է. ՀՀԿ-ի ճակատագրական ընտրությունը


Արդեն ուշ է. ՀՀԿ-ի ճակատագրական ընտրությունը

  • 06-07-2019 11:52:04   | Հայաստան  |  Վերլուծություն

Ես ափսոսում եմ, որ կողմ եմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նախագահ Սարգսյանի ներկայիս գործունեությանը եւ հանգամանքին, որ նա գործընկերություն է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
 
ՀՀԿ խոսնակի ափսոսանքը թերեւս անկեղծ է: Բայց, ամբողջ հարցն այն է, որ կարող է չլինել լիարժեք: Տվյալ պարագայում ափսոսանքը, բացի զգացմունքային կատեգորիա լինելուց, նաեւ քաղաքական է: Բանն այն է, որ ՀՀԿ խոսնակը չուներ Արմեն Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկելու հնարավորություն: Այսինքն, ափսոսանքն ինչ որ իմաստով վերացարկվում է, որովհետեւ ափսոսա, թե ոչ, Էդուարդ Շարմազանովը չէր կարող քվեարկել այլ կերպ, քան կողմ քվեարկությունը: Եվ դա ոչ միայն նրա պարագայում: Որեւէ մեկը դեմ չէր կարող քվեարկել, որովհետեւ թեկնածությունն առաջադրել էր Սերժ Սարգսյանը եւ համենայն դեպս որեւէ կերպ չէր ակնարկել, որ հնարավոր է կամ կարելի է նաեւ քվեարկել դեմ:
 
Դա մոտավորապես նույնն է, որ ՀՀԿ-ականները 2015 թվականի փետրվարի «ափսոսային», որ մինչ այդ ասել էին պարոն Ծառուկյան եւ ոչ թե այնպես, ինչպես մեկ հրահանգով սկսեցին կոչել ԲՀԿ նախագահին փետրվարի 12-ի երեկոյան ՀՀԿ նիստի ընթացքում եւ դրանից հետո:
 
Չէին կարող ափսոսալ, որովհետեւ չէին կարող չասել պարոն Ծառուկյան, քանի դեռ այդպես էր Սերժ Սարգսյանի կամքը:
 
Իհարկե, այնպես չէ, որ Սարգսյանի կամքն Աստվածային էր ՀՀԿ համար: Բացարձակապես: Պարզապես գործարքային: Բայց եթե ՀՀԿ-ն իշխանության եւ պետական ամբողջ պատասխանատվությունը դրել էր Սերժ Սարգսյանի վրա եւ պարտադրել նրան կրել այն, միաժամանակ իր վրա կրելով նաեւ պետության ու ազգի «թիվ մեկ թշնամի» տիտղոսը, դրա դիմաց ստանձնել էր պարտավորություն հավանության արժանացնել այն ամենը, ինչ կներկայացներ Սերժ Սարգսյանը:
 
Ըստ այդմ, եթե ափսոսալ, ապա այդ զգացումի լիարժեքության համար պետք է ափսոսանքը սկսի 2006 թվականի հուլիսից, երբ ՀՀԿ-ում հատուկ Սերժ Սարգսյանի համար վերականգնվեց Խորհրդի նախագահի պաշտոնը, որով ՀՀԿ-ն հերթական անգամ իր առաջնորդին փոխեց իշխանության երաշխիքի հետ: Մեկ տարի անց իհարկե հերթական անգամ այդ փոփոխությունը ստացավ ողբերգական երանգ՝ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելը արագացրեց եւ այսպես ասած ամբողջացրեց այդ փոփոխությունը:
 
Կուսակցական այդ «էվոլյուցիան» եւ փաստացի ճակատագրա-հոգեբանական նույնականացումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի աչքի առաջ, որը ՀՀԿ միջոցով ստանձնելով իշխանությունը, արեց հնարավոր ամեն ինչ՝ այն ՀՀԿ միջոցով չպահելու համար: Որովհետեւ Սարգսյանը բավական դիպուկ արձանագրել էր «օրինաչափությունը»՝ կամ ինքը ՀՀԿ-ն կհեռացնի իշխանությունից, կամ  ՀՀԿ-ն կհեռացնի իրեն՝ նվազագույնը իշխանությունից, առավելագույնը՝ ըստ իրավիճակի:
 
Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը ՀՀԿ-ն իշխանությունից հեռացնելու քայլերի եւ տրամաբանության շարքում էր: Հենց դրա համար էր Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում անհրաժեշտ այդ կալիբրի գործիչ՝ ՀՀԿ-ին հակակշռելու համար: Առավել եւս, որ ՀՀԿ օրակարգում առնվազն հայտնվել էր Սերժ Սարգսյանին փոխելու հարցը, եթե Կարեն Կարապետյանը լիներ փոքր ինչ քաղաքական եւ վճռական:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն