Եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները


Եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները

  • 09-07-2019 17:55:48   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչևային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) և Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի և Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ: 
 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է փորձագիտական այս կազմի հետ հանդիպումը և եվրոպացի գործընկերներին ընդհանուր գծերով ներկայացրել է Նախարարության՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները՝ ընդգծելով, որ մինչ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագծի մշակումը՝ դրա վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները քննարկվելու են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործիքակազմերին, պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,   ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը և այլ հարցերի:
 
Նշենք, որ առաջիկա երկու օրերին ևս Արդարադատության նախարարության ղեկավար անձնակազմը կշարունակի աշխատել եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ՝ դատաիրավական բարեփոխումների ճանապարհային քարտեզը պատրաստելու ուղղությամբ:  
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play