Սնանկության ոլորտը կբարեփոխվի


Սնանկության ոլորտը կբարեփոխվի

  • 06-08-2019 12:48:44   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է սնանկության համակարգի շարունակական բարեփոխման պարտավորություն: Որպես այս շարունակական գործընթացի մաս` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարում» հիմնադրամի աջակցությամբ, իրականացվել է «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիրը: Վերջինի գործընկերներն են Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությունները: 
 
Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի հիմնախնդիրները: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ  և գործողությունների ծրագիր՝ սնանկության ոլորտի համապարփակ բարեփոխումների օրակարգի մշակմանը աջակցելու նպատակով: Մշակվել է նաև սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը:
 
Վերջինով նախատեսվել է, որ սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը ապահովելու է սնանկության վարույթի հետ կապված գործընթացների  թվայնացումը՝ սկսած սնանկության վարույթի հարուցումից, մինչև սնանկության  գործի ավարտը: Հարթակի միջոցով իրականացվելու են սնանկության վարույթի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, ծանուցումները, տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև վիճակագրական տվյալների հավաքագրումը:
 
Վարույթի մասնակիցները հնարավորություն են ունենալու հետևել վարույթի ընթացքին, դատարանն ունենալու է վարույթը էլեկտրոնային եղանակով կառավարելու հնարավորություն. սնանկության կառավարիչների ընտրության և  նշանակման գործընթացը նույնպես կիրականացվի հարթակի միջոցով: Այն հնարավորություն է տալու ստեղծել հատուկ միջավայր, պարտատերերի առցանց ժողովների իրականացման և քվեարկության անցկացման համար: Սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը կնպաստի վարույթի մասնակիցների իրավունքների  արագ և արդյունավետ իրացմանը, վարույթի ծախսատարության և տևողության նվազեցմանը, սնանկության կառավարիչների հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play