ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է այլ պետություններում ՀՀ<br /> դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին<br />


ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է այլ պետություններում ՀՀ
դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

  • 03-09-2009 17:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 2-ին ծրագրային ելույթով հանդես է եկել այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքում: Ինչպես հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ.Հակոբյանը նշել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը մոտ մեկ տարվա իր աշխատանքի ընթացքում արտգործախարարության հետ համագործակցելու որեւէ խնդիր չի ունեցել: Նա ներկայացրել է ՀՀ Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները եւ առաջարկել կարեւոր ծրագրեր, որոնք ՀՀ դեսպանությունների հետ համագործակցությամբ պետք է իրականացվեն Սփյուռքի համայնքներում: Որպես Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության հստակ զարգացում` նա կարեւորել է ՀՀ Սահմանադրությունում «հայկական Սփյուռք» հասկացության ամրագրումը, օրենսդրությունում երկաքաղաքացիության ինստիտուտի սահմանումը եւ դրա կիրարկման իրավական հիմքերի ստեղծումը, «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման» հայեցակարգի իրականցումը: Նախարարարության առաջնային խնդիրներն են հայապահպանությունը, հայ ներուժի հայտնաբերումը, հայրենադարձության խթանումը: Նախարարը դիվանագետներին է ներկայացրել Սփյուռքի համայնքների տվյալների շտեմարանների ձեւավորման, գաղթօջախների պատմության ուսումնասիրման, համահայկական խորհրդաժողովների կազմակերպման, Սփյուռքի համայքներին աջակցության համալիր ծրագրերը եւ նախագծերը, խոսել սփյուռքահայ երիտասարդների Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագրի, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի ու տեսակոնֆերանսների ծրագրերի արդյունավետության մասին: Հ.Հակոբյանը կարեւորել է Սփյուռքի չկազմակերպված համայնքների կազմակերպման, հայկական մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնման, ուսուցման որակի բարձրացման, «հայ ոգին աշխույժ պահելու համար» մշակութային ծրագրերի ընդլայնման խնդիրները: Նա դիվանագետներին առաջարկել է սատարել Սփյուռքի նախարարության բարեկամների խորհուրդների ձեւավորմանը` նշելով, որ այդ կառույցներն իրենց հերթին կհեշտացնեն դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը: ՀՀ Սփյուռքի նախարարը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ապագայում կկազմավորվի ամբողջ հայության ներկայացուցչական մարմին` Ազգային խորհուրդ: Հրանուշ Հակոբյանը նաեւ պատասխանել է դիվանագետների հարցերին:
Նոյյան տապան  -   Քաղաքական